Հաց բերողը հացից հրաժարվեց, հաց բերողը հացը ձեռքին գնաց

16-03-2017
19011 դիտում
 Հաց բերողը հացից հրաժարվեց, հաց բերողը հացը ձեռքին գնաց

Ամբողջ կերպարը Արթուր Սարգսյանի մի եզակի տեսակ է՝ մկրտված «Հաց բերող» անվամբ, որը ուղիղ սպառնալիք է ներկա Հայաստանի իշխող տրամադրություններին ու սպառողական հասարակությանը։ Լինել մարդասեր, ունենալ ակտիվ քաղաքացիական կեցվածք, դրսևորել նախաձեռնողականություն ու դեմ գնալ ընդունված նորմերին , ունենալով չորս բարձրագույն կրթություն, չծառայեցնել  գիտելիքը համակարգին,  լինել սկզբունքնային, լինել հումանիստ։

Հումանիստ բառը նշանակում է բարի, գթասիրտ, մարդասեր: Հումանիզմը  աշխարհայացք է, այն ձևավորվել է Ռենեսանսի ժամանակաշրջանում, որն անցումն էր Միջնադարից դեպի Նոր ժամանակը:

Վերածննդի ժամանակաշրջանի մշակույթում առաջադրվեցին նոր սկզբունքներ, որոնք հակադիր էին միջնադարի կրոնակղերական մտածողությանը: Միջնադարյան մտածողության ելակետը հիմնականում աստվածակենտրոն էր, այսինքն` կյանքի չափանիշը միայն Աստված էր, և մարդն իր գոյությունը հասկանում և ընկալում էր բացառապես այդ պրիզմայից: Աստված գտնվում էր մարդկային կյանքի կենտրոնում՝ պահելով մարդուն անազատության տիրույթում: Հումանիզմի բերած մարդաբանական շրջադարձը վերարժևորում է մարդուն: Մարդը սկսում է որպես իրականության ըմբռնման ելակետ  դիտարկվել, մարդն իր գոյությունը սկսում է հասկանալ, ազատ մտածել, վերլուծել, հարցադրումներ հնչեցնել:

Հիմա, անտեսելով  քաղաքակրթական մտքի ու գիտակցության առաջընթացը, մենք հումանիզմից վախենում ենք, մնում խավար միջնադարում, ինչու՞, քանի որ մեր աստվածներն ենք հռչակել, ի դեմս փողի, իշխանության, կուսակցական շահերի։

Փաստորեն մենք մնացել ենք հին աշխարհում, որքան էլ կուսակցական ցուցակները լցնենք արևմտյան ուսումնական կենտրոններում ուսանած անձնանցով ու  «Ավրորա» մարդասիրական  մրցանակաբաշխություն անենք։ Այդ ամնեը մեզ չի բարձրացնի որպես ազգ ու պետություն, քանի դեռ մեր մեջ իրական մարդասիրությունը դատապարտված է։ Ու՞մ ինչ ենք ցույց տալիս, ումից ի՞նչ ենք պահանջում, գթասրտություն ենք խաղու՞մ, չէ, նայեք իրականության աչքերին, Հաց բերողին մահվան դատապարտելով դուք բացահայտում եք ձեր իրական դեմքը։ Չէ՞ որ դուք ամենաշատն եք մտածում դեմքի մասին, դրա համար թաքնվում եք անվանի գործիչների  պատկերների հետևում ու քարոզարշավ անում, իրականում փչացնելով այդ դեմքերը ձեր անկենդան ստվերներով։  

ԻսկԱրթուր Սարգսյանը մարդ է, որ չգնաց դիմելու մարդասիրական կառույցներին, ցույցեր անելու, այս կամ այն գերատեսչության դիմաց, հիշեցնելու իրենց գործառույթները, իրենց որդեգրած սկզբունքները / իմ խորին համոզմամբ արդեն վաղուց սպառված մեթոդներ/։ Արթուր Սարգսյանը գնահատեց իրավիճակն ու գործեց։

Այո, եթե չեն գործում մարդասիրական մանդատը թափահարող միջազգային ու տեղական կառույցները, հասարարակական  ու կրոնական կազմակերպությունները, որոնք իրենց ճառերում, հռչակագրերում մարդասիրություն են քարոզում, արդյո՞ք արժե գնալ ու խնդրել, հորդորել ու հիշեցնել նրանց իրենց մանդատի մասին,  ոչ, իհարկե։

Արթուր Սարգսյանը չվերակենդանացրեց մեռած կառույցները, իր կոչերով, բողոք-դիմումներով ու հորդորներով։ Արթուր Սարգսյանը արձանագրեց դրանց չգոյությունն ու ինքը դարձավ մարդասիրական կառույց, իսկ երբ մարդիկ փոխարինում են չաշխատող կառույցների, դա արդեն համակարգի համար սպառնալիք է։

Զարուհի Հովհաննիսյան

MediaLab.m