«Սա բեմադրություն էր՝ սկսած դեկորացիաներից, նկատի ունեմ նրա զինվորական համազգեստը, վերջացրած տեղանքով՝ Ստեփանակերտը». Տիգրան Խզմալյան

20-12-2016
21145 դիտում
«Սա բեմադրություն էր՝ սկսած դեկորացիաներից, նկատի ունեմ նրա զինվորական համազգեստը, վերջացրած տեղանքով՝ Ստեփանակերտը». Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

-Պարոն Խզմալյան, Սերժ Սարգսյանն օրերս հանդիպեց մշակույթի գործիչների հետ: Ի՞նչ էր հիշեցնում այդ  հանդիպումը, ի՞նչ նպատակ ուներ:

-Ժամանակ առ ժամանակ նման հանդիպումներ տեղի են ունենում, դա դասական սովետական ավանդույթ է, որովհետև ոչ մի այլ տեղ մշակույթի գործիչները, արվեստի ներկայացուցիչներն առանձնացված չեն: Դա դասական սովետական ավանդույթ է, որովհետև դրա արմատներն են այն կեղծ մարքսիստական բնորոշումը, երբ ազգը, հասարակությունը, երկիրը բաժանվում է բանվոր պրոլետարական, աշխատանքային ինտիլիգենցիայի և այլն: Խնդիրն այն է, որ դրանում կա մի մեծ կեղծիք, չակերտավոր մշակույթի գործիչներն իբրև թե հանդիսանում են ազգի վերնախավը, մտավորական վերնախավը: Եթե այդպես է, իրական վերնախավը պետք է իշխանություն ունենա: Իսկ իշխանություն չի նշանակում միայն քաղաքական իշխանություն, դա շատ նուրբ բան է, դա նշանակում է հասարակական կարծիքի ստեղծման հնարավորություն: Այդ մարդիկ ընտրված էին, և իրենք ընտրված են ոչ թե ժողովրդի կողմից, այլ՝ նախագահի, ընտրված էին այդ հանդիպման համար: Այսինքն՝ ընտրված են մարդիկ, ովքեր համարվում են հարմար, իսկ մեր տեսակետից՝ հարմարվող: Եվ դա իր մեջ պարունակում է գլխավոր հակասությունը, որովհետև իրական մտավորականը, մտավոր դասը պարտավոր է լինել միշտ քննադատող և դրանով իսկ կատարել կարևոր սոցիալական ֆունկցիան: Դա նշանակում է ազգի իրական անվտանգությունն ապահովել, որովհետև իրական մտավորականությունն առաջինն  է զգում վտանգը, առաջինն է փնտրում ելքը: Մարդիկ, ովքեր մասնակցում էին այդ հանդիպմանը կամ ընդհանրապես հանդիսանում են չակերտավոր մշակույթի ներկայացուցիչներ, նրանք անվտանգ են իշխանությունների համար և կաշառված իշխանության կողմից:

-Սերժ Սարգսյանը կարծես նախատեց մտավորականներին՝ նշելով, որ հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ գրավվեց ՊՊԾ գունդը, նրանք լուռ մնացին: Սա ի՞նչ է նշանակում:

