«Հայաստանյան օրենսդրական բազան բավարար է նման դեպքերով գործեր հարուցելու համար». Սիրո, ատելության եւ մի նկարի պատմություն

05-01-2017
91618 դիտում
«Հայաստանյան օրենսդրական բազան բավարար է նման դեպքերով գործեր հարուցելու համար». Սիրո, ատելության եւ մի նկարի պատմություն

Հայ կնոջ և սևամորթ տղամարդու ընտանեկան լուսանկարի շուրջ առաջացած աղմուկը ցույց է տալիս, որ հայ հասարակության մեջ կարծրացած մտածելակերպ կա, և դարձյալ թիրախավորվել է կինը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց հրապարակախոս, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանը:

«Կարծես թե կինը համայնքի սեփականությունն է, և ամբողջ համայնքը քննարկում է կնոջ անձնական կյանքը, թե ում հետ ինչ հարաբերությունների մեջ է, ամուսնացել է, չի ամուսնացել: Վերջապես սա մարդու անձնական ընտրությունն է, մարդու անձնական կյանքն այն վայրն է, որտեղ որևէ մեկն իրավունք չունի ներխուժելու: Սա ավելի շատ ռասիզմի դրսևորում եմ դիտարկում, որի մասին պետք է մտահոգվեն պատկան մարմինները, որ երկրում ռասիզմի, անգամ ֆաշիզմի լուրջ դրսևորում կա»,- «Մեդիալաբին» ասում է Զառա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ միաժամանակ, այս դեպքում գործ ունենք կանանց նկատմամբ խտականության հետ: Նկարի հերոսը կին է, ով այլազգի տղամարդու հետ է ամուսնացել, հետևաբար, ըստ մասնագետի, կինն էլ ավելի է թիրախավորվում, վերահսկողություն է կնոջ կյանքի նկատմամբ:

Օրերս «Մարաշլյան» ստուդիան իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հայ կնոջ, նրա սևամորթ ամուսնու ու նրանց որդու՝ հայկական տարազով լուսանկարը, ինչը համացանցում բուռն քննարկումների թեմա է դարձել: 

Օգտատերերի մի ստվար զանգված քննադատում է հայ կնոջ ամուսնությունը օտար տղամարդու հետ և «հայու գենը» պահպանելու կոչերով հանդես գալիս:  

Քննադատությունների պատճառով «Մարաշլյան» ստուդիան սոցցանցից հեռացրեց լուսանկարը՝ անելով հետևյալ գրառումը.

«Այս ընտանեկան լուսանկարը բացահայտեց, որ մեր հասարակությունն ունի լուրջ խնդիրներ քաղաքակիրթ դրսևորման և ընդունել իրականությունն այնպես, ինչպիսին այն կա»:

Վերջերս ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխված երիտասարդ Հայկ Նազարյաննը այս լուսանկարը տարածած ու քննադատած անձանցից մեկն է:

«Երբ ես տեսա այս նկարը, շատ բարկացա ու այլևս չկարողացա զսպել ինձ, հետևաբար ինձ արգելափակեցին իրենց էջից։ Եթե հիմա հանդուրժողականություն ցուցաբերենք այս ապազգային երևույթների հանդեպ, ապա ժամանակի ընթացքում կկորցնենք մեր արյան միատարրությունը և առհասարակ մեր հայ տեսակը։ Մենք ոչ միայն պետք է թույլ չտանք, որ Հայաստանում այսպիսի հրեական սրբապիղծ և հակահայկական պրոպագանդա տարածվի, այլև ամբողջովին պետք է արմատախիլ անենք այն»,- գրել է Հայկ Նազարյանը։ 

Հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանը ևս հանդես է եկել քննադատությամբ:

«Ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա»,- լուսանկարը հրապարակած ստուդիայի հասցեին գրել է Սարգիս Հացպանյանը։ Այնուհետև շարունակել է. «Ձեր էջում տեղադրված հայուհու իբր թե սևամորթ տղամարդու հետ կազմած ու ինչու չգիտես հին հայկական տարազներով համեմված «ընտանեկան» լուսանկարը խայտառակություն է, էլ չեմ ասում փոքրիկն Տիգրանիկի մասին, որ ըստ իս մեր աննման արքայից արքայի անվան պատիվ չի բերում... ուզում էի, որ իմանաք»։

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կարծրացած մտածելակերպ ունեցողներին՝ մասնավորապես նշելով. «Նողկում եմ, խոսքի ազատությունը, և ըստ երևույթին որևէ ազատություն հայու գենի համար խիստ վտանգավոր է, պիտի գլխներիդ բամփող լինի, որ ձեզ խելոք պահեք ու կարծիք չհայտնեք»:

Զառա Հովհաննիսյանը նկատում է, որ սա ցուցիչ էր, հասկացանք, որ հայ հասարակության մեջ այս կարծրացված մտածելակերպն է իշխում:

