Ինչի՞ համար են Ադրբեջանում սպանում կանանց

21-12-2016
22316 դիտում
Ինչի՞ համար են Ադրբեջանում սպանում կանանց

«5-6 ամիս առաջ ես սկսեցի կասկածել որ Էլնարան հարաբերությունների մեջ է Ազեր անունով մի տղայի հետ: Ես դա երազում տեսա: Եվ մտածեցի, որ եթե երազում նման բան եմ տեղել, ապա նրանց միջև իրոք ինչ-որ բան կա: Այդ կասկածների պատճառով ես կնոջս հանդեպ սառեցի, սկսեցինք հաճախ վիճել: Հետո ես չդիմացա և սպանեցի նրան»:

Սա բացարձակապես սարսափ-ֆիլմի սցենար չէ, այլ մի մարդասպանության պատմություն, որը կատարվել է Բաքվի Փիրալագի ավանում: Այդին Մամեդովը ոչ սթափ վիճակում հիշել է իր երազն ու սպանել կնոջը առանձնակի դաժանությամբ: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան 17 տարվա ազատազրկման է դատապարտել: Վերաքննիչ դատարանը որոշումն ուժի մեջ է թողել:

«Կանանց սպանությունների» թիվն Ադրբեջանում ոչ միայն չի կրճատվում, այլ նաև օրեցօր աճում է: Եվ պատճառներն ավելի ու ավելի տարօրինակ են դառնում. դավաճանել է երազում, մեկ անգամ հեռախոսազանգին չի պատասխանել, ցանկացել է ծնողների տուն հյուր գնալ, բողոքում է, որ տանը ցուրտ է:
Ֆիզուլիի շրջանում Զոհրաբ Գյանջևին կնոջ՝ Վուսալիա Ասադովայի կոկորդը կտրել է հենց այդ պատճառով: Վուսալիան ասել է, որ տանը ցուրտ է, երեխաները մրսում են, ամուսնուն նրա բողոքները դուր չեն եկել, և նա նրան սպանել է: Դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 6-ին: Այս տարվա միայն առաջին շաբաթվա մեջ սպանվել է ևս 4 կին:

Քանի որ տարին դեռ չի ավարտվել, կանանց սպանությունների պաշտոնական վիճակագրություն չկա: Սակայն կանանց օգնության «Մաքուր աշխարհ» հասարակական կազմակերպությունը, վկայակոչելով մամուլում հրապարակված և պաշտոնապես հաստատված փաստերը, հաղորդում է, որ դրանք ավելի շատ են, քան նախորդ տարիներին, և առանձնակի դաժանությամբ են աչքի ընկնում: Օրինակ, մի շոկային դեպք է տեղի ունեցել, երբ ամուսինը կտրել է հղի կնոջ գլուխը երեք երեխաների աչքի առաջ:

Մամուլում տպագրված նման հաղորդագրություններին արձագանքեցին ոչ կառավարական կազմակերպություններն ու լրատվամիջոցները, սոցցանցերում «Հերիք է կանանց սպանել» ակցիա սկսվեց: Արշավի նախաձեռնողը՝ կանանց օգնության «Մաքուր աշխարհ» հասարակական միավորման նախագահ Մեհրիբան Զեյնալովան, թվարկեց այն խնդիրները, որոնց պատճառով ադրբեջանցի կանայք անօգնական են «կենցաղային հանցագործությունների» առաջ. նահապետական կարծրատիպերի խորացում, տնտեսական կախվածություն և հասարակությունում կանանց ստորադաս կարգավիճակ, պաշտոնյաների անուշադրությունը կենցաղային բռնության մասին բողոքների հանդեպ, սոցիալական աշխատանքի ինստիտուտների անգործությունը, վաղ ամուսնություններ և այլն:

Ի՞նչ արժե արդարադատությունը

Զեյնալովան ասում է, որ հաճախ ոստիկանությունն այդ սպանություններն անփութորեն է հետաքննում.

