«ՀՀԿ համամասնական ցուցակը հիշեցնում է խանութի ցուցափեղկում գեղեցիկ ցուցադրված տեսականի». Ստյոպա Սաֆարյան

15-02-2017
22418 դիտում
«ՀՀԿ համամասնական ցուցակը հիշեցնում է խանութի ցուցափեղկում գեղեցիկ ցուցադրված տեսականի». Ստյոպա Սաֆարյան

ՀՀԿ-ն 2017 թվականի ընտրություններին գնում է որոշ դեմքերից ազատված, բայց թե որքանով կհաղթի նոր թիմը, ցույց կտա ժամանակը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակին:

Հիշեցնենք, որ երեկ հաստատվել է ՀՀԿ համամասնական ցուցակը, որը ղեկավարում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Առաջին տասնյակի հերթականությունը հետևյալն է՝

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան

Աժ պատգամավոր Արա Բաբլոյան

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով

ԱԺ պատգամավորներ

Մարգարիտ Եսայան

Սամվել Ֆարմանյան

Կարեն Ավագյան:

Ցուցակում Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը ներգրավված չեն:

«Ակնհայտ է, որ համամասնական ցուցակի առաջին տասնյակում տեղ են գտել Սերժ Սարգսյանի կողմից անվերապահ վստահություն վայելող մարդիկ: Իսկ մնացած դեմքերը, որոնք ՀՀԿ-ի համար այնքան էլ պատվաբեր չեն, ձայնաբեր են, բայց պատվաբեր չեն, տեղ են գտել ռեյտինգային ընտրացուցակում: Եվ այս առումով այս ցուցակն ինձ հիշեցնում է մի բան, որ խանութի ցուցափեղկում գեղեցիկ ցուցադրված տեսականի է՝ զուգված-զարդարված, ինչը կմեղմի ՀՀԿ վարած քաղաքականության նկատմամբ զայրույթը, բայց մյուս կողմից էլ վարկանիշային ցուցակով մեզ հայտնի մարդիկ ձայներ կբերեն այդ ցուցակին:

Այսինքն՝ այդ մարդիկ քողարկված են:

Եթե նախկինում այդ մարդիկ կային համամասնական ցուցակում ու առաջին տպավորությունը փչացնում էին, ապա այժմ դա չկա»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նա նկատում է, որ ցուցակի առաջին տասնյակում ներգրավված են դեմքեր, ովքեր հնարավորինս ներգրավված չեն կոռուպցիոն սկանդալներում:

 «Այսինքն՝ ՀՀԿ համամասնական ցուցակով փորձում են ցույց տալ, որ փոփոխություն է տեղի ունեցել: Սկսած կառավարության ու վարչապետի փոփոխությունից՝ ՀՀԿ-ն չի թաքցրել, որ իմիջի բարելավման խնդիր ունի»,- ասում է Սաֆարյանը:

ՀՀԿ համամասնական ու ռեյտինգային ցուցակներից դուրս են մնացել մի տարբեր հանցագործությունների ու աղմկոտ պատմությունների հետ կապ ունեցող անձինք՝ գեներալ Մանվել Գրիգորյանը, Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհերը), Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա):

«Դա նշանակում է, որ տեղերը սահմանափակ են: Եվ այս կտրվածքով թերևս Սերժ Սարգսյանը որոշ անձանց խաղից դուրս է բերել խաղից»,- նկատում է վերլուծաբանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ համամասնական ցուցակում չի ընդգրկվել, քանի որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով, չի հաջողվել լուծել նրա՝ Հայաստանում մշտական բնակության հարցը:

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ մշտական բնակիչ է համարվում այն անձը, որը վերջին 4 տարվա ընթացքում առնվազն 730 օր բնակվել է Հայաստանի Հանրապետությունում:

Կարեն Կարապետյանին համամասնական ցուցակից դուրս թողնելն, ըստ Սաֆարյանի, նշանակում է, որ Կարեն  Կարապետյանի պաշտոնավարումը խիստ կախված է լինելու ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի ցանկությունից:

«Նա նույնսիկ վստաhության քվե չի ստանում: Որպեսզի նա ավելորդ ու վտանգավոր խաղերի մեջ չմտնի, որպեսզի աջակցության ու վստահությա քվեր չունենա, այդպես են անում: Եթե նա գլխավորեր ցուցակը, կստացվեր, որ ՀՀԿ-ն հաղթում է ոչ թե իշխանության մեջ գտնվող Սերժ Սարգսյանի հաշվին, այլ հեռացող Սերժ Սարգսյանի խորապատկերի ֆոնին և նորանշանակ վարչապետի շնորհիվ»,- ասաց Սաֆարյանը:
 

Էմմա Մանուկյան

MediaLab.am