«Պատահական չէ, որ ամբողջ տարվա ընթացքում կանանց իրավունքները պաշտպանող իրավապաշտպաններին ամեն կերպ վարկաբեկում են և դա համարում հայ ընտանիքը քանդելու գործունեություն: Հիմա մենք տեսնում ենք, թե ինչքան սուր է այդ հարցը դրված, և անգամ մեկ լուսանկարը կարող է նման աղմուկ բարձրացնել: Այս դեպքն ամբողջովին բացեց այն կոնտեքստերը, որոնք առկա են՝ խտրականություն, պահպանողականություն, ռասիզմ, մարդու իրավունքների և ազատությունների հանդեպ կարծրատիպային մոտեցում, հատկապես եթե դա կին է»,- ասում է Զառա Հովաննիսյանը:

«Կանանց ռեսուրս կենտրոնի» ղեկավար Լառա Ահարոնյանն էլ նկատում է, որ
միշտ էլ Հայաստանում եղել է այս մոտեցումը, պարզապես մարդիկ այսպես ակնհայտ չէին արտահայտվում: Ֆեյսբուքն առիթ եղավ, որպեսզի հասարակության այս վերաբերմունքը հստակ երևա:

«Այդ արձագանքն է հչում, որովհետև խոսքը հայ կնոջ մասին է, ով ամուսնացած է օտար ազգի տղամարդու հետ: Գենդերային մոտեցում կա, որ կինը չպետք է ամուսնանա օտարազգի տղամարդու հետ, որովհետև կինը սեփականություն է և պետք է ամուսնանա միայն հայի հետ»,- «Մեդիալաբին» ասում է Լառա Ահարոնյանը:

Նրա խոսքով՝ փաստացի այն իրավիճակն է, որ հայ հասարակության մոտ կարծարացած մտածելակրպ կա:

«Մենք աշխատում ենք մարդու իրավունքների ոլորտում և այդ երևույթները շատ անգամ ենք տեսնում: Սոցիալական ցանցերն այսօր օգնում են, որ այն, ինչ մենք գիտեինք, ակնհայտ դառնա: Պետք է ակնհայտ դառնա, որ հետ կարողանանք այդ ուղղությամբ աշխատել: Երբ դա ակնհայտ չէ, մարդիկ ասում են, որ նման բան չկա, չկա խտրականություն ու ատելություն: Սրա շնորհիվ նաև օգուտ կարող է լինել, որովեհետև մարդիկ իմանում են, որ կա նման վերաբերմունք»,- ասում է Ահարոնյանը:

Նրա խոսքով՝ միայն օրենքներով ու մարդկանց պատժելով հնարավոր չէ լուծել այս խնդիրը, պետք է աշխատանք տանել մարդկանց մտածելակերպը փոխելու ուղղությամբ:

«Այս դեպքի շնորհիվ նախ մարդիկ իմացան, որ նման վերաբերմունք կա, իսկ դա հնարավորություն կտա պայքարել այդ տեսակետների դեմ»,- ասում է նա:

Միաժամանակ Լառա Ահարոնյանը դրական է գնահատում այն, որ շատերն իրենց մեկնաբանություններում դատապարտել են խտրական վերաբերմունքը:

Հայաստանի Քարեական օրենսգքրի 226-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով: Նույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով,  բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Անդրադառնալով հարցին, թե ինչ իրավական գործընթաց կարելի է սկսել այս գործով՝ Զառա Հովհաննիսյանը նախ նշեց, որ պետք է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյանը հանրային հնչեղություն ունեցող նման դեպքերում անպայման միջամտի, հայտարարությամբ հանդես գա:

Նրա խոսքով՝ «հայաստանյան օրենսդրական բազան բավարար է նման դեպքերով գործեր հարուցելու համար», բայց մեր երկրում օրենքը հավասար չի գործում կանանց ու տղամարդկանց համար, դատարաններն ու իրավապահ մարմինները խտրական վերաբերմունք են դրսևորում:

«Թվում է, թե օրենքը Հայաստանում հավասար է կանանց ու տղամարդկանց համար, բայց դատարաններում այնպիսի խտրական մոտեցում է ցուցաբերվում, անգամ եթե տուժողն արդեն մահացել է: Ամեն կերպ վարկաբեկում են նրա անձնական կյանքը: Անպայման փաստարկ են բերում, որ տաղամարդը ունեցել է պատճառ, որպեսզի կնոջը սպանի: Հայաստանում դատարաններն ու իրավապահ համակարգն այնքան խտրական են, որ եթե անգամ օրենքը հավասար է բոլորի համար, միևնույն  է, այնպիսի մեկնաբանություններ ու պատճառաբանություններ են գտնում, որ վարկաբեկում են կնոջը և արդարացնում տղամարդուն»,- ասում է նա:

Էմմա Մանուկյան

MediaLab.am