«Ես ակնկալիք չունեմ, որ ազատ ու արդար ընտրություններ կլինեն, բայց դա չի նշանակում, պետք է հանձնվենք». Թեհմինե Ենոքյան

24-01-2017
14685 դիտում
«Ես ակնկալիք չունեմ, որ ազատ ու արդար ընտրություններ կլինեն, բայց դա չի նշանակում, պետք է հանձնվենք». Թեհմինե Ենոքյան

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը «Ամալյա Կոնստանյանի» անվան 2015 թվականի մրցանակն անցյալ տարեվերջին հանձնեց լրագրող, ակտիվիստ Թեհմինե Ենոքյանին: Մրցանակաբաշխության կազմակերպիչները գտել են, որ Թեհիմինեն աչքի է ընկել մասնագիտական բարձր հմտություններով, խիզախությամբ և սկզբունքայնությամբ: «Մեդիալաբը» մի քանի հարց է ուղղել Թեհմինե Ենոքյանին:

-Թեհմինե, դուք վերջերս մրցանակի արժանացաք: Ի՞նչ խորհուրդ ունի այն ձեզ համար:

-Ինձ համար շատ կարևոր մրցանակ էր ըստ էության, բայց կարծում եմ դեռ բավականաչափ այս դաշտում աշխատանք չեմ արել, որպեսզի արժանանայի նման մրցանակի: Ըստ էության մրցանակը շնորհվել է 2015 թվականի «էլեկտրիկ Երևան» ակցիաները լուսաբանելու համար, որտեղ ֆիքսվեցին քաղաքացիական հագուստով ոստիկանների և ոչ միայն նրանց գործողությունները: Ինձ պարզապես հաջողվեց պատահականությունների միջոցով դուրս պրծնել բռնությունների օղակից, և ճիշտ ժամանակին հայտնվել տաքսու մեջ: Այդ կադրերը դարձան հանրության սեփականությունը, մարդիկ ավելի զգոն էին և զգուշավոր, բոլորը սկսեցին ճանաչել այդ ոստիկաններին, չնայած նրանք ոչ մի պատասխանատվություն ըստ էության չկրեցին: Պարտավորված եմ ինձ զգում, որ հետագա աշխատանքներում քաղաքացիական, քաղաքական պայքարի դաշտում համապատասխանեմ այդ չափանիշներին:

-Թեհմինե, եթե գնահատենք 2015-2016 թվականները, ինչպիսի՞ն էին դրանք մարդու իրավունքների խախտման տեսակետից: Մենք ականատես եղանք առնվազն երկու խոշոր միջադեպերի, երբ ոստիկանների կողմից զանգվածային բռնություններ գործադրվեցին բողոքի ձայն բարձրացրած քաղաքացիների նկատմամբ:

-2015 թվականը աչքի է ընկել Բաղրամյան պողոտայի դեպքերով, երբ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներից ավելի քան 245-ը բերման ենթարկվեցին ոստիկանների կողմից և բռնությունների ենթարկվեցին փողոցում, ինչպես նաև 24 լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտվեց: Այս դեպքերով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջնակներում քննություն է ընթանում, բայց արդյունքների տեսակետից ոչ մի առաջընթաց չկա: Պատասխանատվության ենթարկված ոստիկաններ առայժմ չկան, գործը նախաքննության փուլում է, չնայած որ ավեի քան մեկ տարի է անցել:

2015 թվականի դեկտեմբերի 6-ն էր շատ խորհրդանշական օր՝ ընտրական իրավունքի խախտման տեսակետից: Այդ օրը բավական թվով լրագրողների գործունեությունը խոչընդոտվել է, անգամ կար հարուցված երկու քրեական գործ, դատավճիռներ են կայացվել, բայց արդյունքները հուսադրող չեն: Կես միլիոնից մինչև 1.5 մլն դրամի շրջանակներում վարչական պատիժ է սահմանվել մեղավորների նկատմամբ, ինչը չի կարող կանխարգելել հետագա բռնությունները:
Իսկ այս տարվա հուլիսյան դեպքրեը ցույց տվեցին, որ սահմանադրական փոփոխություններից հետո խաղի կանոնները փոխվել են, ավելի կոշատացել: Եթե ժամանակին կային որոշակի հակասություններ գրված օրենքերի և դրանց կիրառության միջև, այժմ կարելի է ասել, որ ավելի շատ իրականությունը հաստատվել է օրենքներով, և այսուհետ բռնությունն ավելի շատ օրինականացված բնույթ է կրելու: Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ բազմաթիվ քաղաքացիներ բռնությունների ենթարկվեցին ու դարձան ոստիկանության կամայականությունների զոհ, ունեցանք մոտ 4-5 լրագրողներ, ովքեր լուրջ վնասվածքներ ստացան Սարի թաղի դեպքերի ժամանակ և հայտնվեցին հիվանդանոցներում: Էլ չենք խոսում այն քաղաքացիների մասին, ովքեր մինչև օրս բուժում են ստանում, ոմանք՝ անգամ Հայաստանի սահմաններից դուրս: Այդ մարդիկ նաև ֆինանսական լուրջ վնասներ կրեցին, որովհետև պետական պատվերի շրջականերում տրված բուժումը բավարար չէր իրենց առողջությունը վերականգնելու համար:

