Մխիթարյանի ֆուտբոլային ֆենոմենը. Ինչ դեր կարող է ունենալ մեկ ֆուտբոլիստն ամբողջ պետության համար

06-02-2017
24101 դիտում
Մխիթարյանի ֆուտբոլային ֆենոմենը. Ինչ դեր կարող է ունենալ մեկ ֆուտբոլիստն ամբողջ պետության համար

Տարիներ առաջ, երբ Հենրիխ Մխիթարյանը դեռևս խաղում էր ուկրաինական «Շախտյորում», շատերիս համար նրա հաջողությունը թվում էր բարձրագույն նշաձող: Երբ Հենրիխի տաղանդը թնդում էր նախկին խորհրդային պետություններում, մասնագետների համար բաց էր մնում մի հարց, թե ու՞ր է տանելու նրան դժվարին ճանապարհը: Իսկ այն սկզբից բերեց Դորտմունդի «Բորուսիա», իսկ արդեն 2016-ին՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հենրիխ Մխիթարյան՝ ֆուտբոլիստ, ում պրոֆեսիոնալի կարիերան սկսել է մայրաքաղաքի «Փյունիկում», այժմ խաղում է աշխարհի ամենաեկամտաբեր ակումբի մեկնարկային կազմում աշխարհի առաջին մեծության աստղերի կողքին:

Նա ամեն հայկականի դեսպանն է: Ըստ էության նա Եվրոպայում ու ինչու չէ նաև աշխարհում ներկայացնում է Հայաստանն ու առաջնահերթ հենց հայկական ֆուտբոլը: Մխիթարյանի ֆենոմենը երևում է, երբ Հայաստանի առաջնության գրեթե դատարկ տրիբունաներում նկատվում են արտասահմանցի լրագրողներ:

Առաջատար ակումբների տրամաբանությունը մեկն է, եթե այնտեղից սերում է Մխիթարյանը, այն կարող է թաքցնել նաև այլ տաղանդների: Իհարկե, Մխիթարյանի հասակակիցները բավականին հաջողակ դուրս եկան: Նրանից մի քանի տարի առաջ դեռևս Էդգար Մանուչարյանը շատ կարճ ժամանակահատված երևաց եվրոպական մեծ ֆուտբոլում՝ խաղալով «Այաքսի» կազմում: Սակայն հետագայում նա մեծ հաջողությունների հասնել չկարողացավ:

Տեղը բաց չմնաց ու այն լրացրեց հենց Մխիթարյանը: Նույն այս ընթացքում եվրոպական ֆուտբոլում իր շրջագայությունն է սկսել նաև Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը: Նա էլ իր բավականին հաջող ելույթներով օգնում է պորտուգալական «Մարիտիմուին» պայքարել եվրագավաթային ուղեգրերի համար:

Ժամանակն է եկել այն սերնդի համար, որը հենց հիմա՝ պատանի ու երիտասարդ տարիքում խաղում է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: Նրանց կարող է օգնել հենց Հենրիխ Մխիթարյանի գործոնը:

Տեղը այս դեպքում ևս թափուր չի մնացել: Նախորդ տարվանից հայկական մարզական մամուլը փորձում է հասկանալ, թե ինչպես է հանգուցալուծվելու 17-ամյա Վահան Բիչախչյանի ճակատագիրը: Գյումրիի «Շիրակի» պատանի ֆուտբոլիստը նախորդ տարի փորձաշրջան անցավ Մոսկվայի ԲԿՄԱ-ում, բելգիական «Գենտում» և իտալական «Ֆիորենտինայում», ու մնում է հասկանալ, թե 18-ը լրանալուց հետո ուր է տանելու նրան ճանապարհը: Հետաքրքրության պոռթկումը նրա նկատմամբ սկսվեց այն պահից, երբ դեռևս 16-ամյա Վահանը Եվրոպայի Լիգայում դուրս գալով փոխարինման, օգնեց «Շիրակին» հաղթահարել վրացական «Դիլայի» արգելքը:

Հայաստանի պես համեստ ֆուտբոլային պատմությամբ երկրների համար «Մխիթարյանների» գործոնը հսկայական է: Ունենալ նման ֆենոմեն, նշանակում է երաշխավորել հետաքրքրություն սեփական երկրի նկատմամբ, ինչի կարիքը հայկական ֆուտբոլն այժմ հատկապես ունի:

Գեւորգ Ղազարյան

jam-news.net