«Կնոջ մերկությունը սրբություն է, ոչ թե անառակություն, եթե մարդիկ այդպես են հասկանում, իրենց անկրթությունն ու ցածր մակարդակն են ցույց տալիս»․ Տիգրան Խզմալյան

03-02-2017
22619 դիտում
«Կնոջ մերկությունը սրբություն է, ոչ թե անառակություն, եթե մարդիկ այդպես են հասկանում, իրենց անկրթությունն ու ցածր մակարդակն են ցույց տալիս»․ Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

-Պարոն Խզմալյան, վերջին օրերին քննարկման թեմա է դարձել կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանի մասնակցությամբ ֆիլմում մերկ տեսարանի հարցը: Մամուլում այդ մասին հրապարակում եղավ՝ զուգահեռներ անցկացնելով այն բանի հետ, որ անհամատեղելի է նման տեսարաններում նկարահանվելն ու արդարության համար պայքարելը։ Ինչո՞ւ է նման երևույթը քննարկվում հայ հասարակության մեջ, մամուլում, ի՞նչ իրավիճակի հետ գործ ունենք:

-Շատ կարելի է սրամտել այդ ողորմելի փաստարկների շուրջ, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ գրեթե բոլոր լեզուներում ճշմարտությունը մերկ է: Մենք ասում ենք՝ մերկ ճշմարտություն: Ընդհանրապես մերկության մեջ կա ճշմարտություն: Խոսքը գնում է նախ և առաջ կնոջ, դերասանուհու, գեղեցկուհու մասին, և դա նրա մասնագիտությունն է: Այսինքն՝ քննարկել դերասանուհու մերկությունը ֆիլմում կամ քննադատել դա, եվրոպական քաղաքակրթությանը կատուկ հակասող մոտեցում է: Իսկ եթե եվրոպական չէ, ուրեմն դա ընդգծված ասիական մոտեցում է, իսլամական էլ չեմ կարող ասել, որովհետև իսլամական մշակույթի մեջ կան էրոտիկ մանրանկարներ:

Մարդիկ մերկ են ծնվում, մերկ են մահանում, սիրով զբաղվում են մերկ: Եվ ժամանակ առ ժամանակ մարդկանց պետք է մերկացնել՝ և բառի բուն իմաստով, և փոխաբերական: Այս ճղճիմ քննարկումներով այդ ողորմելի գործիչը, ով հայտնի է իր քաղաքական մարմնավաճառությամբ, մերկացրեց միայն ինքն իրեն: Մարդիկ, ովքեր թույլ են տալիս նման արտահայտություններ կամ հավանում են դա, մերկացան ամիջապես , և դա ոչ ավելի, ոչ պակաս՝ քաղաքական ստրիպտիզ է:

Բացի այդ, դա անհարգի վերաբերմունք է կնոջ, արվեստագետի հանդեպ, ինչը կինոռեժիսորի համար, մեղմ ասած, տարօրինակ է: Մինչև վերջերս մենք չէինք օգտագործում նման ապուշ փաստարկներ, որովհետև մենք կարծես թե եվրոպական քաղաքակրթությանն ենք պատկանում, որտեղ հենց մերկության դասական օրինակների վրա ենք մեծացել: Կլինի դա հին հունական, թե հին հռոմեական արվեստը: Հայկական դիցուհիները մերկ են եղել, որովհետև մերկությունը տվյալ դեպքում հզորության ու ուժի նշան է: Եթե ընկեր Բաբուխանյանը լիներ հայոց պատմության մասին պատմող թանգարանում, այնտեղ կտեսներ Աստղիկի, Անահիտի քանդակները, մեր դիցուհիները մերկ են: Անահիտի քրմուհիները զորքից առաջ էին գնում և մարտի ժամանակ մերկացնում էին կուրծքը, որովհետև դրանով նրանք խորհրդանշում էին Անահիտ աստվածուհու ուժը, որն իր կրծքով պաշտպանում է հայոց բանակը: Հայոց բանակի՝ աշխարհի հնագույն բանակներից մեկի վահաններն իզուր չէ, որ կառուցված են կնոջ կրծքի ձևով: Կնոջ մերկությունը սրբություն է, ոչ թե անառակություն: Եթե մարդիկ այդպես են հասկանում անառակությունը, նրանք միայն իրենց անկրթությունն ու ցածր մակարդակն են ցույց տալիս:

֊Եվ այդ տեսարանը կապվում է Արսինե Խանջյանի քաղաքացիական դիրքորոշման հետ: Ի՞նչ կապ ունի մերկությունը ընտրությունների չկեղծման պահանջի հետ: Միգուցե իշխանության որոշ գործիչներ կա՞պ են տեսնում դրա մեջ:

֊Դա խոսում է կեղծավորության մասին, որովհետև ես կարծում եմ, որ այստեղ շատ խորը խորհրդանիշ կա: Այդ խորհրդանիշն այն է, որ Բաբուխանյանի քաղաքական համախոհներն ամեն ինչ անում են, որ դիմակներով շրջապատեն մեզ: Իրենք նույնպես իրական չեն, դիմակ են, ուղղակի կոստյումներ են: Կան մարդիկ առանց հագուստի, դա Արսինե Խանջյանն է, եթե նրա հագուստը հանես, կմնա Արսինե Խանջյան: Իսկ Հայկ Բաբուխանյանը դա շոր է առանց մարդու: Նա կոստյում է և փողկապ, այնտեղ ուրիշ բովանդակություն չկա: Արսինե Խանջյանին մարդ, կին, հասարակական գործիչ լինելու շորեր էլ պետք չեն, նա ներքուստ այնքան գեղեցկությամբ է լցված, որ նրա արտաքին գեղեցկությունը միայն ընդգծում է դա: Թեև դա գեղեցկության մասին չի խոսում, դա խոսում է այն մասին, որ մերկ Արսինե Խանջյանը շարունակում է մերկացնել այդ կոստյումներին:

Նրանք դիմակներ են հանգնում ճշմարտության վրա, դիմակներ են հանգնում ընտրության վրա, որովհետև ոչ մի ընտրություն չկա, որովհետև չկա հասարակություն, չկա իշխանություն: Այդ դիմակների տակ КГБ-ի կեղտոտ, կեղծավոր տենդն է, որը նրանք թաքցնում են իրենց, այսպես կոչված, բարոյականության դիմակով: Արսինե Խանջյանը դիմակների կարիք չունի, ահա ինչում է նրանց տարբերությունը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am