«Առաջ է մղվում Կարեն Կարապետյանի կերպարը, քանի որ Սերժ Սարգսյանի դեպքում ընտրողների մոտ դա որևէ դրական ազդեցություն չէր ունենա»․ Քաղտեխնոլոգ

05-03-2017
23869 դիտում
«Առաջ է մղվում Կարեն Կարապետյանի կերպարը, քանի որ Սերժ Սարգսյանի դեպքում ընտրողների մոտ դա որևէ դրական ազդեցություն չէր ունենա»․ Քաղտեխնոլոգ

Այն որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ՀՀԿ-ն հիմնականում ներկայանում է վարչապետ Կարեն Կարապետյանի դեմքով, դրական ազդեցություն կունենա գործընթացի վրա: Նման դիտարկում է անում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

Նախընտրական ժամանակահատվածում ՀՀԿ քարոզչական պաստառներում հիմնակում վարչապետ Կարեն Կարապետյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի լուսանկարներն են:

Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ընտրական գովազդը աննշան է: Մյուս կողմից ՀՀԿ նախընտրական հոլովակում, որը Ռեինկարնացիա խմբի կատարմամբ «Փոխենք աշխարհը» երգի հիման վրա է նկարված, դարձյալ տեսնում ենք վարչապետ Կարեն Կարապետյանին՝ թմբկահարի դերում:

Արմեն Բադալյանն ասում է, որ այսպիսով ՀՀԿ-ն փորձում է վարչապետին ներկայացնել որպես դրական գործոն, որպես մարդ, նոր գործիչ, որը պահանջարկ ունի այն ընտրողների մոտ, որոնք փողով չեն քվեարկում:

«Այս ընտրությունները կարելի է մեկ բառով բնութագրել որպես ֆինանսա-կրիմինալ միջոցառում, բայց կա նաև որոշակի ընտրազանգված, որը փողով չի քվեարկում, քվեարկում է ըստ իր խղճի: Այդ մարդկանց մի մասը ձայն են տալու ՀՀԿ-ին, և այդ փոքրիկ մասի համար վարչապետի կերպարի ներկայացումը բավական դրական է»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Նա հավելում է, որ ՀՀԿ քարոզչության այս ձևը տրամաբանական է: Գաղտնիք չէ, որ վարչապետը հասարակության մոտ ժամանակին դրական սպասումներ էր արթնացրել: Հիմա այդ դրական սպասումների բարձր աստիճանը չկա, որը կար սեպտեմբերին, բայց այնուամենայնիվ, ինչ-որ չափով դրական սպասումներ դեռևս կան:

«Եվ բնականաբար ՀՀԿ-ն ընտրողներին ներկայացնում է այս տեսարանը: Խոսքը չի վերաբերում փողով ընտրելու դեպքերին, խոսքը վերաբերում է ընտրական գործընթացի քաղաքակիրթ ձևին: Ահա այս քաղաքական գործընթացի քաղաքակիթ ձևի ժամանակ ՀՀԿ-ն ներկայացնում է այն գործոնը, որն առավել ընդունելի է հասարակության կողմից՝ դա վարչապետի կերպարն է»,- ասում է Բադալյանը:

Քաղտեխնոլոգը եւս նկատում է, որ Սերժ Սարգսյանը կարծես հետ է մղված նախընտրական քարոզչությունից: Մի կողմից խնդիրն այն է, որ նրան դե յուրե մնացել է մեկ տարի՝ նախագահական կառավարումն ավարտելու համար: Իսկ եթե քաղաքական գործիչի կառավարմանը մնացել է մեկ տարի, նրանից ինչ-որ ակնկալիքներ ունենալ պետք չէ: Մյուս կողմից էլ, ըստ Բադալյանի, չպետք է մոռանալ, որ գործող նախագահի՝ «раскрутка» լինելու դեպքում կա մի գործոն, այն է՝ նախագահը անցած 9 տարիների ընթացքում հայտնի է մեկ գործելաոճով՝ մեկ բան խոստանալ, սակայն անել ամբողջովին հակառակը: 

«Առաջ է մղվում Կարեն Կարապետյանի կերպարը, քանի որ Սերժ Սարգսյանի դեպքում ընտրողների մոտ դա որևէ դրական ազդեցություն չէր ունենա»,֊նշում է նա։

Բադալյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ վարչապետն ունի բավական մեծ պոտենցիալ, և եթե հրաժարվի մենեջերի իր կերպարից ու ընդունի քաղաքական գործչի կերպարը, նա կարող է շատ կարճ ժամանակահատվածում՝ երկու-երեք տարվա ընթացքում էական փոփոխություններ կատարել Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում: Եվ դա շատ ընդունելի գործոն է ընտրական գործընթացի ժամանակ, և ՀՀԿ-ն այդ գործոնը օգտագործում է իր քարոզարշավի ժամանակ:

«Վարչապեն այս պահին մեծ խնդիր ունի՝ դա 2018 թվականի ապրլից հետո կառավարելու խնդիրն է: Եվ կարող ենք ասել, որ եթե վարչապետը շարունակի մնալ որպես մենեջեր, նա 2018 թվականի ապրիլից հետո չի կարող մնալ որպես վարչապետ: Եթե դառնա քաղաքական գործիչ, ապա 2018 թվականի ապրիլից հետո կարող է կառավարել: Վարչապեըի թիվ մեկ խնդիրը դա է: Բայց ընդհանուր կարճաժամկետ քարոզարշավի համար դա դերակատարություն չունի: Քսանհինգ օրվա համար այդ հարցը չի քննարկվում, քննարկվում է Կարեն Կարապետյան դրական սպասումներ ունեցող մարդու կերպարը, որը ՀՀԿ-ի համար ձայն բերող գործոն է: Եվ դա ինչ-որ չափով աշխատող է»,- ասում է մասնագետը:

Արմեն Բադալյանի խոսքով՝ ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի գործոնին, նա միգուցե նոր դեմք է, ըստ իրենց՝ վարկաբեկված չէ, բայց իրականում այդպես չէ:

Իրականում, երբ Վիգեն Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարար, նրա նկատմամբ նույնպես ինչ-որ ակնկալիքներ կային, բայց նա բացասական քայլ կատարեց՝ 1000 դրամի «ռեկետը» մտցնելով:

Հետևաբար, ըստ Բադալյանի, նա չունի այն պատենցիալն ու կերպարը, որն ունի Կարեն Կարապետյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am