«Չեմ պատկերացնում, որ տարրական մասնագիտական կարողություններ ունեցող իրավական համակարգը չկարողանար բացահայտել այդ զոհերի մահվան իրական պատճառը». Ավետիք Իշխանյան

01-03-2017
24599 դիտում
«Չեմ պատկերացնում, որ տարրական մասնագիտական կարողություններ ունեցող իրավական համակարգը չկարողանար բացահայտել այդ զոհերի մահվան իրական պատճառը». Ավետիք Իշխանյան

2008 թվականի Մարտի մեկի սպանությունների չբացահայտման հարցում, եթե քաղաքական գործոնը մեկ րոպե փակագծերի մեջ դնենք, ապա կարելի է հետևյալն ասել՝  Հայաստանի իրավակական համակարգը զուրկ է տարրական մասնագիտական հմտություններից: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու 9 տարի անց հնարավոր չեղավ բացահայտել Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանությունները:

«Ես չեմ պատկերացնում, որ տարրական մասնագիտական կարողություններ ունեցող իրավական համակարգը չկարողանար բացահայտել այդ զոհերի մահվան իրական պատճառը: Գուցե 10 զոհերից մեկի կամ երկուսի դեպքում իսկապես հնարավոր չլիներ բացահայտել մահվան հանգամանքները, բայց ոչ բոլորի դեպքում: Բայց ոչ մի գործ չբացահայտել… ես այդքան վատ կարծիք չունեմ մեր իրավապահ համակարգի մասին: Այսինքն՝ այստեղ կարելի է վստահաբար ասել, որ առաջին հերթին դեր է խաղում քաղաքական գործոնը, մանավանդ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր իրավական համակարգն ինքնուրույն չի գործում և քաղաքական հրահանգներ է կատարում»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով՝ հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունը՝ չբացահայտելով նման գործերը, մանավանդ եթե հաշվի առնենք, որ իշխանությունն ինչ-որ իմաստով 2008 թվականից հետո փոխվել է:

«Խնդիրը հետևյալն է, որ Հայաստանում իշխանությունների հիմնական հենարանն ուժային կառույցներն են, ոչ թե ընտրությունների միջոցով ժողովրդի քվեն: Եթե իսկապես քննություն գնար ու պարզվեր, որ մեղավորներն ուժային կառուցներից են, նույնիսկ եթե նրանք ինքնուրույն են հրահանգ տվել, ոչ թե քաղաքական որոշումներով են եղել դիպուկահարների կամ չերյոմուխաների կրակոցները, ապա այդ մարդկանց նկատմամբ պատիժը կսասաներ իրավապահ համակարգի հավատարմությունը քաղաքական իշխանության նկատմամբ: Եվ այդ դեպքում այդ նույն ուժային կառույցները ոչ 2015 թվականի «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերի ժամանակ կգործեին հրահանգներով, ոչ էլ նախորդ տարվա «Սասնա ծռերի» դեպքերով: Այսինքն՝ նրանք արդեն կմտածեին՝ կարող է, ժողովրդի լեզվով ասած, իշխանություններն իրենց փուռը տան»,- ասում է իրավապաշտպանը:

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ սա Հայաստանի իշխանությունների հոգեբանությունն է, և այսօր չի ստեղծվել, հին պատմություն ունի՝ «նախկին քաղաքական ուժին» պատասխանատվության չենթարկել, քանի որ նույն մեթոդներով ու հոգեբանությամբ հաջորդ իշխանավորներն են իշխում:

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ հատկապես այս փուլում շատերն են խոսում 2008 թվականի Մարտի մեկի զոհերի մասին, բայց բոլորովին մոռացել են մինչ այդ եղած բազմաթիվ զոհերի մասին: Նա հիշեցնում է, որ 1990 թվականին ՀԱԲ-ի հետ ընդհարման ժամանակ զոհվեցին Գեղազնիկ Միքայելյանն ու Վիտյա Այվազյանը, և այդպես էլ չպարզվեցին նրանց մահվան հանգամանքները: Պարզապես նրանց հարազատներին հանգստացնելու համար երկուսին էլ Ազգային հերոսի կոչում տրվեց: Հետագայում տեղի ունեցան այլ սպանություններ՝ ոստիկանապետ Արիս Անդրեասյանի, ինչպես նաև Համբարձում Գալստյանի, Վարդգես Պետրոսյանի, Համբարձում Ղանդիլյանի սպանությունները: Այս շարքը կարելի է շարունակել, և բոլոր գործերը փակվեցին:

«Այս ամենն այդ նույն շարքից է: Խաղաղ պայմաններում բանակում ենք մահեր ունենում: 1995-98 թվականներին ամենաշատ զոհերն են եղել բանակում խաղաղ պայմաններում: Եվ այդ ժամանակվա պատասխանատու Վազգեն Սարգսյանը հետագայում Ազգային հերոսի կոչում ստացավ, իսկ այդ գործերը կոծկող Գագիկ Ջհանգիրյանը հարգված ընդդիմադիր գործիչ է, որը «պահանջում» է բացահայտել Մարտի 1-ը: Սա մեր իրականությունն է: Ավելին, Տիգրան Նաղդալյանի սպանության դրդապատճառները չբացահայտվեցին, բայց կազմակերպիչը հետագայում ազատ արձակվեց, և ոչ մի բողոք չեղավ դրա դեմ»,- հավելեց նա:

Այս հոգեբանությունը, Ավետիք Իշխանյանի խոսքով, ոչ միայն իշխանության մեջ է, այլ նաև ընդդիմության: Եվ Մարտի մեկի հետ կապված շահարկումներն այս փուլում զուտ քաղաքական շահարկումներ են, քանի որ նույն հոգաբանն ունեն ընդդիմադիրները, որոնք ժամանակին եղել են իշխանության կազմում:

«Սա մեր քաղաքական վերնախավի հոգեբանությունն է՝ չբացահայտված սպանություններ: Եթե ընդդիմությունն ընտրությունների կամ այլ ճանապարհով իշխանության գա, ես հավատացնում եմ, որ Մարտի մեկի սպանությունները դարձյալ չեն բացահատվի, քանի որ հոգեբանություն չի փոխվել: Ես մի օրինակ եմ ուզում բերել՝ 2004 թվականի  մենք մի քննարկման էինք մասնակցում Հայաստանի բարձրաստիճան ոստիկանապետերից մեկի հետ, և երկար քննարկումից հետո նա ասաց՝ իսկ դուք ի՞նչ եք ուզում, ես ոստիկան եմ, կոմունիստների ժամանակ ծառայել եմ կոմունիստներին, ՀՀՇ-ի ժամանակ՝ ՀՀՇ-ին, հիմա այս իշխանությունն եմ ծառայում, դուք եկեք իշխանության, ձեզ կծառայեմ: Այս հոգեբանությամբ է մեր դատաիրավական ողջ  համակարգը,որից էլ օգտվում է քաղաքական իշխանությունը»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am