«Այլևս չէի կարող դիմանալ». շարունակվում է Մարիամ Խաչատրյանի գործով դատավարությունը

19-02-2017
63353 դիտում
«Այլևս չէի կարող դիմանալ». շարունակվում է Մարիամ Խաչատրյանի գործով դատավարությունը

«Ես մեղադրանք ունեմ իմ ամբողջ կյանքիս համար։Իմ ամուսնությունը եղել է բռնությամբ, առաջին իսկ օրվանից ենթարկվել եմ ծեծի ու նվաստացումների։ Իմ երեխաները միայն բռնություն են տեսել իմ հանդեպ», - հայտարարեց տուժող Մարիամ Խաչատրյանը՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում, որտեղ քննվում էր նրա նախկին ամուսնու՝ Սեյրան Հովհաննիսյանի կողմից նախկին կնոջը ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրեական գործը։ 

Ավելի քան 20 տարվա ամուսնական կյանքի ընթացքում Մարիամը պարբերաբար ենթարկվել է բռնության, ծեծի ու նվաստացումների,ինչպես ամուսնու, այնպես էլ ամուսնու հարազատների կողմից։

«Գնում էր հորանց տուն, գալիս, ինձ սկսում էր ծեծել, ասում էի ինչի՞ ես ինձ խփում, ասում էր ինչի՞ պետք ա հերս ասի, որ կնիկդ բոզ ա»։

Շարունակական բռնությունների են ենթարկվել նաև Մարիամի վեց  երեխաները, և մոր վկայությամբ ձեռք են բերել տարբեր հիվանդություններ։ Լարված կյանքը շարունակվել է ավելի քան 20 տարի և կինը որոշել է ամուսնալուծվել։

«Որդիներս դեմ էին ամուսնալուծությանը։ Աում էիին կյանքդ ապրել ես, հիմա  մենք պիտի ապրենք, ամուսնանաք, ինչ ես բաժանվում, բայց ես այլևս չէի կարող դիմանալ։ Ես մարդ եմ, ի վերջո»։

Սակայն ամուսնալուծությունից հետո անգամ նախկին ամուսինը նրան հանգիստ չի տվել և երեխաներին տեսակցելու պատրվակով պարբերաբար հայտնվելով Մարիամ Խաչատրյանի բնակության վայրում վեճեր և ծեծկռտուկներ հրահրել։

2016 թվականի հոկտեմբերի 8-ի գիշերը ևս նախկին ամուսինը խմած վիճակում եկել վիճաբանել է նախկին կնոջ հետ, ապա բազմակի հարվածներ հասցրել նրա գլխին և  մարմնի տարբեր մասերին։

Կինը դիմել է ոստիկանությունը և հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, որի քննությունը դատարանում շատ ծանր էր ընթանում։ Կնոջ ցուցմունքը, թեև մի քանի անգամ ընդհատվեց՝ նրա վատ ինքնազգացողության պատճառով, սակայն դատավոր Գրիգորյանը նրան հարկադրեց առանձին պահել սենյակում՝ զրկելով փաստաբանի հետ շփման ու իրավական աջակցություն ստանալու իրավունքից։

Մարիամ խաչատրյանի շահերի պաշտպանը ինքնաբացարկ ներկայացրեց, որը դատարանի կողմից մերժվեց և Մարիամ խաչատրյանին դատարանը ստիպեց ցուցմունք տալ ծայրահեղ հուզված և  վատ ինքնազգացողության պարագայում։

Փաստորեն, դատարանը զրկել է տուժողին իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից, որը բացարձակ իրավունք է և սահմանափակվել չի կարող։

Զառա Հովհաննիսյան