«Ամեն ինչ նորից» կամ մի կյանքի պատմություն. «Ալամեզոն» Բլոգ

13-12-2016
3204 դիտում
«Ամեն ինչ նորից» կամ մի կյանքի պատմություն. «Ալամեզոն» Բլոգ

2012 թվականին, երբ դեռ ամեն շաբաթ հաճախում էի էմիգրանտների գործերով զբաղվող բյուրո, ծանոթացա մի անհավանական լուսավոր զույգի` Աննայի և Հայկի հետ:

Աննան երիտասարդ, բարի, ժպտերես մի աղջիկ ` թևանցուկ Հայկի հետ: Դեռ տակավին չէի ճանաչում, բայց այնքան հարազատ ինձ դարձել, հայրենիքիցս սիրո մի կտոր, և երբ իմացա իրենց կյանքի պատմությունը, սիրուս ավելացավ նաև խորը հարգանքը և ակնածանքը: Շատ էի ցանկանում ձեզ ներկայացրել իրենց պատմությունը, որն անկասկած խթան կհանդիսանա այն ծնողների համար, ովքեր պայքարում են իրենց երեխաների առողջության համար:

Հայկը փոքր է եղել, երբ 90-ականներին նրա ծնողները տեղափոխել են Լեհաստան: Ծնողները անցել էին աշխատանքի, իսկ Հայկը՝ դպրոց:

- Ես շատ ակտիվ երեխա էի, - պատմում է Հայկը, մեկ րոպե անգամ հանգիստ չունեի: Այդ օրն էլ, փետրվարի 23-ին 1999-ին,  ֆիզկուլտուրայի դասին դասատուն դահլիճից դուրս էր եկել: Առիթից օգտվեցի, վազեցի  մանրամարզական ձողի մոտ, բարձրացա, որ հնարք անեմ` ընկերներիս զարմացնելու համար.. ու էլ ոչինչ չեմ հիշում.. մթություն, լռություն, իսկ հետագա 10 տարիները կյանքիս համար անհավասար պայքար..

Հայկը կոմայից դուրս է գալիս միայն 3-րդ օրը՝ հոր ծննդյան օրը: Անմխիթար ծնողի համար դա լավագույն նվերն էր: Բայց լեհ  բժիշկները ոչ մի հույս չեն տալիս:

- Ձեր տղան չի կարողանա ոչ խոսել, շարժվել , ոչ էլ անգամ ինքնուրույն ուտել... մենք ոչնչով ձեզ չենք կարողանա օգնել: Հաշվեք խոտի հաշիվ էլի:

Այս բառերը կարող են ցանկացած դանակից սուր խփել ծնողին, հուսահատեցնել, բայց Հայկի ծնողները չեն կոտրվել:

Չհամակերպվելով լեհ բժիշկների դատավճռի հետ, Հայկի ծնողները վերադարձել են Հայաստան՝ դիմել հայ բժիշկների օգնությանը:

- Ինձ երեք օր ժամանակ է պետք, մտածելու, արդյոք կարող եմ օգնել երեխային թե ոչ, -ասել է  բժիշկ Վարոսյանը՝ Հայկին զննելուց հետո:

Երեք օր հույսով եւ սպասումներով լի Հայկի ծնողները սպասել են պատասխանի, որը դրական է եղել: Բժիշկը մանրամասնել է պլանը. բուժումներ ինտենսիվ թերապիա, վարժություններ՝ սկսելով Հայկի մոր՝ Անուշի հետ համատեղ տղային կյանքի բերելու երկարատեւ եւ համառ պայքարը:

- Մայրս... բարի և նուրբ և միաժամանակ համառ և հաստատակամ է: Մի ամբողջ կյանք նվիրեց ինձ. արթնանում էր բոլորից շուտ, քնում, երբ բոլորս արդեն քնած էինք: Երբեք չի բողոքում, չի տրտնջում,  անգամ այս մեծ դժբախտությունը իրեն չչարացրեց աշխարհի դեմ,- հիացմունքով չի կարողանում թաքցնել Հայկը:

-Ստացվեց ես 14 տարեկանում ամեն ինչ սկսել եմ նորից, նորից  սովորել խոսել , շարժվել, շնչել: Իմ ամեն մի շարժումը մորս հաղթանակն էր իրականության հանդեպ:

Մայրս հաճախ եկեղեցի էր գնում, մի անգամ, երբ աղոթք է արել, Տիրամորն ասել է «թե տղաս քայլի, մի աղջիկ կունենամ, անունը քո պատվին Մարիամ կկոչեմ»: Լավ է, - կատակում է Հայկը, - Իմ շնորհիվ, քույրս ` Մարիամը ծնվեց :

Հայկի ամբողջ կյանքը պայքար է: Առանց պայքարի չեղավ նաև Աննայի հետ ամուսնանալը: Աննայի ծնողները ոչ մի կերպ չէին համաձայնում նրանց ամուսնությանը: «Քեզ խնդիր ունեցող տղայի չենք տա» « երջանկություն չի լինի» «ամբողջ կյանքդ տանջվելով ամուսին ես խնամելու» սա էին Աննային մշտապես ասում բարեկամները, իսկ Աննան վստահ էր, որ Հայկն իր կեսն է:

Եւ օրերից մի օր Հայկն ու Աննան վճռական որոշում կայացրեցին եւ ամուսնացան: Աննան ասում է, որ Հայկի նման հոգատար եւ ուշադիր ամուսին շատ աղջիկներ կերազեին ունենալ:

Սակայն, 2012 թվականին այս ընտանիքի համար մեկ այլ փորձության ժամ եկավ: Հայաստանում բժիշկները ասեցին, որ բուժումը հնարավոր է շարունակել միայն Եվրոպայում: Եվ Հայկն ու Աննան, թողնելով Հայաստանը,  ստիպված էին մեկնել Ֆրանսիա:

Ֆրանսիական էմիգրացիոն բյուրոյի խոնավ ու անհյուրընկալ կենտրոնում էլ հանդիպեցի սիրով լի ընտանիքին: Հաջորդող տարիներին ինքս բազմիցս ականատես եղա ֆրանսիացի բժիշկների նվիրված ու բարձրակարգ օգնությանը, որոնց շնորհիվ Հայկը կարողացավ շարունակել իր բուժումը եւ վերականգնվել: Հենց Ֆրանսիայում էլ ծնվեց Աննայի եւ Հայկի որդին՝ Հակոբը:  

-Հակոբին սպասել ենք չորս երկար տարիներ, -պատմում է Աննան,- նա էլ ծնվեց դեկտեմբերի 12-ին, Սուրբ Հակոբի օրը:

Այսօր իրենց երջանկությունը ավելին քան լիարժեք է: Ուզում եմ հավատալ, որ այս զուգի համար, բոլոր դժվարություններն անցյալում են: Աննայի ու Հայկի նման ընկերներ ունենալն ինձ համար հպարտություն է, նրանց պայքարի պատմությունը կուզեի վստահություն տար շատերին հաղթահարելու դժվարությունները:

Մենք բոլորով, ես, ամուսինս՝ Ժորդանը, որդիս՝ Լուկան, Աննան եւ փոքրիկ Հակոբը նաեւ Հայկի երկրպագուններն ենք: Հայկը «Ստրասբուրգի հաշմանդամների բասկետբոլի լիգայի» խաղացողներից մեկն է, մի այլ պատմություն, որտեղ պայքարելը, նպատակակետին հասնելը եւ հաղթելը կարեւոր է:

Շատ նման է իրեն:

Ձեր՝ Ռոզա Սարգսան Ֆենդեր

Medialab Blog