«Ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողի զինգրքույկներում արված «անվավեր» նշումները ոչ թե վիրպում է, այլ զինծառայողներն նսեմացնելու քաղաքականություն»

01-02-2017
30881 դիտում
«Ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողի զինգրքույկներում արված «անվավեր» նշումները ոչ թե վիրպում է, այլ զինծառայողներն նսեմացնելու քաղաքականություն»

«Ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողի զինգրքույկներում արված «անվավեր» նշումները ոչ թե վիրպում է, ինչպես ԼՂՀ Պաշտպանության նախարարությունն է որակել, այլ զինծառայողներն նսեմացնելու քաղաքականություն»,֊այս կարծիքին է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ով «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձավ վերջին շրջանում զորացրված զինծառայողների հնչեցրած ահազանգին:

«Կարծում է, որ նման վրիպում չէր կարող լինել, և եթե այդպիսի աղմուկ չբարձրանար, գործընթացը շարունակվելու էր: Արդեն երկու շաբաթ է, որ այդ թեման շրջանառվում է մամուլում, այդ թեմայով զանգեր են եղել պաշտպանության նախարարություն: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ ասել է՝ կուսումնասիրենք հարցը: Այսինքն՝ տեղյակ լինելով այդ մասին՝ ի՞նչ անփութության մասին կարող է խոսք լինել: Այդ անփութություն թույլ տվողները չէին զսպվո՞ւմ, երբ նախարարը հրապարակավ ասաց, որ կուսումնասիրենք հարցը»,- «Մեդիալաբին» ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Նշենք, որ ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողների մի մասն այս փուլում հնարավորություն չեն ունենում օգտվելու բուհերում ուսման վարձերի 50 տոկոսանոց զեղչից, քանի որ զորացրվելիս նրանց զինվորական գրքույկներում կամ չեն գրել, որ մասնակցել են ապրիլյան պատերազմին, կամ էլ ջնջել են այդ գրառումն ու ավելացրել «անվավեր» գրառումը:

Այս մասին վերջին օրերին մամուլում բազմաթիվ ահազանգեր եղան: Ապրիլյան պատերազմին մասնակցած և զորացրված զինծառայողները «Ազատություն» ռադիոկայանին պատմել են, թե ինչպես են ստացել իրենց զինգրքույկներն ու զարմացել նման գրառումներ տեսնելիս:

ԼՂՀ Մարտունու շրջանում առաջնագծում զինծառայություն անցած և ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած նախկին զինծառայողներից մեկի պատմելով՝ ինքը հունվարի 18-ին է զորացրվել, բայց երբ ստացել է զինվորական գրքույկը, զարմացել է:

«Զորացրվելու օրը երբ ինձ հանձնեցին զինվորական գրքուկը, դրա մեջ նշված էր, որ մասնակցել եմ ապրիլյան պատերազմին, բայց վրան էլ կարմիր գրիչով գրված էր՝ անվավեր: Շատ մեծ զարմանք ապրեցի այդ օրը, որովհետև չեն գնահատում մեր արածը»,- պատմել է նա: Նախկին զինծառայողի խոսքով՝ իրենց ողջ դասակի բոլոր զինվորների զինգրքույկներում նմանօրինակ նշումներ են արվել: Բայց նույն իրենց զորամասից ամռանը զորացրվածների զինգրքույկներում նշվել է ապրիլյան պատերազմին մասնակցելու փաստը, այն կնքվել ու ստորագրվել է:

«Մեր ժամանակ արդեն փոխվեց այդ կարգը, սկսեցին կարմիր գրիչներով գրել՝ անվավեր, սպիտակ ներկով ջնջել այդ գրառումը: Մեր գրքույկները վերցրել էին, որպեսզի այս գրառման վրա ստորագրություն կամ կնիք դնեին, բայց հետո ինչ-որ հրաման ստանալով՝ վրան կարմիր գրիչով գրեցին՝ անվավեր»,- նշում է նա:
 
Զիծառայողները եզրակացրել են՝ հավանաբար իրենց ուսման վարձերի զեղչերից զրկելու պատճառով է բանակի հրամանատարությունը նման քայլի գնում:

«Այն ժամանակ երբ ծառայում էինք, ասում էին՝ վերադառնալուց հետո 50 տոկոս զեղչ է հասնում բոլոր մասնակիցներին, բայց հիմա այդ զեղչի մասին ոչ մի խոսք չկա, և միայն նշված է, որ մասնակցել եմ պետական սահմանի պաշտպանությանը»,- պատմում է զորացրված զինծառայողներից մեկը:

Մեկ այլ նախկին զինծառայողի խոսքով՝ ապրիլի 2-ից մինչև հունիսի 12-ն ինքը եղել է դիրքերում: Իր զինվորական գրքույկում էլ են գրել, որ մասնակցել է ապրիլյան պատերազմին, բայց հետո անվավեր են ճանաչել: Նրա պատմելով՝ զինծառայողներից մի մասի զինգրքույկներում ընդհանրապես այդ գրառումը չեն արել:

«Վաշտի հրամանատարը ցուցակ է ներկայացնում, այդ ցուցկաներում ընգրկվածների զինվորական գրքույկներում պետք է նշեին պատերազմին մասնակցելու մասին, բայց չեն նշել»,- ասել է զորացրված զինծառայողներից մեկը:

Զինծառայողները հիմնականում պարզաբանումներ չեն պահանջել զորամասերից, թե ինչու են անվավեր ճանաչել նախկինում արված գրառումները: Հրամանատարական կազմից էլ նրանց պատճառների մասին ոչ մի բացատրություն չեն տվել:

ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը վերջին օրերի մամուլի հրապարակումների կապակցությամբ փետրվարի 1-ին հանդես է եկել պարզաբանմամբ, որը, սակայն, հստակություն չի մտցնում այս խնդրում:

«Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետև անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով»,- նշվում է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է, որ սա զինծառայողներին նսեմացնող վերաբերմունք է, դրանով զինծառայողների հերոսական արարքն ուղղակի գետնին են հավասարեցնում:

«Մարդկանցիցն փող են հավաքում զինծառայողի սոցիալական խնդիրների լուծման համար, բայց սահմանին կանգնած ու հայրենիքը պաշտպանած տղաներին նման քայլերով զրկում են ուսման վարձի արտոնություններից: Սա շատ ամոթ է ամբողջը համակարգի համար, որ կարող են հերոս տղաներին այդպես հիասթափեցնել»,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպանը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օրերս հայտարարել էր, որ հետամուտ են լինելու այդ խնդրի կարգավորմանը:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացանք, որ հանձնաժողով է ստեղծվել, ուսումնասիրում են այս գործերը:

Նա նաև նշեց, որ այս դեպքերը համատարած չեն եղել: «Համատարած չէ, կոնկրետ դեպքերի մասին է խոսքը, եկեք վաղաժամկետ գնահատականներ չտանք»,- «Մեդիալաբին» ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է ծառայողական քննություն նշանակվի, հրամանատարական կազմից պատասխանատուներ պատժվեն տեղի ունեցածի համար, Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա այն աստիճանի դեպք չէ, որպեսզի ծառայողական քննություն անցկացվի, բայց պատիժներ կլինեն:

Լուսանկարը՝ «Ազատություն»

Էմմա Մանուկյան

MediaLab.am