«Եթե Հովիկ Աբրահամյանը մտնի որևէ կուսակցություն կամ դաշինք, նշանակում է, որ նրան իշխանություններն են ուղարկել այնտեղ»․ վերլուծաբաններ

24-01-2017
20144 դիտում
«Եթե Հովիկ Աբրահամյանը մտնի որևէ կուսակցություն կամ դաշինք, նշանակում է, որ նրան իշխանություններն են ուղարկել այնտեղ»․ վերլուծաբաններ

Հովիկ Աբրահամյանի հեռացումը ՀՀԿ-ից կարող է պայմանավորվածություն լինել Սերժ Սարգսյանի հետ, միգուցե նրա առաջ որևէ ֆունկցիա է դրված իշխանության կողմից: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու մասին որոշմանը:

«Միանգամայն կարող են պայմանավորված լինել, միգուցե Հովիկ Աբարահամյանի առաջ այդ խնդիրն է դրված, որ այդ ձևով ինքը իշխանության համար որոշակի ֆունկցիա կատարի: Այլապես նա վերջին շրջանում որևէ ֆունկցիա Սերժ Սարգսյանի ու իշխանության համար չէր կատարում»,- «Մեդիալաբին» ասում է  «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նախագահ Ստյոպա Սաֆարյանը:

Ըստ նրա՝ միգուցե վերջին շանսը, որը կարող է Հովիկ Աբրահամյանի համար նորից որևէ կարգավիճակ ապահովել իշխանության մեջ, ընդդիմության մեջ որոշակի ֆունկցիա կատարելն է:

«Հիմա թե այդ առումով պայմանավրվել են, թե Սերժ Սարգսյանը հաշվարկել է, սա արդեն տեխնիկական հարց է դառնում»,- հավելում է Սաֆարյանը:

Վերլուծաբանը միժամանակ նշում է՝ եթե անգամ պայմանավորվածություն չէ դա, Հովիկ Աբրահմայնանն ու նման քայլի դիմող գործիչները իշխանության համար այնքան կանխատեսելի խաղացողներ են և այնքան խոցելի, որ իշխանությունը նրանց հարցն ուղղակի մեկ վայրկյանում կլուծի: Եվ թերևս նրանք տեսել են, թե ինչ է լինում անհնազանդ վարքագիծ դրսևորելու դեպքում:

«Հանկարծ որևէ գծից շեղումն անշուշտ թանկ է արժենալու, և նրանք դա լավ գիտեն: Նրանք մաքուր կեսագրությամբ քաղաքական գործիչներ չեն, որպեսզի թքած ունենան դրա վրա»,- ասում է նա:

Ստյոպա Սաֆարյանը չի կարծում, թե իշխանության ներսում առանձնապես լուրջ գործըթնաց է տեղի ունենում այս փուլում: Նրա խոսքով՝ Հովիկ Աբրահամյանն, իհարկե, երկրորդական կուսակցական չէր ՀՀԿ-ում, նա ռեսուրսներ տնօրինող մարդ է, և պարզ է, որ նրա ամբիցիաները չեն բավարարվել:

«Նա վարչապետ է դարձել, կարող էր ընտրություններից հետո լավագույն դեպքում հավակնել նոր վարչապետի տեղին, բայց քանի որ ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ Կարեն Կարապետյանն առնվազն խորհրդարանական ընտրություններից հետո էլ է լինելու վարչապետ, բնականաբար Հովիկ Աբրահամյանը ոչ կարող է գնալ ու նրա ենթակայությամբ նախարար աշխատել կամ փոխվարչապետ, Ազգային ժողովի նախագահի տեղում էլ հավանաբար նրան չեն տեսնում: Եվ կուսակցության ներսում տեղի ունեցող իրադարձություները զուտ այդ դաշտում են»,- ասում է նա:

Սաֆարյանի խոսքով՝ չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանն անձնական նեղացվածության խնդրով է դուրս գալիս ՀՀԿ-ից, բայց նա այնքան անխոցելի կերպար չէ, որ կարող է առաջնորդել որոշ ընդդիմադիրների փայփայած ու երազած իշխանափոխությունը: Բացառվում է, որ Հովիկ Աբրահամյանը դառնա ընդդիմադիր գործիչ:

«Նա չի կարող ընդդիմադիր կեցվածք ընդունել: Գալիս է ընդդիմություն, որ ժողովրդի միջոցով Սերժ Սարգսյանին պարտադրի, որ իրենց ավելի բարձր պաշտոնի՞ նշանակի: Նա գալիս է դառնալու ընդդիմություն, որ ասի՝ գիտեք, ես իմ պոտենցիալը չեմ իրացրե՞լ: Նրանք զբաղեցրել են հանրապետության ամենաբարձր պաշտոնները, հետևաբար, այն ինչ կարող էին նրանք անել այս երկրի ու ժողովրդի համար: Թերևս արել են այնքանով, որքանով այդ պոտենցիալն ունեցել են: Հիմա էլ ինչո՞վ պետք է զարմացնեն մեզ, որ՝ գիտեք մեզ հիմնական խանգարողը Սերժ Սարգսյա՞նն էր»,- հարցդրում է անում Սաֆարյանը:

Քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը կարծում է, որ տեսականորեն հետևյալ գործընթացն է տեղի ունենում՝ Հայաստանում ավելի շատ մարդ ցանկություն ունի քաղաքականությամբ զբաղվելու, քան Սերժ Սարգսյանն է թույլատրում:

«Եվ դրա հետ կապված որոշակի կոնֆլիկտներ են առաջանում իշխանական կուսակցության ներսում»,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը:

Միաժամանակ նա նշում է, որ չի կարծում, թե Հովիկ Աբրահամյանը կարող է ընդդիմության շարքերը համալրել մի պարզ պատճառով՝ Հայաստանում ընդդիմություն չի կարող լինել: Հայաստանում կարող է լինել այնպիսի ընդդիմություն, ինչ որ կնշանակի Սերժ Սարգսյանը:

«Այսինքն՝ եթե Հովիկ Աբրահամյանը մտնի որևէ կուսակցություն կամ դաշինք, նշանակում է, որ նրան իշխանություններն են ուղարկել այնտեղ: Սպասենք զարգացումներին»,- ասում է Ենոքյանը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am