-Այսինքն՝ մենք նկատում ենք, որ ոստիկանության գործողությունները ավելի բիրտ են դառնում, և անպատժելիության մթնոլորտ կա երկրում: Բայց միաժամանակ նկատում ենք, որ այդ բռնությունների հեղինակները չեն պատժվում, այդպե՞ս է:

-Իրականում մենք տեսնում ենք հետևյալը՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով տեղի են ունենում մի շարք գործողություններ, օրինակ, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կաարապետյանին համակարգից հեռացնելը, Լևոն Երանոսյանի եղբորը պաշտոնակ անելը: Բայց այս անձանց ընդամենը ժամանակավորապես հանրության աչքից հեռացնում են, մի պաշտոնից մյուսն են տեղափոխում՝ տպավորություն ստեղծելով, թե արդարադատություն իրականացրեցին և պատժեցին նրանց, ովքեր հանցագործություն էին կատարել: Այսինքն՝ տպավորություն է, որ Վլադիմիր Գասպարյանը չէ հուլիսյան դեպքերի ժամանակ հրաման տվողը, տպավորություն է, որ կառավարման օղակների վերին շերտում գտնվող անձինք կապ չեն ունեցել այս ամենի հետ: Ըստ էության, երբ քրեական գործերն էլ հարուցվում են, դրանք հարուցվում են հետևյալ կերպ՝ ընդհանուր մի մեծ գործ են հարուցում Հատուկ քննչական ծառայությունում, և քո դեպքն առանձին գործով չի քննվում, դա ամբողջ գործի մի մաս է կազմում: Եվ քո նկատմամբ եղած բռնությունը՝ որպես քաղաքացի, որպես լրագրող, այդ ամբողջ գործի շրջանակներում ուղղակի ժամանակի ընթացքում մոռացվում է: Դա հատուկ մշակված քաղաքականություն է՝ ինչպես անել, որ գործերը սառեցվեն: Ստացվում է, որ անձն առանձին չի կարող դիմել Վարչական դատարան, բողոքել, որ ոստիկանն իրեն բռնության է ենթարկել, արդարադատության հարթակ բերել այդ ոստիկանին: Ես փորձել եմ Բաղրամյան պողոտայի դեպքերով տեսանյութ ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ առանձին գործ հարուցելու պահանջով կոնկրետ այն անձանց նկատմամբ, ովքեր ինձ հայհոյել ու քաշքշել են, բայց իմ նյութերը վերցրել ու կցել են մեծ քրեական գործի շրջանակներում քննվող գործին: Ես հնարավորություն չեմ ունեցել, որպեսզի իմ դեպքն առանձին քննվի: Մենք կարող ենք ասել, որ այն ոստիկանները, որոնց անունները շոշափվել են, ոմանք համակարգից դուրս են եկել, ոմանք Հայաստանի սահմաններից էլ են դուրս եկել, և արդյունքում դու արդարադատություն այդպես էլ չես կարողանում ստանալ: Պետք է դատարանում լինի գոնե մեկ վճիռ, որ դու դա կարողանաս վիճարկել այլ ատյաններում, դա կլինի Վերաքննիչ դատարան, Եվրադատարան կամ միգուցե ՄԱԿ: Բայց քանի դեռ դու չունես վճիռ, ոչինչ չես կարող որևէ տեղ վիճարկել: Այսինքն՝ տարիներով կարող են ձգձգել, և արդյունքում դու կմոռանաս, թե ինչ էր տեղի ունեցել:

-Իսկ հաշվի առնելով այս միտումները, հետագայում ի՞նչ է սպասվում, մարդու իրավունքների խախտման առումով վիճակն ավելի՞ է բարդանալու:

-Ըստ էության, սահմանադրական փոփոխություններով հիմնովին փոխվեցին խաղի կանոնները: Եթե նախորդ Սահմանադրությամբ մարդը գերագույն արժեք էր, այժմ դա հետին պլան մղված մի կետ է: Փոփոխվեց նաև Ընտրական օրենսգիրքը, առաջիկայում ընտրությունների ժամանակ էլ լինելու են ճնշումներ: Երբ քաղաքացիներն սկսեցին դիտորդական գործունեություն ծավալել տեսախցիկներով զինված, դա դարձավ վտանգավոր, եթե դա իրենից վտանգ չներկայացներ, ընդհանրապես Ընտրական օրենսգիրքը չէին փոխի: Ըստ էության, կարծում եմ առաջիկայում այդ առումով բավական ծանր տարի է սպասվում: Գալիք ընտրություններում խաղահրապարակ են մտնելու այնպիսի ուժեր, որոնք փորձելու են վերահսկել, որ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացվեն: Դա էլ բերելու բախումների, ինչն էլ հանգեցնելու է բռնությունների կրկնությանը: Ես ակնկալիք չունեմ, որ ազատ ու արդար ընտրություններ կլինեն, բայց բռնությունները չեն բացառվելու հաստատ: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հանձնվենք:

Էմմա Մանուկյան

MediaLab.am