«Այո, բանակում զոհվում են սոցիալապես անապահովների երեխաները, և կարծես թե դա այդպես էլ պետք էլ լիներ»․ Ժաննա Ալեքսանյան

28-01-2017
19027 դիտում
«Այո, բանակում զոհվում են սոցիալապես անապահովների երեխաները, և կարծես թե դա այդպես էլ պետք էլ լիներ»․ Ժաննա Ալեքսանյան

Բանակում առկա խնդիրների վերաբերյալ «Մեդիալաբը» զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ:

֊Տիկին Ալեքսանյան, ի՞նչ իրավիճակ ունենք այսօր բանակում իրավունքների տեսակետից:

֊Եթե հաշվի առնենք նախորդ տարվա ապրիլյան պատերազմում ունեցած մեր մեծաթիվ զորհերն ու դրան գումարած ոչ պատերազմական վիճակում ունեցած զոհերը, դա մեծ թիվ է և շատ տխուր իրավիճակի մասին է փաստում: Մի կողմից ամբողջ ժողովուրդը տոգորված էր հայրենասիրությամբ, բայց միաժամանակ բանակի ներսում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքեր էինք ունենում, որոնք սպանություններ են կամ ինքնասպանություններ: 2016 թվականին արձանագրված այս ցուցանիշը գերազանցել է նախորդ տարիների տարեկան ցուցանիշը և կազմել է 13 սպանություն ու 13 ինքնասապանություն: Սա արտառոց իրավիճակ է, և անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող էր այդ հերոսական վերելքի, միասնության պահին տեղի ունենալ նաև այսպիսի դեպքեր: Սա չափից դուրս մտահոգիչ է: Եվ չկա այս մտահոգությունը կիսող բանակի ղեկավարություն, որը պետք է ամեն ինչ թողներ ու զբաղվեր այդ հարցով: Նախարարը պետք է գնար ու մտներ զորամասեր և տեսներ, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է այդ վիճակը տիրում: Սրա պատասխանատուն բանակի ղեկավարությունն է, նրանք պատասխան պիտի տան այդ ընտանիքների առաջ:

֊Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ նախորդ տարիներին բանակում խաղաղ պայմաններում արձանագրված մահվան դեպքերի ժամանակ պատշաճ քննություն չի տարվում իրավասու մարմինների կողմից: Տարիներ շարունակ մահացած զինծառայողների ծնողներն արդարություն են պահանջում, բայց արդյունքի չեն հասնում:

֊Այո, այս խնդրի մյուս մասը քննության է վերաբերում: Ինչո՞ւ է բանակում այդ իրավիճակը, որովհետև չեն բացահայտվում մահվան դեպքերը, կարող ենք ասել, որ որևէ դեպք չի բացահայտվել: Կատարվում է կեղծ ու շինծու քննություն, կոծկում են մահվան հանգամանքները: Նախորդ տարի արձանագրված 13 ինքնասպանության դեպքը շատ մեծ ցուցանիշ է, դեռ հայտնի չէ՝ դա սպանություն է, թե ինքնասպանություն:

Ես իմ ուսումնասիրած փորձի հիման վրա կարող եմ ասել, որ հիմնականում սպանությունները որակում են ինքնասպանություն: Բերեմ վերջին դեպքը, օրերս Տավուշում մարտական դիրքում մահացած Շավարշ Գալստյանի մասով Քննչական կոմիտեն միանգամից հաղորդագրություն տարածեց և նրա մահն ինքնասպանություն որակեց: Հաջորդ օրը մենք իմացանք, որ այդ տղան բռնության հետքեր ունի իր վրա: Իսկ եթե զինվորի վրա բռնության հետքեր կան, շատ դժվար է ասել, որ ինքնասպանություն է տեղի ունեցել: Եվ պատասխանատուներից որևէ մեկն այսօր չի մտածում այդ իրավիճակը փոխելու մասին: Քննչական կոմիտեն Գլխավոր դատախազության վերահսկողությամբ հաճույքով կոծկում է այդ բոլոր դեպքերը, և անպատժելիության, բռնության մթնոլորտը զորամասերի ներսում պահպանվում է:

Ուզում եմ խոսքս ուղղել բոլոր այն տղաներին, որոնք զոհվել են այդ միջանձնային հարաբերությունների ժամանակ, որ նրանք հերոսներ են: Նրանք բոլորն էլ զորակոչվել էին բանակ, որպեսզի հերոսանային, իրենք էլ սահմանին հակառակորդին կարողանային հետ շպրտել, բայց ցավոք սրտի, նրանք մահացել են: Եվ դրա պատասխանատուն պետությունն է և զինված ուժերի ղեկավարությունը: Նրանք պարտավոր են բանակում հաստատել կարգ ու կանոն:

֊Ապրիլյան պատերազմի օրերին ու դրանից հետո հատկապես բացահայտվեց, որ տարիներ շարունակ բանակին հատկացված միջոցները, մեղմ ասած, չեն ծառայել իրենց նպատակին, հարստացել են գեներալները: Խոստումներ հնչեցին, որ բանակի փողը կերած պաշտոնյաները պետք է պատժվեն: Ապրիլից շատ ամիսներ են անցել, ի՞նչ է փոխվել:

֊Թալանող ու հարստացած գեներալները համարվում են այս իշխանության թիմի անդամ: Եվ տեսանք, թե Վահան Բադասյանն ինչքան բարձրացրեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի ունեցվածքի հարցը, բայց նրանք ասացին՝ ոչ մի նման բան չկա, փակեցին այդ գործը, հարցը քննության առարկա չդարձավ: Մենք տեսնում էինք, որ ապրիլյան պատերազմին գրեթե զուգահեռ ՀՀԿ-ականները Հրազդանում ընտրությունները կեղծվում էին: Այսինքն՝ դրանով ապացուցվում է, որ նրանց հայերանասիրական ելույթները կեղծ են: Հայրենասիրության մասին իրենց պատկերացումներն այլ են:

֊Մենք տեսանք, որ բանակի յուրացումների հարցով գործեր հարուցվեցին, մի քանի պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից, բայց հետագա քայլեր կարծես չկան, դա բավարա՞ր էր:

֊Մենք չգիտենք, թե այդ պատիժների հարցն ինչպես ավարտվեց, այդ մարդիկ ուր գնացին: Մյուս կողից էլ ասում են, որ սահմանի տեխնիկական հագեցվածության առումով փոփոխություններ են արել, բայց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները հայտարարում են, որ սահամանի անվտանգությունն ապահովող բազմաթիվ սարքավորումներ են պատրաստել, բայց դեռևս պատվեր չեն ստացել, արձագանք չկա: Այսինքն՝ մեր զինվորները շարունակում են հեշտությամբ զոհվել բանակում, ինչպես ապրիլյան պատերազմի օրերին և դրանից առաջ: Կարծես սովորական է դառնում, որ զինվորը պետք է զոհի:

֊Եվ նաև կարծես օրինաչափություն է դարձել, որ սահմանին պետք է հայտնվեն ու զոհվեն անապահով ընտանքիների երեխաները: Այս արդարության վերականգնման հարցն էլ կարծես լուծում չի ստանում՝ չնայած բազմաթիվ ահազանգերին: Օրերս գրանցվեց զինծառայողի մահվան դեպք սահմանամերձ Տավուշում, այնինչ նա միակողմանի ծնողազուրկ էր, ընտանիքի միակ որդին, և չպետք է նման զինվորը ծառայության անցներ սահմանում:

֊Այո, բանակում զոհվում են սոցիալապես անապահովների երեխաները, և կարծես թե դա այդպես էլ պետք էլ լիներ: Մենք անգամ չենք տեսել, որ զոհերի թվում լինի միջին պաշտոնյայի որդի: Ինչպես ցույց տվեց հատկապես ապրիլյան պատերազմը, զոհվածները հիմնականում սոցիալապես անապահով են: Մեր միակ կայացած պետական կառույցը, մեր պաշտպանը դա մեր բանակն է այսօր: Մենք սիրում ենք մեր բանակը, և դա է պատճառը, որ ուզում ենք, որ այս թերությունների մասին բարձրաձայնելով՝ գոնե այս ղեկավարությանը ցույց տանք թերությունները շտկելու ճանապարհը: Եթե խնդիրների լուծմանը չպետք է ուշադրություն դարձնեն, ուրեմն նրանց հայտարարություններն ուղղակի խոսքեր են, նրանք սիրում են միայն տոնել բանակի օրը:

Լուսանկարը՝ «Ազատություն»

Էմմա Մանուկյան

MediaLab.am