«2016 թվականը ցույց տվեց, որ Հայաստանը ներդրումների համար նպաստավոր չէ, ներդրումների համար մեր երկրում կան մեծ ռիսկեր». Աշոտ Եղիազարյան

27-12-2016
20359 դիտում
«2016 թվականը ցույց տվեց, որ Հայաստանը ներդրումների համար նպաստավոր չէ, ներդրումների համար մեր երկրում կան մեծ ռիսկեր». Աշոտ Եղիազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը:

-Պարոն Եղիազարյան, լրացավ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրը, ի՞նչ փոխվեց այս ընթացքում Հայաստանի տնտեսությունում:

-Ես չգիտեմ՝ ինչպիսի ակնկալիքներ կային վարչապետի փոփոխությամբ, համենայնդեպս դա ավելի շատ բարձրաձայնվում էր որոշ շրջանակների մոտ` սպասելիքների ձևավորման կամ ծանր վիճակից դուրս գալու ակնկալիքով, բայց բնական է, որ չէր կարող վարչապետի նշանակմամբ իրավիճակ փոխվել, եթե քաղաքականությունը շարունակվում է նույնությամբ: 2016 թվականն ըստ էության բացահայտեց Հայաստանի տնտեսության խոցելի կողմերը: Ավելի շուտ, խոցելի կողմերը հայտնի էին, դրա մասին շատ է խոսվել, բայց դրանց ցցուն դրսևորումներն այս տարի երևացին: Բնական է, որ արդեն անցել է բավական ժամանակ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից: Այն պահից, երբ Հայաստանը զիջեց ինքնուրույն քաղաքականություն իրականացնելու իր հնարավորությունները, բացառեց իր այլընտրանքային զարգացումները, որոշակի ժամանակ էր պետք, որ դրսևորվեին դրա բացասական հետևանքները: Ըստ էության 2016 թվականն այս առումով ավելի ակնհայտ դարձավ: ՀՆԱ տեմպերի, տրանսֆերտների շարունակական նվազում ունեցանք, օտարերկրյա ներդրումների էական նվազում, կապիտալի արտահոսք, պետական պարտքն ըստ էության մոտենում է վտանգավոր շեմին, որից այն կողմ պարտքեր վերցնելու հնարավորություններ այլևս չեն լինելու, դրա հետ կապված բացասական հետևանքներ են լինելու՝ մակրտոնտեսական իրավիճակի վատթարացում և այլն: Այսինքն՝ 2016-ին այս իրավիճակն էր, ենթադրվում է, որ այդ իրավիճակը կշարունակվի համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի քաղաքականության մեջ արմատական փոփոխություն չի եղել: Եթե կարճ ասենք՝ Հայաստանը սպառել է աճի ռեսուրսները, Հայաստանին պետք են աճի նոր գործոններ: Այս տնտեսական տարածքում գտնվելու պայմաններում այդ աճի ռեսուրսները պարզապես չեն կարող լինել:

-Կառավարության անդամները հույսեր են կապում 2017 թվականի հետ՝ հայտարարելով, թե այն կայունացման տարի է լինելու երկրի տնտեսության համար:

-Դա նույն մոտեցումն է, վարչապետի փոփոխությամբ նույնպես ասում էին, թե իրավիճակը կփոխվի: Հիմա էլ, բնականաբար, պետք է ասեն, որ 2017-ին կայունացում կլինի, դրանից հետո կփոխվի, բայց ի՞նչ է փոխվում իրական տնտեսությունում, աճի գործոննե՞ր են հայտնվում: Թող մատնանշեն որևէ աճի գործոն, որ կարող է առաջանալ: Կառավարությունն անընդհատ որպես աճի գործոն շեշտում է այն, որ Ռուսաստանի տնտեսական վիճակն է բարելավվում: Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ այս իրավիճակը նաև Ռուսաստանի տնտեսությունից կախվածության հետևանք է: Այսինքն՝ մեզ պետք չեն աճի ռեսուրսներ, որոնք պայմանավորված են Ռուսաստանի տնտեսությամբ, մեզ պետք են սեփական աճի ռեսուրսներ, որոնք կարող են կայուն աճ ապահովել: Իսկ կայուն աճը միայն այն դեպքում է հնարավոր, եթե քո տնտեսությունն ունի բավականաչափ լավ կառուցվածք, եթե դու ունես լավ դիվերսիֆիկացված շուկաներ, եթե դու ընդհանրապես ունես տնտեսական քաղաքականություն իրականացնելու հնարավորություններ: Եթե դու չունես տնտեսական քաղաքականություն  իրականացնելու հնարավորություններ, մնում ես կախված ճակատագրից, տվյալ դեպքում՝ Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխություններից:

