«Եթե մենք Ադրբեջանին զիջենք այդ յոթ շրջանները, դա ոչ թե կամրապնդի խաղաղությունը, այլ կբերի պատերազմի». Արա Պապյան

02-12-2016
21022 դիտում
«Եթե մենք Ադրբեջանին զիջենք այդ յոթ շրջանները, դա ոչ թե կամրապնդի խաղաղությունը, այլ կբերի պատերազմի». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

-Պարոն Պապյան, վերջին շրջանում իշխանություների վարած քաղաքականությունը, նաև «1000 դրամի» նախաձեռնության շուրջ ստեղծված իրավիճակը հիմք են տալիս ենթադրելու, որ իշխանությունները կարծես պատերազմի են պատրաստվում: Դուք ի՞նչ եք նկատում:

-Պատերազմի պատրաստվել միշտ պետք է, որովհետև մենք պատերազմի մեջ ենք: Ուղղակի դա տարբեր սրացումներով է ընթանում: Ինչ վերաբերում է «1000 դրամի» նախաձեռնությանը, ես չեմ կարծում, որ այդ 1000 դրամով պատերազմին պատրաստվելու առումով ինչ-որ բան կարելի է փոխել, որովհետև ամսական մոտ 1 մլն դոլարի մասին է խոսք գնում: Դա ավելի շատ օժանդակություն է՝ սոցիալական խնդիրների լուծման համար: Հատկապես դա բանակում ծառայողներին գոտեպնդելու համար է կարծես, որ՝ լավ իմացեք, եթե ձեզ հետ մի բան պատահի, ձեր ընտանիքներն անտեսված չեն մնա:
Ցավոք սրտի, պատերազմը թվում է անխուսափելի: Թե երբ կլինի, ամերիկացիները լավ խոսք ունեն, ասում են՝ «ոչ թե եթե, այլ՝ երբ»: Իմ կարծիքով՝ պատերազմի կանխման միակ ճանապարհը դա մեր երկրում կարգ ու կանոնի հաստատումն է, բանակը թալանչի գեներալներից մաքրելը, նրանց պատժելն ու ունեցվածքը բռնագանձելը՝ հօգուտ հենց նույն բանակի: Այսինքն՝ եթե մենք ունենանք արդար, բոլոր առումներով ուժեղ երկիր, դա կապահովի խաղաղությունը: Եթե լինենք թույլ, բնականաբար, Ադրբեջանը գայթակղության կգնա՝ պատերազմի միջոցով խնդիրը լուծելու:

-Իսկ զարգացումներն ի՞նչ են ցույց տալիս՝ պատերազմն այնուամենայնիվ անխուսափելի՞ է: Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ բանակցություններ ըստ էության չկան: Ո՞ր զարգացումներն են տանում դեպի պատերազմ:

-Այստեղ, իհարկե, արտաքին քաղաքական գործոններ կան: Մեկը Թուրքիայի հետզհետե ակտիվացող դերն է Հարավային Կովկասում: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան փոխվարչապետի մակարդակով Ռուսաստանին կոչ էր անում աջակցել Բաքվին: Մենք տեսնում ենք, որ ռուս-թուրքական հարաբերությունների բարելավում է տեղի ունենում, ինչը նշանակում է, որ Թուրքիայի ազդեցությունը գումարվելու է Ադրբեջանի ազդեցությանը, իսկ դա բոլորովին լավ չէ: Մենք նաև տեսնում ենք, որ ռուսները հետևողական չեն իրենց պարտավորությունների կատարման հարցում: Օրինակ՝ նույն Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ զինադադար, վերահսկողության մեխանզիմներ ներդրում և այլն, անգամ նվազագուն մակարդակով կարծես չեն կատարվում: Այսինքն՝ այդ գործոնները կան, Ադրբեջանը գնալով իրեն շատ ավելի սանձարձակ է պահում: Մյուս կողմից էլ Ադրբեջանի եկամուտների կրճատումը, ինչը կապված է նավթի գնի անկման հետ, շարունակվում է: Եվ Ադրբեջանը մտածում է՝ ավելի լավ է հիմա, քան հետագայում, երբ որ եկամուտներն ավելի շատ կկրճատվեն:

-ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի տարած հաղթանակի պայմաններում նաև անորոշություն է նկատվում ԱՄՆ դիրքորոշման հարցում: Կան կանխատեսումներ, որ գուցե ոչ այնքան հայամետ դիրքորոշումներ կունենա ԱՄՆ-ն Ղարաբաղյան հարցում: Դուք ի՞նչ եք կանխատեսում:

