«Հայ-ռուսական միացյալ զորամիավորման համաձայնագրով գործ ունենք պարզ օկուպացիայի հետ, սա ևս մեկ շերտ զսպաշապիկ է». Ռուբեն Մեհրաբյան

30-11-2016
23260 դիտում
«Հայ-ռուսական միացյալ զորամիավորման համաձայնագրով գործ ունենք պարզ օկուպացիայի հետ, սա ևս մեկ շերտ զսպաշապիկ է». Ռուբեն Մեհրաբյան

«Հայ-ռուսական միացյալ զորամիավորման համաձայնագրով գործ ունենք պարզ օկուպացիայի հետ, և սա ևս մեկ շերտ զսպաշապիկ է, որը հագցրել են Հայաստանի վրա: Դա կաշկանդում է Հայաստանին իր միջազգային հարաբերություններում»,-նման կարծիքին է վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը, ով «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձավ այսօր ստորագրված փաստաթղթի վտանգներին:

Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով այս օրերին պաշտոնական այցով Ռուսաստանում է, նոյեմբերի 30-ին ռուս գործընկերների հետ ստորագրել է հայ-ռուսական միացյալ զորամիավորում ստեղծելու մասին համաձայնագիրը: Ըստ տեղեկությունների՝ այս փաստաթղթով Հայաստանի բանակային կորպուսներից մեկը՝ հինգերորդ կորպուսը, ներառվելու է միացյալ զորախմբում: Փորձագետները Հայաստանի ինքնիշխանության համար վտանգ են տեսնում այս համաձայնագրում: 

Այս զորամիավորման ստեղծման մասին հայտնի դարձավ վերջերս, ռուսական պաշտոնական աղբյուրը տեղեկացրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել Հայաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելու՝ Ռուսաստանի կառավարության առաջարկին:
Անդրադառնալով այս համաձայնագրին՝ Սերժ Սարգսյանն ասել էր, թե զորմիավորումը նորություն չէ, այն ստեղծվել էր դեռևս 90-ական թվականներին:

«Սա զարգացում է, դրական զարգացում, որովհետև պարբերաբար համալրվում է նաև մեր ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական համագործակցությունը։ Այսինքն` սա լավ նորություն է, իսկ մենք աշխատելու ենք այնքան ժամանակ, մինչև այդ միավորված խմբավորումը դառնա այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում»,- «Ռոսիա սեգոդնյա»-ին տված հարցազրույցում ասել էր Սերժ Սարգսյանը:

Միաժամանակ, Սերժ Սարգսյանը նշել էր, որ հայկական կողմը մանրամասն կուսումնասիրի այն փոփոխությունները, որոնք առաջարկում է ՌԴ նախագահը:

«Ռուսաստանի հետ ցանկացած թուղթ ստորագրելը դա արդեն ոտքից գլուխ վտանգ է: Իսկ այն համաձայնագրերը, որոնք վերաբերում են անվտանգության ոլորտին, դրանք կենսական աստիճանի վտանգ են պարունակում»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Նա հավելում է. «Հետևաբար, ես այստեղ որևէ օգուտ Հայաստանի համար չեմ տեսնում, որովհետև եթե, պայմանականորեն ասած, Հայաստանը մեկ միավոր օգուտ էլ ունենա, ապա դա կլինի միայն 10 միավոր վնասի դիմաց: Ռուսաստանն այլ կերպ չի աշխատում, ուղղակի այդ մեխանիզմն աշխատանքի այլ ձև չունի: Գոնե անցած 25 տարվա պատմությունը դա է ցույց տալիս»:
Հարցին, թե ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները անընդհատ ինչ-որ փաստաթղթեր ստորագրում Ռուսաստանի հետ, որոնցից ոչ թե օգուտ, այլ վնաս է բխում, չեն կարողանո՞ւմ դիմակայել ռուսական ճնշումներին, վերլուծաբանը պատասխանեց, որ չեն կարողանում դիմակայել, դա փաստ է:

«Երկրորդ պատճառն այն է, որ նաև չեն էլ ուզում դիմակայել: Ի վերջո չմոռանանք նշել, որ նմանատիպ պայմանագիր Ռուսաստանը վերջերս կնքեց, այսպես կոչված, Աբխազիայի հետ, որը ճանաչված չէ: Եվ մենք տեսնում ենք, թե դա ինչի է հանգեցնում: Դա բերում է նրան, որ Աբխազիան, որն իբր պայքարում էր իր անկախության համար, լիովին վերածվել է Ռուսաստանի գաղութի: Եվ նույնիսկ այն անկախության նշույլները, որ փորձել էր ձեռք բերել Աբխազիան, այսօր Ռուսաստանը մեկ գրչի հարվածով ուղղակի պռավալ տվեց»,- ասում է Մեհրաբյանը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ այդ համաձայնագրի հիմնական նպատակը Ռուսաստանի ու Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիան կանխելն է, դա վնաս չէ մեր երկրի ինքնիշխանությանը:

Ռուբեն Մեհրաբյանը նկատում է, որ մինչ այսօր ինչ զիջվել է Ռուսաստանին, մենք տեսել ենք, որ դա վնասից բացի այլ բանի չի հանգեցրել: Բայց իշխանությունները միշտ տվել են նման չակերտավոր գիտահետազոտական բացատրություններ, թե վնաս չկա:

«Եվ այդ բացատրությունները որևէ լրջության տարր իրենց մեջ չեն պարունակում, ընդամենը քարոզչական հռետորաբանություն են, որի հիմքում իրականության հետ որևէ կապ չկա: Ես վստահ եմ, որ դա վնաս է Հայաստանին: Ռուսաստանը հիմա ոչ միայն ոտնձգություն է անում Հայաստանի անկախության դեմ, այլևս ձգտում է դա ձևակերպել իրավաբանորեն: Նույնիսկ նախկին նմանօրինակ դեպքերին էլ կարելի է չանդրադառնալ, սա ուղղակի փաստ է»,- հավելեց Մեհրաբյանը:

Նա նշում է, որ այս համաձայնագիրն ուղղակիորեն ԵՏՄ-ի հետ կապ չունի, բայց տրամաբանությունը նույնն է:

«Մինչև հիմա Ռուսաստանում շարունակում են անկախ Հայաստանի Հանրապետությունը համարել ինչ-որ մի թյուրիմացություն, որը պետք է շատ արագ լիկվիդացնել: Եվ այսօր փաստացի ռուսները դա էլ անում են»,- կարծում է նա:   

Էմմա Մանուկյան

MediaLab.am