-Որպես կայունացմանը նպաստող գործոն՝ կառավարությունը շեշտում է նաև ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելը՝ խոստանալով ներդրումային հիմնադրամ հիմնել: Սա որքանո՞վ իրականություն կդառնա և արդյունք կտա:

-2016 թվականը ցույց տվեց, որ Հայաստանը ներդրումների համար նպաստավոր չէ, ներդրումների համար մեր երկրում կան մեծ ռիսկեր: Եվ ներդրումների համար ռիսկեր այսօր կան նաև Ռուսաստանում: Այդ երկրի նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ, ընթանում է մեկուսացման քաղաքականություն: Եթե Հայաստանն այդ տնտեսական տարածքի մաս է կազմում, բնականաբար, նույն ռիսկերը գոյություն ունեն նաև Հայաստանում: Ռուսաստանից կապիտալ է արտահոսում, Հայաստանից նույնպես կապիտալ է արտահոսում, Ռուսաստանում կրճատվում են օտարերկրյա ներդրումները, Հայաստանում նույնպես կկրճատվեն: Եվ դա շատ բնական է, նույն դաշտն է, նույն ռիսկային գործոններն են, և այսպիսի պայմաններում հնարավոր չէ ակնկալել ներդրումներ: Ինչ վերաբերում է հիմնադրամների ստեղծմանը, չգիտեմ, բիզնես-նախագծերի ներիկայացմանը, ինչպես վարչապետն է հորդորում բիզնես-նախագծեր ներկայացնել, չեմ կարծում, թե կառավարությունը հենց այդ ֆունկցիայով պետք է զբաղվի: Ըստ էության դա առևտրային բանկերի ֆունկցիան է, ի՞նչ է նշանակում՝ կվարկավորենք բիզնես նախագծեր: Բայց բանկերն այսօր նույնիսկ չեն կարողանում վարկավորել, որովհետև այդ վարկերի կարիքը չկա, ներդրման դաշտը գոյություն չունի: Եթե դու չունես համապատասխան տեխնոլոգիաներ, ենթակառուցվածքներ, շուկաներ, ինչո՞վ ես դու գրավիչ: Դու պարզապես ներդրողների համար դիտարկվում ես որպես ռիսկերով լի տնտեսական տարածություն:

-Այս իրավիճակից դուրս գալու համար ո՞րն է ելքը:

-Աճի համար նախապայմաններ ստեղծելու համար նախ պետք է կարողանաս իրականացնել ինքնուրույն տնտեսական քաղաքականություն, դու պետք է ունենաս զարգացման այլընտրանքներ, հնարավորություններ: Տվյալ դեպքում մեր զարգացման այլընտրանքներն ու հնարավորությունները կապված են եվրոպական տնտեսական տարածքին ինտեգրվելու հետ: Այլ տարբերակ պարզապես գոյություն չունի: Եթե որևէ մեկն ունի այլ տարբերակ, թող առաջարկի: Որպես այլ տարբերակ՝ ուղղակի առաջարկում են կախվածության խորացում Ռուսաստանից, որն էլ հանգեցրել է այս վիճակին:

Էմմա Մանուկյան

MediaLab.am