-Ես  կարծում եմ, որ Ամերիկան առ այսօր վարել է հայաստանամետ քաղաքականություն, և Թրամփը կշարունակի վարել: Հայաստանամետ ասելով՝ ես նկատի չունեմ այն, որ պաշտպանել է Հայաստանի շահերը, այլ զենք չի վաճառել կողմերին, այսինքն՝ չի ապակայունացրել վիճակը՝ ի տարբերություն մեր որոշ դաշնակիցներ, որոնք մեր թշնամուն վաճառում են զենքի 85 տոկոսը: Ամերիկայի շահերից է բխում է, որպեսզի նոր պատերազմական օջախներ չլինեն, ինչը մենք արդեն համարում ենք դրական: Այսինքն՝ մենք ոչ թե ճառերից են դատողություններ անում, այլ փաստերի հիման վրա: Այնպես որ, Ադրբեջանը կշարունակի զենք չստանալ ԱՄՆ-ից, դա արդեն լավ է:

-Սերժ Սարգսյանը «Սպուտնիկ» հեռուստաալիքին տված հարցազրույցում դարձյալ տարածքների հանձնման թեմային է  անդրադարձել՝ նշելով, որ հայկական կողմերը պատրաստ էին Հայաստանին վերադարձնել ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող յոթ շրջանները: Արդյոք ի՞նչ վտանգ է պարունակում տարածքներ հանձնելու այս քաղաքականությունը:

-Այդ սցենարը, որը հնուց եկող է, նոր չէ, ուղղակի հիմա գնալով ավելի է շեշտվում, հարցի լուծում չէ, պարզապետ պատերազմի մոտեցում է: Եթե մենք Ադրբեջանին զիջենք այդ յոթ շրջանները, դա ոչ թե կամրապնդի խաղաղությունը, այլ կբերի պատերազմի: Որևէ տարածքային զիջում ընդհանրապես ցանկացած հակամարտության մեջ հնարավոր է, եթե կողմերն ունեն փոխադարձ վստահություն: Մենք զիջելու ենք մեր ռեալ անվտանգության կարևորագույն բաղադրիչը՝ տարածքը և դիմացը ստանալու ենք ինչ-որ թղթային պարտավորություն, որը փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը երբեք չի կատարում: Նախ Ադրբեջանը պետք է իր վարքով ցույց տա, որ ինքը պարտավորություններ կատարող է, միջազգային հանրությունը, մասնավորապես, եռանախագահներն էլ պետք է ցույց տան, որ իրենք կարողանում են վերահսկել կողմերին և պարտադրել նրանց՝ կատարելու սեփական պարտավորութունները, ինչը, ցավոք սրտի, մենք չենք տեսնում, նոր դրանից հետո կարելի է ինչ-որ բան մտածել: Ես սկզբունքորեն դեմ եմ որևէ տարածք հանձնելուն, որովհետև գտնում եմ, որ դա որևէ դրական փոփոխության չի բերի հակամարտության լուծման մեջ, հակառակը, Ադրբեջանին կտանի նոր պատերազմ սանձազերծելու գայթակղությանը:

-Պատերազմի վերսկսման դեպքում հայկական կողմերն այսօր որքանո՞վ են պատրաստ այդ  գործողություններին, ի՞նչ է փոխվել ապրիլյան պատերազմից հետո:

-Ինչ-որ դրական տեղաշարժեր կան, բայց դա բավարար չեմ համարում, որովհետև նույն ապրիլյան պատերազմից հետո գոնե մի շարք գեներալներ պետք է ձերբակալվեին, որովհետև նրանք պաշտոնեական անգործություն են ցուցաբերել:
Երբ բժիշկը սխալ է բուժում, մարդ է մահանում, դրա համար նրան պատժում են: Բա այդ գեներալը սխալ է  բանակի գործունեությունը կազմակերպել, սխալ է վարել պատերազմը, և այդ պատճառով տասնյակ մարդիկ են զոհվել, էլ չեմ ասում թալանի ու յուրացումների մասին, դրա համար ինչո՞ւ նա չպետք է պատասխանատվություն կրի: Այսինքն՝ լուրջ պատասխանատվություն պետք է լինի, բայց ես դա չեմ տեսնում: Կա ինչ-որ դրական միտում, բայց դա բավարար չեմ համարում:

Էմմա Մանուկյան

MediaLab.am