«ԿԸՀ-ն պետք է մրացապայքարից հանի բոլոր նրանց, ովքեր լայնորեն չարաշահել են վարչական ռեսուրսը». Դանիել Իոաննիսյան

25-03-2017
19931 դիտում
«ԿԸՀ-ն պետք է մրացապայքարից հանի բոլոր նրանց, ովքեր լայնորեն չարաշահել են վարչական ռեսուրսը». Դանիել Իոաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը:

-Պարոն Իոաննիսյան, ի՞նչ քայլեր պետք է հետևեն ձեր բացահայտումներին, ըստ որոնց՝ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները ՀՀԿ-ի համար ձայներ են հավաքագրում: Դուք մեջբերել եք Ընտրական օրենսգիրքը, ըստ որի՝ եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ապա ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան՝ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ՀՀԿ ընտական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով արդեն դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

-Նախ, իմ կարծիքով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առանց դիմումի էլ է է պարտավոր դա անել: Մենք նման դիմում ներկայացնելու իրավունք չունենք: Մրցապայքարից հանելու  կամ գրանցումն անվավեր ճանաչելու դիմում կարող է ներկայացնել միայն մրցապայքարին մասնակցող կուսակցությունը կամ դաշինքը: Իմ հետ կապնվել են «Ելք» և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից, խնդրել են բոլոր ձայնագրություններն իրենց տրամադրել: Այս երկու դաշինքն այդ ճանապարհով են գնում:

-Եթե իրավական տեսանկյունից մեկնաբանեք, ի՞նչ դեպքի հետ գործ ունենք:

-Գործ ունենք դասական վարչական ռեսուրսի չարաշահման հետ: Վարչական ռեսուրսի չարաշահումը պոզով ու պոչով չի լինում, այսպես է լինում: Ընդ որում, մենք գործ ունենք համակարգային վարչական ռեսուրսի չարաշահման հետ: Ոչ թե 10 կամ 20 դպրոցի տնօրեններ են որոշել իշխանություններին, ինչպես իշխանություններն են հաճախ ասում, արջի ծառայություն մատուցել, այլ գործել է համակարգ, որովետև մեզ հետ զրուցած տնօրենների 75 տոկոսը հայտնել են, որ իրենք ցուցակները փոխանցել են վարչական այլ մարմինների՝ թաղապետարաններ, մարզպետարաններ: Դա շատ կարևոր հանգամանք է: Եվ ես հիմա մտադիր չեմ մանրամասն մեղադրել բոլոր 114 տնօրեններին, այդ տնօրեններն ինձ հետաքրքրում են ամենավերջին հերթին: Շատ կարևոր հանգամանք է այն, որ նրանք ցուցակները հանրային մարմիններին են ներկայացնում:

-Իսկ ի՞նչ պետք է անեն իրավասու մարմինները, որպեսզի պատշաճ ընթացք տան այդ դիմումներին, օրենքի տառը պահպանվի: Իրատեսակա՞ն է այն, որ ՀՀԿ-ին ընտրապայքարից դուրս թողնելու որոշում կկայացվի:

-Ես թվարկեմ այն քայլերը, որոնք պետք է արվեն: Նախ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է լրջորեն սա քննարկի և մրացապայքարից հանի բոլոր նրանց, ովքեր լայնորեն չարաշահել են վարչական ռեսուրսը: Երկրորդ քայլը վերաբերում է իրավապահներին: Վաղը կամ մյուս օրը Գլխավոր դատախազությունը կհայտարարի, որ այս ձայնագրություններն ընդունելի ապացույց չեն, քանի որ գաղտնի են կատարվել և այլն, հետևաբար քրեական գործ չենք հարուցի: Բայց, եղբայր, սա ընդունեք որպես «նավոդկա»: Մենք ձեզ ուղի ենք ցույց տալիս, գնացեք, փորեք և գտեք ձայնագրությունները, հավաքեք պատշաճ ապացույցներ, օրենքով սահմանված կարգով գաղտնալսեք այդ մարդկանց հեռախոսները, մտեք այդ մարդկանց աշխատասենյակները խուզարկեք, գտեք ապացույցները: Բայց իրենք դա չեն անեու, ես վստահ եմ: Ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ, որ իրենք դա կանեն:

-Հետևաբար, չպե՞տք է սպասել պատիժներ:

-Ես չեմ սպասում իրավական հետևանքների, չեմ սպասում, որ ՀՀԿ-ին ընտրապայքարից կհանեն կամ Հատուկ քննաչական ծառայությունը լուրջ քրեական հետապնդումներ կիրականացնի: Բայց ես կարծում եմ, որ կլինեն լրջագույն քաղաքական հետևանքներ:

-Ի՞նչ նկատի ունեք:

-Իշխանությունները պլանավորել էին քվեարկության օրն անցկացնել  քիչ թե շատ նորմալ ընտրություններ, նորմալ քվեարկություն, չգնալ լցոնումների, կրկնակի քվեարկությունների հայտնի ճանապարհով և հետո կորզել լեգիտմիության մասին հայտարարություն: Պետք է փորձեին կորզել, որ ՀՀ քաղաքացիները, միջազգային հանրությունն ընդուներ, որ իշխանությունները լեգիտիմ ընտրվել են: Այս բացահայտումը փակեց այդ ճանապարհը, այս բացահայտումը ցույց տվեց, որ ընտրությունները նորմալ չեն: Նակինում դա կիրառվել էր, բայց նախկինում չի ապացուցվել: Մենք սրանով ապացուցեցինք, գոնե քաղաքական տեսանկյունից սա մաքուր ապացույց է: Եվ քիչ է հետաքրքրում, թե որքանով է սա ընդունելի ապացույց իրավապահների համար: Իրավապահները թող գնան իրենք իրենց ապացույցները հավաքեն:

-Իշխանությունները նախքան այս ընտրական գործընթացը, հայտարարում էին, որ այս ընտրությունները տարբերվելու էին նախորդներից: Այսինքն՝ փոփոխություն չենք արձանագրո՞ւմ:

-Այս դեպքը ցույց տվեց, որ ընտրակեղծիքները տեղամասից դուրս են եկել: Ոչ թե ընդհանրապես են դուրս եկել, այլ տեղամասից են միայն դուրս եկել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am