Ծեծի՛ր մերձավորիդ. ընտանեկան բռնությունը Ռուսաստանում ու Մոսկվայի քարոզչամեքենան

04-02-2017
28412 դիտում
Ծեծի՛ր մերձավորիդ. ընտանեկան բռնությունը Ռուսաստանում ու Մոսկվայի քարոզչամեքենան

Ռուսաստանի Պետական դուման 2017 թվականի հունվարի 27-ին երրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնությունները ապաքրեականացնող օրինագիծը։ Ըստ օրինագծի՝ այսուհետ Ռուսաստանում քրեական պատասխանատվության չեն ենթարկի այն անձանց, ովքեր առաջին անգամ են ձեռք բարձրացնում իրենց մոտ հարազատների՝ ամուսնու, երեխաների, ծնողների, քույր-եղբայրների վրա։

Այս օրինագիծը մեծ քննարկումների թեմա է դարձել, ինչի արդյունքում ավելի տեսանելի են դարձել խորքային խնդիրները ռուսաստանյան հասարակության ներսում։ Մյուս կողմից՝ օրինագծի ընդունումն ունի նաև ստվերային քաղաքական նշանակություն, քանի որ հստակ արտահայտում է արևմտյան և ռուսական արժեհամակարգերի տարբերությունը, ինչը, ի թիվս այլ բաների, ընկած է արևմուտք-ՌԴ առճակատման խորքում։

Այլ կերպ ասած, Մոկսվայում ուզում են ամեն կերպ արդարացնել պաշտոնական քարոզչամեքենայի այն վարկածը, որ ռուսներն ու եվրոպացիները տարբեր արժեհամակագեր ունեն:

Օրինագիծը

Համաձայն Պետական դումայի ընդունած օրենքի՝ ընտանիքի անդամին ծեծելու համար, եթե դա տեղի է ունենում առաջին անգամ, կիրառվելու է վարչական  տուգանք կամ վարչական ձերբակալում մինչև 15 օրով կամ 60-120 ժամ հարկադիր աշխատանքներ։ Նախկինում նման արարքի համար կիրառվում էր Քրեական օրենսգրքով նախատեսված պատիժ, որը գործելու է նաև այժմ, եթե դեպքը կրկնվի։

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2013 թվականին Ռուսաստանում ընտանիքի անդամների կողմից կիրառված բռնություններից տուժել է 38 հազար 235 մարդ, որոնց 3/4՝ կանայք են։ Այս թիվը, սակայն, ըստ ՌԴ-ում գործող իրավապաշտպան կազմակերպությունների, չի համապատասխանում արատավոր երևույթի իրական ծավալներին, որոնք ավելի մեծ են։ Վերը նշված թիվը՝ 38235, միայն այն դեպքերն են, երբ հարուցվել է քրեական գործ, իսկ թե քանի±սն են այն դեպքերը, երբ դրա մասին հայտնի չի դարձել իրավապահներին, դժվար է նույնիսկ կռահել։

Տիրող անմխիթար վիճակի մասին է վկայում նաև Amnesty International-ի 2003 թվականի զեկույցը, որի համաձայն՝ Ռուսաստանում տարեկան միջինը 14 հազար կին է սպանվում ամուսինների կողմից, իսկ օրական միջինը 36 հազար կին ենթարկվում է ծեծի։

Ըստ այդմ, ստացվում է, որ Ռուսաստանում կոնկրետ 2013 թվականին դատական համակարգը ծանրաբեռնված է եղել ավելի քան 38 հազար միայն նմանատիպ գործերով։ Քրեական օրենսգրքում վերը նշված փոփոխությունները մասնակիորեն պայմանավորված են նաև այս հանգամանքով և հետապնդում են դատական համակարգը թեթևացնելու նպատակ։

Հարցը, սակայն, ունի այլ կողմեր ևս։ Ռուսաստանում վերջին շրջանում գնալով աճում է Ռուս Ուղղափառ եկեղեցու ազդեցությունը, որը ևս մեծ ներդրում ունի ընտանեկան բռնությունների ապաքրեականացնող օրինագծի առաջմղման գործում։ Եկեղեցու դիրքորոշմամբ՝ երեխաներին պարբերաբար ծեծելը չի հակասում սուրբ գրությանը, ուստի չպետք է պատժվի խստորեն։

Բացի սա, ապաքրեականացման օգտին հանդես եկող ուժերը Ռուսաստանում շեշտ են դնում նրա վրա, թե ընտանիքը սրբություն է, ուստի պետությունը չպետք է միջամտի նրա գործերին։ Այս կարծիքը, որը կրում են հիմնականում աջական և կենտրոնամետ ուժերը, լայնորեն տարածված է Ռուսաստանում և կիրառվում է իշխանությունների կողմից՝ Արևմուտքին և արևմտյան արժեքներին հակադրվելու համար։

Թիրախը

Անդրադառնալով օրինագծի ընդունման առավել խորքային կողմին՝ նկատենք, որ ի տարբերություն Ռուսաստանի, եվրոպական հասարակություններում նախևառաջ կարևորվում են անհատի իրավունքները, արժանապատվությունը և անվտանգությունը։

Հենց այդ նպատակով է, որ քաղաքակիրթ երկրների մեծ մասում գործում են օրենքներ, որոնք անհրաժեշտության դեպքում երաշխավորում են ընտանիքի անդամների անվտանգությունը։ Օրինակ՝ եթե ամուսինը ծեծում է կնոջը, պետությունը ստանձնում է կնոջ անվտանգության ապահովումը՝ ամուսնուն պատասխանատվության ենթարկելուց մինչև կնոջն ապահով ապաստան տրամադրելը: Այսպիսի օրենսդրություն կա նաև ԵԱՏՄ անդամ երկրների մեծ մասում:

Առաջադեմ աշխարհի նման «կանոնները», սակայն, գրեթե մշտապես գտնվում են ռուսական քարոզչության թիրախում։ Խառնելով ընտանեկան բռնության կանխարգելման եվրոպական փորձը, օրինակ, միասեռականության, աղանդավորական շարժումների և «դավադրության տեսությունների» հետ, ռուսական քարոզչությունը ընդհանուր բացասական ֆոն է ստեղծում ժողովրդավարացման գործընթացների համար։ Այդկերպ Ռուսաստանում աղավաղվում է կոռուպցիայի դեմ և մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների համար իրական պայքարը՝  ներկայացնելով այն որպես «գրանտակերների դավաճանություն», «փտած արևմտյան», «5-րդ շարասյան դիվերսիա» կամ անգամ «ոչ գողական»։

ՌԴ ներկայիս իշխանությունները, ըստ այդմ, փորձելով կանգնեցնել ժողովրդավարացման գործընթացները (այն ներկայացնելով որպես արևմտյան դիվերսիա) ավելի են ամրացնում իրենց դիրքերը երկրի ներսում ։

Վահե Ղուկասյան
«Իրազեկ Քաղաքացիների միավորում»