Հեքիաթային խրճիթը․ «Ալամեզոն» Բլոգ

15-12-2016
1262 դիտում
Հեքիաթային խրճիթը․ «Ալամեզոն» Բլոգ

Տարիներ առաջ, երբ դեռ Հայաստանում էի, կարդացել էի նմանատիպ խանութի մասին, որը Շվեյցարիայի լեռնային գյուղերից մեկում էր գտնվում: Այդ ժամանակ ինձ համար դա ֆանտաստիկայի ժանրից էր, հավատս չէր գալիս, որ նման բան կարող է լինել։

Եվ ինչքան մեծ էր զարմանքս, երբ նման հրաշք խրճիթ֊խանութ հայտնաբերեցի հենց մեր փողոցի վրա:

Այս խանութի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ չկա ոչ վաճառող, ոչ դրամարկղ, ոչ էլ առավել եւս՝ հսկիչ: Չկա նաև ֆիրմային մթերք կամ դելիկատես: Մթերքները կամ տնական պատրաստման են, կամ էլ, եթե միրգ, բանջարեղեն է՝ այգում աճեցված։

Սեփական այգուց խնձոր, տանձ կամ սեփական խոհանոցից հնդկահավ կամ ապուր!! Այո այո!!! Օրինակ ապուր եք պատրաստել, ավելացել է, կարող եք բերել այս խանութ և վաճառել: Ձեզ համար փոքրիկ գումար, իսկ համագյուղացու համար հնարավություն` տնական ապուր ուտելու չնչին գումար վճարելով։

Վաճառվում է կաթ, բանջարեղեն, հավկիթ,  միրգ և այլն։

Հիմա դուք հաստատ մտածում եք, թե լավ, իսկ ինչպե՞ս գնել, եթե չկա վաճառող։

Պատասխանը շատ պարզ է։ Վաճառքի դրված ամեն փոքրիկ արկղիկի մեջ կա մեկ ապրանք, գինը, կոդը և գումար գցելու տեղը: Գցում եք գումարը, հավաքում կոդը և voilà արկղը բացվում է:

Բացի հեշտ կառուցվածքից, սրանով խրախուսվում են բնական մթերքների առեւտուրը, խթան հանդիսանում փոքրիկ այգիների ու բանջարանոցների զարգացման համար, ինչպես նաեւ հնարավորություն տալիս եւ կրթում մարդկանց, որ աղբամանը չնետեն թարմ ուտեստը, կամ ապուրը,  այլ սիմվոլիկ գումարի դիմաց կիսվեն մարդկանց հետ։ Իհարկե, ապուր, ու ուտելիքներ վերցնում են այն մարդկանցից, որոնց ճանաչում են, գիտեն, եւ վստահ են որակի ու թարմության վրա։ 

Ինձ համար այս վայրն իսկական հայտնություն էր։ Այս խրճիթից ամենաշատը օգտվում եմ հատկապես ամռանը, երբ տեղի գյուղացիները վաճառքի են բերում արևի համով հատապտուղներ, բանջարեղեն, կանաչեղեն և մրգերը։

Հավատացեք, նման համեղ մթերքներ ոչ մի խանութում չեք կարող գնել։ Խրճիթի մթերքն իսկապես հեքիաթային է։ 

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog