ԵԱՏՄ-ից դժգոհում են բոլորը բացի Երևանից. նոր զարգացումներ

21-02-2017
37918 դիտում
ԵԱՏՄ-ից դժգոհում են բոլորը բացի Երևանից. նոր զարգացումներ

Արդեն գաղտնիք չէ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամեն կերպ ցանկանում է բարձրացնել իր երկրի դերը և նշանակությունը Եվրասիական տնտեսական միությունում։ Սրա մասին են վկայում վերջին ժամանակներում Լուկաշենկոյի քայլերը։

Բոլորը դժգոհ են

Այսպես, օրերս վերջինս հեռախոսազրույց է ունեցել իր ղազախ գործընկերոջ հետ, որի ընթացքում քննարկել են ԵԱՏՄ զարգացման հեռանկարները և Մինսկի ու Մոսկվայի հարաբերությունները։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը անհանգստություն են հայտնել կապված առկա խնդիրների հետ։ Ղազախական կողմն էլ իր հերթին բողոքել է իր և Ղրղզստանի միջև առկա խնդիրներից։ Այլ կերպ ասած, փաստացի Լուկաշենկոն ու Նազարբաևը երկուստեք բողոքներ են հնչեցրել ԵԱՏՄ անդամ երկրների հասցեներին։:

Ավելին, փետրվարի 20-ին մամուլում մեկ այլ ուշագրավ հրապարակում հայտվեց։ Ըստ հրապարակման Ռուսաստանում սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու մարմինը՝ Ռոսսելխոզնադզորը բողոքում է, որ ԵԱՏՄ-ում ՌԴ-ի բոլոր նախաձեռնությունները արգելափակվում են Բելառուսի կողմից։ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը լրագրողների հետ հարցազրույցում մասնավորապես ասել է, որ հնարավոր չէ հասնել Ռուսաստանի առաջարկների ընդունմանը, եթե տեխնիկական կարգավորումները սահմանող առանցքային պաշտոնները զբաղեցնում են Բելառուսի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել էր Ներքին գործերի նախարարությանը Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի նկատմամբ քրեական գործ հարուցել՝ «հանրապետությանը (Բելառուսին) վնաս հասցնելու» մեղադրանքով։

Ստացվում է, որ ԵԱՏՄ անդամ պետություններից Ռուսաստանը և Բելառուսը ունեն որոշակի փոխադարձ տարաձայնություններ, ինչը անմիջական ազդեցություն է ունենում կառույցի վրա: Հարթ չեն նաև Ղազախստանի հարաբերությունները Ղրղզստանի և Ռուսաստանի հետ։

Բոլոր վերը թվարկված երկրները, ինչպես նշեցինք այս կամ այն կերպ բարձրաձայնում են ԵԱՏՄ-ում իրենց ունեցած խնդիրների մասին: Ինչը նշված երկրների դեպքում կատարվում է հրապարակայնորեն, այսինքն՝ գագաթաժողովների ժամանակ, առանձին հայտարարություններով, կոնկրետ գործողություններով, կամ ասուլիսներով:

Երևանը դեռ լռում է

Այսպիսով, այս ամենից կարելի է եզրակացնել, որ այս պահի դրությամբ ԵԱՏՄ անդամ 5 պետություններից միայն Հայաստանն է, որ ոչ մի պարագայում մեղադրանքներ չի հնչեցնում մյուս անդամ պետությունների և ԵԱՏՄ նկատմամբ, թեպետ այդ կառույցի անդամակցությունից թերևս ամենաշատը հենց Հայաստանն է տուժել:

Այդ կառույցում հայաստանցի պաշտոնյանները ոչ մի պետության համար խոչընդոտներ չեն ստեղծում, անգամ Հայաստանի նկատմամբ թշնամական մոտեցնում ցուցաբերող Բելառուսի ու Ղրղզստանի հանդեպ:

Անգամ ավելին, տեխնիկապես Հայաստանը ունի ամենալավ հնարավորությունները ԵԱՏՄ շրջանակներում ազդելու այլ երկրների վրա, քանի որ Եվրասիական Տնտեսական հանձնաժողովի նախագահը հայաստանցի (նախկին վարչապետ ու իշխող կուսակցության անդամ) Տիգրան Սարգսյանն է։

Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»