-Ես ինքս Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եմ մեկ անգամ, դա 2008 թվականի մարտյան գնդակահարությունից անմիջապես հետո էր: Ես նրան բաց նամակ գրեցի և հրավեր ստացա՝ մի քանի հոգու հետ մասնակցելու հանդիպմանը: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը դեռ վարչապետ էր: Այդ հանդիպմանը խոսակցությունը տևեց 3.5 ժամ, և Սերժ Սարգսյանը լսում էր: Նա սկզբում փորձում էր առարկել, բայց մեր ճնշման տակ լռեց և 3.5 ժամ լսում էր: Այդ ընթացքում նա մեկ  անգամ ասաց մեկ նախադասություն, ասաց՝ ո՞ւմ մասին եք խոսում՝ որպես այլնընտրանքի: Նա նկատի ուներ քաղաքական դաշտը: Ասաց՝ այդ մարդկանց բոլորի գինը ես գիտեմ: Ես ասացի՝ մարդկանց ոչ թե գինը, այլ արժեքը պետք է իմանալ: Ես սա հիշեցի, որովհետև դա սկիզբն էր նրա իշխանության: Հիմա նրա նախագահական իշխանության վերջին տարին է: Նա հավաքել էր մարդկանց և փաստորեն ծաղրում էր նրանց: Ուշադրություն դարձրեք, այդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը զինվորական հագուստով էր: Դրա մեջ շատ մեծ ուղերձ կա: Նա հատուկ էր այդ համազգեստը հագել, որպեսզի ցույց տար իր կարևորությունը և այդ մտավորականների անկարևորությունը: Այսինքն՝ դրանով նա ասում է՝ ես լուրջ բաներով եմ զբաղված, իսկ դուք խոսում եք միայն ձեր փոքր խնդիրների մասին: Այսինքն՝ նա մի մեծ թակարդ սարքեց: Սկզբում ընտրեց մարդկանց, ովքեր հաստատ չէին խոսի լուրջ բաների մասին, իսկ հետո ազգի ամբողջ մտավորական հատվածին մեղադրեց դրանում: Նա շատ լավ գիտեր, որ չի կանչում մարդկանց, ովքեր կարող էին խոսել իր համար անհարմար բաների մասին, իսկ հետո մարդկանց գցեց այն թակարդը, որն ինքն էր լարել: Այդ մարդկանցից ոչ ոք չհամարձակվեց խոսել լուրջ բաների մասին, և Սերժ Սարգսյանն ինքը նրանց երեսով տվեց: Նա ինձ ու մյուսներին չի  կանչում, որովհետև գիտի, որ եթե կանչեց, չենք խոսելու շքանշաններից, մեր փոքրիկ պաշտոններից, այլ խոսելու ենք այն բաներից, ինչի մասին պարտավոր է խոսել իրական մտավորականությունը: Այսինքն՝ նա ընտրեց այդ հանդիպման մասնակիցներին և հմուտ ռեժիսորի պես բեմադրություն արեց: Սա բեմադրություն էր՝ սկսած դեկորացիաներից, նկատի ունեմ նրա զինվորական համազգեստը, վերջացրած տեղանքով՝ Ստեփանակերտը: Դերասաններին նույնպես Սերժ Սարգսյանը նշանակեց: Դա բավական հմուտ բյուրոկրատական գործողություն էր, որը կոչված էր փակել այդ բացը որոշ ժամանակով: Այսինքն՝ առնվազն մինչև 2018 թվականը նման խնդիր Սերժ Սարգսյանը չի ունենա, շքանշանները տրված են, ոսկորները բաժանված են, բերանները՝ փակված:

-Սերժ Սարգսյանի խոսքում սպառնալի՞ք կար, ի՞նչ ուղերձ էր պարունակում նրա խոսքը:

-Այդ սպառնալիքը ոչ թե մտավորականների էր ուղղված, այլ ուղղված էր ժողովրդին: Ընդ որում, նա շատ դժվար ու ծանր վիճակում է: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը մերժված է և Ռուսաստանում, և Արևմուտքում: Նա ստանձնել է մի շատ բարդ և տհաճ կարգավիճակ, նրան չեն վստահում Կրեմլում ու փորձում են փոխարինել: Եվ նա դիմադրում է նաև Պուտինին: Կարծում եմ, որ ինչպես ապրիլան, այնպես էլ հուլիսյան ողբերգությունները գալիս են նաև նրանից, որ Սերժ Սարգսյանը որոշ հարցրում փորձում էր հակադրվել Պուտինին, և մեզ Ռուսաստանը փորձում էր պատժել: Հիմա իրավիճակը կտրուկ սրվել է, որովհետև շատերի համար անսպասելի Եվրոպայում և ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով Ռուսաստանի դիրքերը կտրուկ բարելավվել են: Իսկ դա նշանակում է, որ մեր վիճակը կրկնակի բարդացել է: Իրականում Սերժ Սարգսյանի հետ պետք է խոսել այդ մասին, որովհետև նա իր շուրջը ստեղծել է անապատ, և նրան ոչ միայն Բրյուսելում կամ Վաշինգտոնում չեն աջակցի, նրան չեն աջակցի նաև Երևանում: Նա, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը, բավական միայնակ մարդ է, բայց սա բացարձակ անապատ է: Եվ դա հենց ընդգծվեց այն մարդկանց ներկայությամբ, ովքեր լուռ նստած էին: Ես կարծում եմ, որ հրավիրվածները նախանձում էին չհրավիրվածներին, որովհետև իրենք շատ լավ հասկանում էին, թե ինչ դեր էին կատարում: Բայց այդ ամենով հանդերձ Սերժ Սարգսյանի դերն էլ ավելի ողբերգական է, և նա չիրականացրեց իր նպատակներից ոչ մեկը: Եվ հենց ձեր նշած սպառնալիքը դրա ապացույցն էր: Նա այդպես չէր խոսի, եթե զգար, որ վերահսկում է իրավիճակը: Ոչ մի բան նա այլևս չի վերահսկում, չունի աջակցություն և չգիտի՝ ինչպես այդ աջակցությունն ստանա երկրի ներսում:

Էմմա Մանուկյան

MediaLab.am