«Ադրբեջանն ուժեղացնում է գործողությունների մասշտաբները, որովհետև ապրիլյան պատերազմից հետո բարդ վիճակում է հայտնվել». Մանվել Սարգսյան

28-02-2017
24373 դիտում
«Ադրբեջանն ուժեղացնում է գործողությունների մասշտաբները, որովհետև ապրիլյան պատերազմից հետո բարդ վիճակում է հայտնվել». Մանվել Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

-Պարոն Սարգսյան, Ադրբեջանի կողմից այս փուլում սահամանային իրավիճակի սրումն ինչո՞վ է պայմանավորված, ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում:

-Այն, ինչ Ադրբեջանի կողմից արվում է, դրանում որևէ էական նոր բան չկա, դա շարունակությունն է իրենց ռազմական դիվանագիտության: Եվ դա մինչ օրս ունի լրիվ քաղաքական նպատակներ, ադրբեջանցիները պարզ ու հստակ խոսում են դրա մասին, նաև իրենց արտգործնախարարը Մինսկի խմբի համանախագահող երկրներին կոչ արեց, որ՝ կամ դուք պարտադրեք Հայաստանին անել այն, ինչ Ադրբեջանն է ուզում, կամ էլ իրենք ձևեր կգտնեն՝ այդ հարցը լուծելու: Այսինքն՝ շատ պարզ ու հստակ է, որ այս ամեն ինչն ուղղված է համանախագահող երկրներին: Հիմա ես կարծում եմ, որ իրենք մի քիչ ուժեղացնում են գործողությունների մասշտաբները, որովհետև փաստորեն ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանն ավելի բարդ վիճակում է հայտնվել: Եվ այդ երկիրը փորձում է քարտերը խառնել, քաղաքական վիճակ փոխել, ստիպել, որ համանախագահող երկրները հրաժարվեն իրենց այն պարտավորություններից, որոնք կողմերը պետք է կատարեն: Ադրբեջանը ցանկություն չունի կատարելու դրանք:

-Կանխատեսվում է, որ հնարավոր է առաջիկայում կրկնվի այն սցենարը, որը նախորդ տարվա ապրիլին եղավ: Հնարավոր համարո՞ւմ եք ռազմական գործողությունների վերսկսում:

-Դա կախված է միջազգային իրավիճակից: Այն ժամանակ էլ դա հենց այնպես չէր,  նախքան ապրիլյան պատերազմը պարզ երևում էր, որ Ադրբեջանը կարծես թե հնարավորություն էր ստանում, ստեղծվել էր մի այնպիսի իրավիճակ, որտեղ նրանք կարողացան նման գործողություններ սկսել: Կյանքը ցույց տվեց, որ մեկ օրվա պատերազմի որոշում ընդունվեց: Հենց այնպես չի կարող նման որոշում ընդունվել, Ադրբեջանը պետք է ինչ-որ ձևով աջակցություն ստանա, որ իր ուզածներն անի: Իմ տպավորությամբ՝ հիմա կարծես թե չկա նման բան, հակառակը, անգամ Ռուսաստանն է կոշտացրել դիրքորոշումը: Հայտնի է Լավրովի հայտարարությունը, դա բավական կոշտ հայտարարություն էր: Եվ, իհարկե, Ադրբեջանը փորձում է դրանով էլ անցնել, ստիպել, պարտադրել: Թուրքիան էլ բավական ժամանակ է նորից ակտիվացել է, հայտնում է իր դիքորոշումները, աջակցում է Ադրբեջանին: Հենց սա է Ադրբեջանի հույսը, որ կփոխի այս վիճակը, որ այդ երկիրը նորից շարունակի իր սադրանքները:

-Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես, խորհրդարանական ընտրություններով որքանո՞վ կարող են առիթ հանդիսանալ, որպեսզի այդ շրջանում Ադրբեջանը ակտիվանա և սադրանքների դիմի:

-Կան նման տեսակետներ, որ քանի որ Հայաստանում կան կուսակցություններ, որոնք փորձում են ակտուալացնել խաղաղության խնդիր, դա ինչ-որ ձևով կարող է բարդացնել վիճակը:

-Մինսկի խմբի համանախագահները նորից հայտարարությամբ հանդես եկան՝ կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել: Ընդհանուր առմամբ, համանախագահների պահվածքն այս փուլում ադեկվա՞տ է ստեղծված իրավիճակին, և ի՞նչ պետք է անել ագրեսոր երկրին զսպելու համար:

-Մինսկի խումբը երբեք նման պարտավորություն չի ստանձնի, որ միանշանակ գնահատականներ տա: Իրենց մոտ լղոզված, հավասարակշռված հայտարարություններ են, և ես չեմ կարծում, որ հիմա էլ իրենք ուրիշ որևէ բան կանեն: Բայց հայկական դիվանագիտությունը պետք է աշխատանք տանի, որ այդ ձևերը, իրենք այդ ռազմական դիվանագիտոթյուն կոչվածը հենց իրենց դեմ աշխատի: Արդեն իսկ ապրիլյան պատերազմից հետո սկսել է իրենց դեմ աշխատել, ավելի ակտուալ դարձավ աշխարհում խոսակցությունը Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին: Պետք է շարունակել անընդհատ, Ադրբեջանի արածն այնպիսի արդյունք պետք է ունենա, որ իրենք էլ սկսեն տեսնել, որ սա իրենց միայն վնասում է, օգուտ չկա: Երբ որ արդեն այդ գիտակցումը գա, որ ամեն կրակոց իրենց վնասում է, հազար անգամ մտածելու են՝ այդ քաղաքականությունը շարունակել, թե ոչ: Սրանք բոլորը ռազմաքաղաքական ակցիաներ են և ունեն զուտ քաղաքական նպատականեր: Սա հստակ մարդկային պատերազմ չէ, որ մարդիկ խնդիր են դնում գնալ, ջարդել հակառակորդին կամ ինչ-որ տարածք վերցնել: Ոչ, սրանք քաղաքական և դիվանագիտական վիճակի վրա ազդելու գործողություններ են, և մենք պետք է այնպես անենք, որ դա իրենց դեմ սկսի աշխատել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am