«Այնքան ատելություն է կուտակվել, որ պատրաստ ենք, անտեսելով ազգային պարկեշտությունը, բաց տեքստով հայհոյել «հերոսներին»». ՄիՔո

23-03-2017
13811 դիտում
«Այնքան ատելություն է կուտակվել, որ պատրաստ ենք, անտեսելով ազգային պարկեշտությունը, բաց տեքստով հայհոյել «հերոսներին»». ՄիՔո

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է  կատարող-երգահան ՄիՔոն, որի երգերը վերջերս սոցիալական ցանցերում հիթեր են դարձել:

-ՄիՔո,  դուք ինքնուրույն ոճ ունեք, երբվանի՞ց եք սկսել երգել, ի՞նչ ուղերձներ են պարունակում ձեր երգերը:

-Այս շարքի երգերը սկսել եմ 2015-ին և փնտրում էի երգիչ, ով ճիշտ կկատարեր և կներկայացներ դրանք: Սակայն 2016-ի հուլիսյան  դեպքերը, «Սասնա Ծռեր» շարժումը դրդեց նոր երգի ստեղծման, իսկ պահի հրատապությունը ստիպեց հենց ինձ դառնալ երգիչ:

ՄիՔոն պայքարի ծնունդ է, ուստի նոր շարժառիթ դարձավ Գևորգ Սաֆարյանի և Սարի Թաղի տղաների անհիմն դատավճիռները, Հաց Բերող Արթուրի նկատմամբ անարդար ու դաժան վերաբերմունքը: Սրան գումարվեցին ԱԺ ընտրություններին պատրաստվող խայտառակ կազմն ու կարգը:

Հայության մեծամասնության մեջ այնքան ատելություն է կուտակվել շրջակա խուլիգանության նկատմամբ, որ պատրաստ ենք, անտեսելով ազգային պարկեշտությունը, բաց տեքստով հայհոյել «հերոսներին»: Կոպիտ հայհոյանքի զսպումը մի հսկայական տռոմբ է առաջացնում մարդու հոգում: Փոքրոգին հայհոյում է անգամ անտեղի ու անառիթ, իսկ քաղաքավարի մարդը չարտահայտվելու պարագայում վտանգված է թունավորվել սեփական վրդովմունքից: Ես ինձ համար գտա կոմպրոմիսային տարբերակ՝ հայհոյել չհայհոյելով:

-Ինչպե՞ս եք գրում ձեր երգերը, մտահղացումը որտեղի՞ց է գալիս և ինչու հենց այդ ոճը ընտրեցիք:

-Բոլոր երգերս անձնական ապրումների արտահայտում են: «Իմ քեռին չի»-ն ծնվեց այն պահին, երբ իմ ակտիվ աջակցությունը «Էլեկտրիկ Երևան» շարժմանը անհանգստության թեմա դարձավ հարազատներիս համար:

«Աղբի տղերքը» ծնվեցին գիշերվա 4-ին, երբ աղբահան մեքենան սարսափելի աղմուկով իր ծանր ու կարևոր աշխատանք էր կատարում:

«Քո լավը...», որը մոտ օրերս նորացված տարբերակով կհանձնեմ ձեր դատին, ծայրահեղ վրդովմունքիս արտացոլումն է այն ոստիկանի հասցեին, որը Հանրապետության Հրապարակում ապտակել էր այն լսողության խնդիր ունեցող պապիկին, հիշո՞ւմ եք:

Սակայն երգի ոճն ու խոսքերը կզարմացնեն ձեզ. բացասական էներգիաս հետաքրքիր կերպով հողանցվեց և ունկնդրին փոխանցվում է միայն բարի ու բարոյական մնալու կոչը:

-Քանի որ սուր բառեր ունեն ձեր երգերը, բառախազ եք անում, երբիցե սպառնալիք հնչե՞լ է ձեր հասցեին:

-Դեռ ոչ: Իրականում չպետք է լինեն: Քննադատումս տեղին է ու մեկնաբանված:

-Իսկ ի՞նչ եք ուզում փոխել ձեր երգերի միջոցով, ընդհանրապես ինչ-որ բան հնարավո՞ր է փոխել:

