«Սա վերևներից թելադրված արգելք է». Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալներին

14-02-2017
21691 դիտում
«Սա վերևներից թելադրված արգելք է». Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալներին

Փաստաբան Մուշեղ Շուշանյանին այսօր թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալների՝ Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ: Փաստաբանն ահազանգում է՝  «սա  վերևներից թելադրված արգելք է» և պատրաստվում է համապատասխան հայտարարությամբ հանդես գալ:

«Մեդիալաբի» հետ զրույցում փաստաբանը մանրամասներ պատմեց: Նա այսօր առավոտյան այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու իր պաշտպանյալներ Ժիրայր Սեֆիլյանին ու Վարուժան Ավետիսյանին: Տեսակցությունը, սակայն, ՔԿՀ պետի տեղակալների ու աշխատակիցների կողմից խոչընդոտվել է:

«Ես ամեն անգամ ինձ հետ փաստաթղթեր եմ ունենում: Երբ արդեն մուտք գործեցի քրեակատարողական հիմնարկի փակ տարածք, ինձ հարցրեցին, թե ինչ փաստաթղթեր են դրանք, արդյոք քրեական գործին առնչվող թղթեր են, թե՞ այլ փաստաթղթեր կան նաև: Ես պատասխանեցի, որ հրաժարավում եմ իրենց հարցին պատասխանել, և ոչ ոքի չի վերաբերում, թե ինչ թղթեր են ինձ մոտ: Իրենք ասացին, որ ինձ թույլ կտան ՔԿՀ մուտք գործել միայն այն դեպքում, եթե ես իրենց հնարավորություն տամ ծանոթանալ այդ փաաստաթղթերին: Նաև ասացին, որ քաղաքական կոչեր պարունակող նյութեր ներս տանելն արգելված է»,- «Մեդիալաբին» պատմեց Շուշանյանը:

Նա թույլ չի տվել, որպեսզի ՔԿՀ աշխատակիցները ծանոթանան այդ թղթերին՝ նշելով, որ դա արգելված է օրենքով, որովհետև այդ նյութերը կարող են փաստաբանական գաղտնիք պարունակել:

«Այդ խոսակացությունը տեղի էր ունենում մի անձի հետ, ով իմ պահանջով ներկայացավ ու հայտնեց, որ ինքը ՔԿՀ պետի տեղակալ Խաչիկ Հարությունյանն է»,- ասաց փաստաբանը:

Մուշեղ Շուշանյանին հաջողվել է հասնել տեսակցությունների համար նախատեսված սենյակ, որտեղ, սակայն, դարձյալ նրան է մոտեցել ՔԿՀ պետի նույն տեղակալը մեկ այլ տեղակալի հետ: Նրանք թույլ չեն տվել տեսակցություն՝ նշելով, որ օրենքով է արգելված:

Մուշեղ Շուշանյանն իր հերթին պնդել է, որ ՔԿՀ պետի տեղակալների արարքն է հակաօրինական, քանի որ պաշտպանի ու պաշտպանյալի տեսակցությունը չի կարող արգելվել:

Փաստաբանը հորդորել է, որ իր մոտ առկա փաստաթղթերը սարքավորման միջոցով ստուգեն: ՔԿՀ աշխատակիցը հատուկ սարքով ստուգել է, պարզել, որ «մաքուր» են, կասկածելի իրեր չկան:

«Խնդրեցի, որ իրենք ներկայացնեն, թե ինչ լիազորություն են իրականացնում, որ օրենքով է դա նախատեսված, որ ինձ թույլ չեն տալիս տեսակցել, ինչ նպատակ է հետապնդում այդ արարքը: Իմ հարցերին առհասարակ չկարողացան պատասխանել: Իրենք շվարած իրար նայեցին, հետո դուրս եկան, մի քանի անգամ ելումուտ արեցին, որից հետո բերեցին կառավարության թիվ 1543-Ն որոշումը, որով կառավարությունը հաստատել է քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը: Ասացին՝ նայեք, այս որոշմամբ նման բան է նախատեսված: Այնտեղ արգելված իրերի ցանկ կա, և  այդ ցանկում նաև նշված է, որ կալանավորն իր մոտ չի կարող ունենալ ցանկացած տեսակի փաստաթուղթ, բացառությամբ քրեական գործին վերաբերող փաստաթղթերը»,- նշեց փաստաբանը:

Մուշեղ Շուշանյանը նրանց ասել է, որ կառավարության այդ որոշումը հակասում է օրենքին: Դա, նրա խոսքով, նախ հակասում է «Ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքներին:

Ավելի ուշ Մուշեղ Շուշանյանին տեղեկացրել են, որ իր տեսակցությունն արգելելու վերաբերյալ որոշում է կայացրել, ինքը պետք է ստորագրի ու ստանա այն:

«Գնացի քարտուղարություն, քարտուղարության պետը լսեց ու զարմացավ, թե ինչ որոշում, գնաց ճշտելու: Դրանից հետո պետի երկու տեղակալները, այլ աշխատակիցներ ինձ անընդհատ ասում էին՝ 10 րոպեից որոշումը կլինի: Եվ այդպես երեք ժամից ավելի ես սպասեցի, ի վերջո այդ որոշումն ինձ տրամադրվեց: Որոշում, որը վերնագրված է «Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի տեսակցությունը պաշտպանյալի հետ մերժելու վերաբերյալ»»,- ասաց փաստաբանը:

Մերժման համար որպես իրավական հիմք են բերել կառավարության որոշմամբ հաստատված վերոնշյալ կանոնակարգի այն կետը, որը նախատեսում է, որ ՔԿՀ ելումուտ անող ցանկացած անձ կարող է ենթարկվի խուզարկության, և այն կետը, որով կալանավորին արգելվում է իր մոտ ունենալ ցանկացած տեսակի փասատաթուղթ, բացառությամբ իր քրեական գործին վերաբերող փաստաթղթերից:

Փաստաբան Շուշանյանը պատրաստվում է տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ: Նրա խոսքով՝ տեղի ունեցածը խոչընդոտել է իր մասնագիտական գործունեությունը: Իսկ դրա համար, փաստաբանի խոսքով, նախատեսված է քրեական պատասխանատվություն:

«Ես հանդես կգամ հայտարարությամբ, իսկ իրավասու մարմիններն իմ այդ հայտարարությունը պետք է դիտարկեն որպես հանցագործության մասին հաղորդում: Ես մինչև վերջ պնդելու եմ, որ Արմավիր քրեակատարողական հիմնարկի պետը, որն ստորագրել է այդ որոշման տակ և իր աշխատակիցները, ովքեր փաստացի խոչընդոտել են իմ տեսակցությունը, իրենք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Այստեղ նաև փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հանցակազմ կա, այլև պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները գերազանցելու հարցն է»,- ասաց Շուշանյանը:

Փաստաբանը կարծում է, որ այս ամենը հրահագված է «վերևներից»: Նախքան այս, նրա խոսքով, որևէ նման պրակտիկա չի կիրառվել, երբ փաստաբանին նման աբուսուրդային հիմնավորմամբ արգելել տեսակցել իր պաշտպանյալի հետ:

«Իսկ ես ասեմ, որ որևէ կերպ ու որևէ օրենքով չի կարելի խոչընդոտել: Եվ Քրեական դատավորության օրենսգրքով, և Փաստաբանության մասին օրենքով փաստաբանն իրավունք ունի անարգել տեսակցել իր պաշտպանյալի հետ: Այսինքն՝ եթե անգամ հիմք ընդունենք ներքին կանոնակարգի այդ կետը, որը ենթադրում է, որ  կալանավորված անձն իր մոտ չի կարող ունենալ ցակացած տեսակի փաստաթութղ, դա վերաբերում է կալանավորված անձին: Այսինքն՝ իրենք կարող են այդ նորմի հիման վրա Ժիրայր Սեֆիլյանին կամ Վարուժան Ավետիսյանին խուզարկեն, այդ արգելված փաստաթուղթը հայտնաբերելու դեպքում առգրավեն: Բայց դա չի կարող հիմք հանդիսանալ, որ փաստաբանից պահանջեն, որ ներկայացնի իր փաստաթղթերը, որպեսզի իրենք գրաքննեն դրանք: ՔԿՀ պետի այս անհեթեթ որոշումն էլ պետք է բողոքարկեմ»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:

Նա նշեց, որ ՔԿՀ պետի տեղակալները շատ լավ հասկանում էին, որ անօրինական գործունեություն են ծավալել: Ըստ փաստաբանի՝ նրանք անուղղակի հասկացրել են, որ ստիպված են գնում նման քայլի, այսինքն՝ փաստել են, որ սա «վերևներից» թելադրված արգելք է:

Էմմա Մանուկյան

MediaLab.am