«Մեզ են դիմել սեփական ամուսնու կողմից սպանված Սաբինա Վերդիևայի ծնողները: Նրանք վախենում են, որ սպանության դեպքը ճիշտ չի քննվելու:

Սաբինայի հայրը՝ Մազահիր Ջաբարովն ասաց, որ իր աղջիկը սպանվել է առանահատուկ դաժանությամբ՝ բութ առարկայի և դանակի միջոցով: Կնոջ մարմնի վրա կտրած-ծակած վերքեր են հայտնաբերվել»:

Հոր խոսքով, վերջին տարվա ընթացքում նրա աղջկան 5 անգամ ծեծել են ամուսինը, սկեսրայրն ու սկեսուրը: Նրան վերադարձրել են հայրական տուն, սակայն հղիության և երեք երեխաների պատճառով նրան կրկին ետ են ուղարկել ամուսնու տուն:

«Կինը նույն օրը սպանվել է: Սակայն, ցավոք, սպանվածի ընտանիքի համար մենք չկարողացանք անվճար փաստաբան գտնել: Իսկ նրանք ի վիճակի չեն վճարել փասատբանի ծառայությունների համար», - ասում է Զեյնալովան:

Այսպիսով, բռնության հաճախակի դարձած դեպքերի խնդրին ավելանում է ևս մեկը՝ Ադրբեջանի քաղաքացիներին անվճար արդարադատություն ապահովելու դատարանների անկարողությունը:
Քրեական օրենսգրքի համաձայն՝ այդպիսի հանցագործությունների համար 17-20 տարվա ազատազրկում է նախատեսվում: Վերջին իրադարձությունների ֆոնին շատերն, այդ թվում նաև պատգամավոր Էլմիրա Ախունդովան, առաջարկում են վերականգնել մահապատիժը, որն Ադրբեջանում հանվել է 1998թ-ին:

Վիճակագրություն

Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում Ադրբեջանում կանանց հանդեպ խանդի, ընտանեկան կոնֆլիկտի և այլնի հիման վրա գրանցվել է հանցագործության 422 փաստ: 8 կին է սպանվել, մնացած հանցագործությունները առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս հասցնելն է, ինքնասպանության հասցնելը և այլն:

Կանանց սպանությունների վիճակագրություն վարող Հաջի Զեյնալովի տվյալներով՝ միայն ապրիլին Բաքվում 5 կին է սպանվել, իսկ ընթացիկ տարում՝ 25-ից ոչ պակաս:

Մարդասպանների թվում են նախկին ամուսինները, նախկին սիրեցյալները, նախկին սկեսրայրները, ներկայիս ամուսինները, եղբայրներն ու հարևանները:

«Մաքուր աշխարհը», ելնելով իր տվյալներից, պնդում է, որ սպանվել է հարյուրից ավել կին:

Վիճակագրության պետական կոմիտեի պաշտոնական կայքում հանցագործությունները չեն տարանջատվում՝ ըստ զոհի սեռի կամ դրդապատճառի, այդ պատճառով էլ դինամիկային հետևելը բավականին բարդ է: Ըստ վիճակագրության, առանձնակի ծանր հանցագործությունների քանակը երկուհազարականների սկզբից աճել է գրեթե կրկնակի, իսկ 2015թ-ին կազմել է 3 922:

Եթե համադրենք պաշտոնական տվյալները, լրագրողների հետազոտություններն ու ոչ կառավարական կազմակերպությունների մոնիթորինգների տվյալները, կտեսնենք, որ երկրում կատարված յուրաքանչյուր տասներորդ սպանությունը կնոջ սպանություն է կենցաղային հողի վրա:

Մտածողություն

Անգամ եթե բանտից ազատում չկա, այնտեղ կարելի է ապրել որպես «հեղինակավոր մարդասպան»: Հին ավանդույթը դեռևս կենդանի է ադրբեջանական բանտերում: Օրինակ, կնոջը դավաճանության համար սպանած «պատվի գերիները» բանտերում առանձնահատուկ հեղինակություն ունեն:

Երկրում քրեական իրավիճակի վատթարացման ևս մեկ պատճառ է հասարակության կողմնորոշումը դեպի «ավանդական մտածելակերպ»՝ իր խիստ տաբուներով և երկակի չափանիշներով: Այդ չափանիշների մեջ հանգիստ տեղավորվում է որդու կողմից մոր սպանությունը, եթե նա հոր մահվանից հետո սկսել է այլ տղամարդու հետ հանդիպել, հոր կողմից դստեր սպանությունն այն բանի համար, որ նա տանը չի գիշերել և այլն: Հանդիպում են նաև լրատվամիջոցներ, որոնք այդպիսի մարդասպանների մասին ցավակցական տոնով են գրում:

Հոգեբան-իրավաբան Օրհան Սուլթանովը կարծում է, որ հաճախակի դարձած հանցագործությունների պատճառը տնտեսական իրավիճակի վատթարացումն է. «Բոլորին հայտնի են շոկային փորձարկումները, երբ հոգեբանները փորձել են պարզել, թե ինչ պայմաններում է միջին վիճակագրական մարդը սկսում բարոյական օրենքներին դեմ գնալ: Եվ արդյունքը միշտ նույնն է եղել. անգամ ապահովված մարդիկ «կուշտ» հասարակությունից, եթե նրանց սուղ պայմաններում են դրել, սկսել են իրենց կենդանու պես պահել:

Իսկ ցածր մշակութային մակարդակ ունեցող, առանց կրթության մարդու համար միակ կողմնորոշող բանը «տղամարդու կարգավիճակն է», այսինքն՝ հենց այդ նույն «պատիվը»: Եթե նա չի կայանում կամ ինչ-որ այլ կերպ է զարգանում, դա նրա համար ամեն ինչ է: Այդ պատճառով էլ կնոջ անհավատարմության մասին ցանկացած ակնարկ կամ նրա հավակնությունները, թե իբր ամուսինը քիչ է վաստակում, տղամարդուն կարող են ստիպել ամբողջությամբ կորցնել վերահսկողությունն իր հանդեպ: Եթե գործազրկությունն ավելանա, գներն աճեն, ավելի շատ «չկայացած տղամարդիկ» կլինեն, որոնք մարդ են փնտրում՝ ում վրա կարելի է թափել չարությունը, և ավելի շատ կենցաղային բռնություն կլինի»:

Ի՞նչ է անում պետությունը

Ընդհանրապես կանանց հանդեպ բռնության խնդրով պետք է զբաղվի Ադրբեջանի ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրների պետական կոմիտեն: Կոմիտեի ղեկավար Հիջրան Հուսեյնովան կանանց դեմ բռնության խնդրին նվիրված կոնֆերանսին հայտարարեց, որ «Ադրբեջանում լրջորեն դրված է կանանց և երեխաների պաշտպանության վերաբերյալ պետական քաղաքականությունը»: Այնուհետև Հուսեյնովան թվարկեց, թե ով կարող էր պետության օգնել այդ հարցում՝ ոչ կառավարական կազմակերպությունները, ակադեմիական և գիտական հանրության ներկայացուցիչները, զանգվածային լրատվամիջոցները: Վերջիններս կարող են բնակչության շրջանում լուսավորման աշխատանքներ տանել:

Ինչ վերաբերում է ոչ կառավարական կազմակերպություններին, բռնության զոհերին հոգեբանական և այլ օգնություն ցուցաբերելու հարցում մեծ աշխատանք է իրականացրել «Կանանց ճգնաժամային կենտրոնը», որը ղեկավարում է Մաթանաթ Ազիզովան (ներկայումս՝ քաղաքական էմիգրանտ): Այն բանից հետո, երբ Ճգնաժամային կենտրոնը ստիպված դադարեցրեց աշխատանքը, «Մաքուր աշխարհը» միակ կազմակերպությունն է, ուր բռնության զոհերը կարող են օգնության դիմել: Հաշվի առնելով, որ մի քանի տարի առաջ բարդացել է ոչ կառավարական կազմակերպությունների գրանցման ընթացակարգը, նորերի բացմանը դժվար է սպասել:

Դա նշանակում է, որ բնակչության շրջանում լուսավորման աշխատանքները Միքայիլ Ջաբարովի ղեկավարած կրթության նախարարության խղճին է: Նա դեռ պետք է «պատասխանի» իր հիմնական գործունեության հանդեպ բազմաթիվ քաղաքացիների հավակնություններին:

JAMnews, Բաքու