-Ուզում եմ էլ ավել ըմբոստ լինի ազգս, իսկ հասցեատերերը տեսնեն իրենց իմ երգերի մեջ և մտահոգվեն: Երբ սրիկան անհանգիստ է, նա կամ փոխվելու է կամ գոնե գիշերը վատ է քնելու:

-Նախընտրական շրջանում հասարակությունը կարծես պասիվ է, անտարբեր, ընտրակաշառքի սպասումներ ունեն: Ինչո՞ւ է այս իրավիճակը, հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել: Եվ ի՞նչ պետք է անել՝ փոխելու համար այս իրավիճակը:

-Հասարակությանը տարիներով մեթոդաբար բարոյազրկում են: Ստրուկ են սարքել մի փոր հացի, մի թուշ աթոռի, մի կալոդ կանաչու... Եվ սոսկալին այն է, որ ստրուկը չի գիտակցում կամ չի ցանկանում դուրս գալ այդ ստատուսից: Ազգի առկա անբարոյակությունը մեր բոլոր խնդիրների սկզբնաղբյուրն է: Իսկ ակնհայտ հետեևանք՝ Արթուրի ողբերգական վախճանը. մի կողմից անբարոյականները սպանեցին, իսկ մյուս կողմից՝ անբարոյականները պաշտպան չկանգնեցին: Ես համարում եմ, որ դա արհեստական վիրուս է՝ ներարկված մեր էթնիկ թշնամիների կողմից: Այս մեթոդը բազմիցս աշխատել է մեզ ոչնչացնել փորձելու տարբեր փուլերում: Սարսափելի մտավախ եմ, որ այս փուլը կարող է վերջինը դառնալ Հայաստան Երկրի համար:

Լուծումը՝ հասցնել այս տագնապը բոլոր բանականներին և, միավորելով ուժերը, արթնացնել քնածներին, տարրական գիտակցություն տալ անգիտակիցներին, դարձի բերել մոլորվածներին և ամպուտացիայի ենթարկել անբուժելիներին:

-Իշխանություններն այս քարոզարշավի ժամանակ խոսում են փոխվելու ու բարեփոխումներ անելու մասին: Ի՞նչ եք կարծում՝ ի վիճակի են փոխվել:

-Այսօրվա խոշոր քաղաքական ուժերի մեջ գնում է միայն աթոռի պայքար, ընդ որում ռուսական գահի կողքին դրված մի խարխուլ աթոռի համար: Երկրի գոյության վիճակը կարող է փոխել դեպի լավը միայն թոզի տեսքով կամ կվատթարանա, եթե իշխանության գան նոր արնախումներ: Բարելավման հույս կարող են հանդիսանալ միայն եզակի անհատներ, ովքեր բախտի բերմամբ կհայտնվեն նորաթուխ խորհրդարանում և փողոցային պայքարի հետ համատեղ հրապարակայնորեն կաշխատեն վերը նշված լուծման բանաձևերի իրագործման ուղղությամբ:

-Ինչպե՞ս եք վերաբերում այն երգիչ-երգչուհիներին, որոնք այս օրերին ՀՀԿ քարոզչությամբ են զբաղված: Արդարացնում են դա նրանով, որ երգն իշխանություն ու ընդդիմադիր չի ճանաչում:

-Պալատական երգիչները վաղուց պատժված են իրենց այդ պահելաձևի համար: Նկատեք, թե ինչ մեծ շոու-բիզնես բանակ էր աշխատում ընտրություններին մի 10-15 տարի առաջ: Այսօր նրանց համարում են սպառված, ավելին օգտագործված, նրանցից խլել են ժողովրդական սերն ու հարգանքը, զրկել են հանդիսատեսի հետ հաճախակի հանդիպելու հնարավորությունից և, ի վերջո, արժանավայել վաստակից: Վատ է այն, որ մարզա-մշակութային քաղցքեղը տարածվել է ամբողջ դաշտով և դեռ չվարակված արտիստները, անգամ տեսնելով կոլլեգաների ճակատագիրը, միևնույն է գնում են ռիսկի՝ հույս ունենալով, որ վարակը իրենց չի կպնի: Ցավոք, անխուսափելի է, կպնում է: Հաջորդ ընտրություններին ստիպված ինձ են փորձելու կաշառել. քֆուր եմ կերել՝ չհամաձայնվել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am