Հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխաների սպանության դեպքի առթիվ

19-12-2016
75496 դիտում
Հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխաների սպանության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Սպիտակում երկու մանկահասակ երեխաների սպանության և 45-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ։

2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Սպիտակի բնակելի շենքերից մեկի շքամուտքում կին է ինքնասպան եղել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում՝ շքամուտքում, հայտնաբերվել է 1971թ. ծնված Մ.Հովհաննիսյանի դին՝ կախված վիճակում, իսկ տանը՝ նրա երկու մանկահասակ՝ 5 և 7 տարեկան երեխաները՝ մահացած։

Դատաբժիշկները զննել են երեխաների մարմինները, և նրանց պարանոցների շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր։

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Մշակվել է քննչական պլան, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին