«Չեմ հասկանում ընդհանրապես, թե ինչպե՞ս կարելի է գումարներ տրամադրել կոռուպցիան կանխելու համար». Վահրամ Բաղդասարյան

13-12-2016
15845 դիտում
«Չեմ հասկանում ընդհանրապես, թե ինչպե՞ս կարելի է գումարներ տրամադրել կոռուպցիան կանխելու համար». Վահրամ Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

-Պարոն Բաղդասարյան, օրերս կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն էր, իսկ Հայաստանում կոռուպցիան կարծես ծաղկում է: Վերջին տարիներին միջազգային կառույցները հսկայական գումարներ ուղղեցին այդ չարիքի վերացման համար, բայց առաջընթաց չկա, անգամ կառավարության անդամներն են դա խոստովանում: Որտե՞ղ են ծախսվել այդ գումարները:

-Կոռուպցիայի դեմ պայքարելու համար նախ պետք է փոխվի հոգեբանություն: Ես բազմիցս նշել եմ, որ այդ ժողովները, հանդիպումները կամ միջազգային կառույցների հետ քննարկումները կարող են պարզապես կոնսուլտացիաներ լինեն, բայց որ բուն արդյունքը մեկ-երկու օրվա ընթացքում դու կարող ես տեսնել, այդպես չէ: Ամբողջ աշխարհում է այդպես, դուք համեմատության դաշտում վերցրեք, ամենազարգացած երկրները, որոնք դասախոսություններ են կարդում կոռուպցիայի դեմ, իրենց երկրներում ամենանաշատ կոռումպացված մարմիններն են: Դա բավական լուրջ խնդիրն է, և մինչև վերջ, անկեղծ ասած, որևէ մեկը չի կարող ասել կոռուպցիայի սահմանումը:

-Իսկ Հայաստանի իշխանությունների համար ո՞րն է կոռուպցիայի սահմանումը:

-Կոռուպցիայի սահմանումը որևէ մեկը չի կարող տալ, որովհետև սովորական զանգ-միջնորդությունից մինչև կաշառք, դրանք կոռուպցիա են: Եվ դրանք ամբողջովին արմատախիլ անելը շատ բարդ երևույթ է: Բայց ինձ թվում է, որ համախմբված ուժերով պետք է բոլորս պայքարենք դրանց դեմ, որովհետև դա իրոք շատ վտանգավոր է: Բավական մեծ չափերի հասնող կոռուպցիան կարող է նաև ազգային անվտանգության խնդիր առաջ բերել:

-Հայաստանում կոռուպցիան հանգեցրե՞լ է ազգային անվտանգության խնդրի:

-Չեմ կարծում, որ մենք այդ խնդիրն ունենք, բայց որ կոռուպցիան մեզ մոտ կա, դրա մասին որևէ կասկած չունեմ:

-Դուք կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար հատկացված հսկայական գումարներն արդյունավե՞տ են ծախսվել:

-Ես կարծում եմ՝ ոչ, որևէ երկրում չի ծախսվում արդյունավետ: Այսինքն՝ չեմ հասկանում ընդհանրապես, թե ինչպե՞ս կարելի է գումարներ տրամադրել կոռուպցիան կանխելու համար: Ինձ թվում է՝ դա երկրորդական է: Առաջին հերթին պետք է ներսից մենք ինքներս կարողանանք դրա դեմ պայքարը տանել, այն պայքարը, որը հիմա տարվում է:

-Օրինակ՝ Պետական եկամուտների կոմիտեի համակարգի աշխատողները կոռումպացվածների թվում են, այնինչ նրանց ամանորյա պարգևատրումների համար օրերս կառավարությունը 800 մլն դրամ հատկացրեց:Այդպե՞ս եք պայքարում կոռուպցիայի դեմ:

-Բա դրա մասին է խոսքը, որ եթե դուք նայեք այս վերջին ամիսների գնահատականները, թե ինչ գնահատականներ են տրվում, կարծես թե կոռուպցիան արմատախիլ անելը սկսվում է այդ համակարգից:

-Բայց վարչապետը խոսում է օպտիմալացման, ծախսերի կրճատման մասին, միաժամանակ բյուջեից միանգամից 800 մլն դրամ հատկացվեց ՊԵԿ աշխատակիցների պարգևատրման համար, սա ինչպե՞ս հասկանանք:

-Համենայնդեպս մենք պետք է ՊԵԿ՝ վերջին ամիսների աշխատանքը գնահատենք: Եվ ես պետք է ասեմ, որ բազմաթիվ հանդիպումներ են լինում, արձագանքներ տնտեսվարողներից, որ ՊԵԿ աշխատանքը բավական դրական արդյունք է տալիս: Եվ խարխուսելը կարելի է երկու տեսանկյունից դիտարկել: Դուք կարող եք ասել, որ մենք բյուջեից գումար ենք հատկացնում, բայց այդ խարխուսելը նաև պարտավորեցնում է, որ ՊԵԿ համակարգում այն, ինչ տեղի է ունենում այս երկու ամսվա ընթացքում, այդպես կարողանան շարունակել: Եթե մենք կարողանում ենք այդ համակարգում, ասպես ասած, հասնել իդելական իրավիճակի, ինձ թվում է, դա ամենակարևոր քայլն է մեր տնտեսության զարգացման համար:

-Բայց այդ 800 մլն դրամը կարելի էր հատկացնել ավելի հրատապ խնդիրների լուծմանը, համամի՞տ չեք: Հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՊԵԿ աշխատակիցներն ամենևին էլ սոցիալապես անապահով չեն և բարձր  աշխատավարձ են ստանում:

-Շատ ուղղություններ կան, որ նպատակահարմար էր: Ինձ թվում է՝ ես ամեն ինչ ասացի իմ խոսքի մեջ: Համենայնդեպս այդ կարևորագույն կառույցում լավագույն աշխատողներին իրենց աշխատանքի համար կարելի է խրախուսել, որ նրանք բավարարվեն այդ խրախուսմամբ:

-Հասարակությունը սկսել է թերահավատորեն վերաբերվել այս կառավարության գործունեությանը: Վարչապետ Կարեն Կարապետյանի պատասխանները արդեն որպես հանրությանն ուղղված ծաղր են ընկալվում, լակոնիկ պատասխաններ է տալիս հարցերին՝ այո կամ ոչ: Դա նորմա՞լ ոճ է:

-Ինձ թվում է, որ պետք է համբերեք, մի շտապեք: Երկարաշունչ խոստումները, խոսքերով կերակրելը ավելի վտանգավոր են, քան լակոնիկ պատասխանները: Կարևորն արդյունքն է, որը մենք պետք է սպասենք ու տեսնենք:

-Ինչքա՞ն է պետք սպասել:

-Դանդաղ սպասեք: Ամեն ինչը մենք պետք է դանդաղ տեսնենք, միանգամից հնարավոր չէ ոչ մի բան: Եվ սա ասել եմ նաև նախորդ կառավարության ժամանակ:

-Բայց նախորդ կառավարության աշխատանքի արդյունքը մենք չտեսանք, տնտեսության վիճակն ավելի վատացավ:

-Շատ կարճ էր այդ կառավարության գործունեության ժամկետը, որպեսզի արդյունքները տեսնեիք: Պարազապես իրենք իսկ հայտարարեցին, որ տեմպերից գոհ չեն և հրաժարական տվեցին:

-Իսկ դրանից առաջ պաշտոնավարած կառավարությունն ու վարչապե՞տը: Տիգրան Սարգսյանը բավական երկար պաշտոնավերց, բայց դարձյալ տնտեսության վիճակը չբարելալվեց:

-Դե հիմա նորից սկսե՞նք: Իսկ դրանից առա՞ջ:

-Ուզում եմ հասկանալ՝ ինչ-որ բա՞ն է փոխվել Հայաստանում, համակա՞րգ է փոխվել, որ պետք է արդյունք ակնկալենք:

-Համբերեք ուրեմն:

Էմմա Մանուկյան

MediaLab.am