«Մի՞թե Հայաստանը շարունակում է այն գիծը, որ պահածոյի տուփերով պետք է իմանա հակառակորդի գալու մասին, Սա ո՞ր դարն է»․ Ստյոպա Սաֆարյան

29-12-2016
18678 դիտում
«Մի՞թե Հայաստանը շարունակում է այն գիծը, որ պահածոյի տուփերով պետք է իմանա հակառակորդի գալու մասին, Սա ո՞ր դարն է»․ Ստյոպա Սաֆարյան

Սահմանային լարված իրավիճակի շուրջ «Մեդիալաբը» զրուցել «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ:

֊Պարոն Սաֆարյան, ինչո՞վ եք բացատրում այս փուլում թշնամու կողմից Տավուշի մարզի հատվածում սահմանային լարվածության ուժեղացումը:

֊Ես դեռևս աշնանը նշել էի երկու գոծոն, որոնց պատճառով տարեվերջին և 2017-ի սկզբին միանգամայն հավանական եմ համարել լարվածությունը: Առաջին գործոնը դա այն է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Իլհամ Ալիևը բացահայտ հաստատեցին, որ 2017-ին սպասում են Ռուսաստանի աջակցությամբ ճեղքում բանակցային գործընթացում, և դա իրենց համար վերջնաժամկետ է: Այսինքն՝ դա նշանակում է, որ մինչև 2017 թվականը իրենց խելոք կպահեն, կառուցողական, բայց երբ ճեղքումը չստացվի, այդ դեպքում կդիմեն գործողությունների: Սա առաջին գործոնն էր, և եթե Ալիևը նման վերջնաժամկետ է ակնարկում, նշանակում է, որ գնում է լարվածության աճի:

Երկրորդ գործոնը դա ԱՄՆ-ում իշխանության փոփոխության խնդիրն է: Բավական լուրջ վակուում է առաջանում Միացյալ նահանգների ազդեցության գոտիներում: Եվ պետք է հիշենք ուղղակի, որ ԱՄՆ նախագահի նախորդ ընտրությունների ժամանակահատվածում տեղի ունեցավ ռուս-վրացական պատերազմը: Ես համարում եմ, որ այս գործոններն էական են՝ բարձրացնելու համար ներկայիս լարվածությունը:

Իհարկե, Ադրբեջանը մշտապես հետևում է ՀԱՊԿ ներսում Հայաստանի հետ կատարվող իրադարձություններին: Ես վստահ եմ, որ ՀԱՊԿ վերջին նիստում Հայաստանի դեմ հայտնի դավադրությունը պայմանավորված էր հենց Բելառուսի նախագահի՝ Բաքու այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությամբ, և դա եղել է Իլհամ Ալիևի խնդրանքը: Եվ տեսնելով, որ Հայաստանին ՀԱՊԿ-ում նվաստացնում են, Ալիևը դա միշտ ընկալել է որպես Հայաստանի միջազգային հարաբերությունների թուլացման, դաշնակիցների կողմից չպաշտպանվածության նշան և դիմել է նման քայլի:

֊Իսկ առաջիկայում դարձյա՞լ կսրվի սահմանային իրավիճակը:

֊Ցավոք այո: Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք նկատեցինք, որ բացարձակապես խաղաղություն պահպանվեց Հայաստանի սահմաններին: Եվ այժմ ակնհայտ է, որ Ադրբեջանը մոդել է փոխել և գնում է լայնամասշտաբ գործողությունների: Եվ այս պահին նրան կանգնեցնող քիչ բան կա: Ի դեպ, ՀԱՊԿ այսօրվա հայտարարությունը դրա մասին էր վկայում, որտեղ նույնիսկ խուսափել էին հնչեցնել Ադրբեջանի անունը: Խուսափել էին հասցեական նշելու, թե ով է միջադեպի հեղինակը, խուսափել էին որակում տալ բուն միջադեպին: Այո, այն ածականով սադրանք էին որակել, բայց, որպես ռազմական տերմինաբանություն, կոնկրետ հստակցված չէ, թե ինչ միջադեպի մասին է խոսքը:

֊ՀԱՊԿ այս պահվածքն անակնկալ չէ հայկական կողմի համար, այսինքն՝ ի՞նչ է մնում, այսքանից հետո Հայաստանը փաստորեն պետք է պարզապես հույսեր չկապի՞ այդ կառույցի հետ:

֊Այո, այդպես է ստացվում, Հայաստանը երբեք չի կարող ապավինել այդ կառույցի աջակցությանը և թեկուզ ուշացած, բայց պետք է սկսի լրջորեն վերակառուցել իր պաշտպանական համակարգերը:

֊Ինչո՞ւ է ամեն անգամ ՀԱՊԿ-ն նման գործելաոճ որդեգրում:

֊ՀԱՊԿ-ն այդպես է իրեն պահում, որովհետև Իլհամ Ալիևը խնդիր է դրել վատթարացնել Հայաստանի հարաբերությունները այն կառույցների անդամների հետ, որոնց Հայաստանն անդամակցում է: Եվ դա հետևողականորեն Ադրբեջանն անում է՝ աշխատելով Ղազախստանի, Բելառուսի հետ՝ երբեմն-երբեմն այդ երկրներին տարատեսակ աջակցություններ ցույց տալով: Եվ ահա, ինքն ունի աջակցություն այդ երկրների կողմից:

֊Դուք նաև հարց եք բարձրացրել, թե բանակի գենարալների ունեցվածքի ֆոնին փաստորեն մեր բանակը շարունակում է համալրված չլինել սահմանային նորագույն տեխնոլոգիայով: Այսինքն՝ հակառակորդը կարող է անարգել ներթափանցել մեր դիրքեր, այն դեպքում, երբ կարելի էր նորագույն տեխնոլոգիաների միջոցով այդ հարցը լուծել: Ինչո՞ւ է այս վիճակը:

֊Պետք է մեր պարագայում հասկանանք ամոթի չափերը: Օրը ցերեկով զինվորը գնում է լվացվելու, և նրա դեմ դուրս է գալիս ադրբեջանական դիվերսիոն խումբը: Սա ո՞ր դարն է: Այս 21-րդ լուսավոր դարում, երբ տեխնիկան ուղղակի հրաշքներ է գործում, երբ հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներն ի վիճակի են բավական բարդ խնդիր լուծել, ինչի՞ է նման սա: Մենք տեսնում ենք պաշտպանության նախարարության համարանիշերով շքեղ ու թանկարժեք մեքենաներ, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների դղյակներ, և սրա կողքին այս սահմռկեցուցիչ տեսարանը, երբ զինվորը կարող է լվացվելիս ուղղակի բախվել ադրբեջանական դիվերսիոն խմբին: Մի՞թե Հայաստանը շարունակում է այն գիծը, որ պահածոյի տուփերով պետք է իմանա հակառակորդի գալու մասին:

Այս ամենից խուսափելու համար արմատական փոփոխություններ պետք է արվեն, բանակը պետք է դառնա գիտության թիվ մեկ գործընկերը, կրթության թիվ մեկ պատվիրատուն, լավագույն մասնագետներին որսացող թիվ մեկ հաստատությունը: Ուղղակի անթույլատրելի է նման մտավոր կարողություն ունենալու պարագայում նման միջնադարյան մեթոդներով թշնամուն դիմավորելը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am