«Այն ձեռքը, որը մարդկանց ուղղորդում է կեղծիքների, այդ նույն ձեռքը չի կարող պատժել իր կողմից ուղղորդված կեղծարարներին». Ավետիք Իշխանյան

27-03-2017
19377 դիտում
«Այն ձեռքը, որը մարդկանց ուղղորդում է կեղծիքների, այդ նույն ձեռքը չի կարող պատժել իր կողմից ուղղորդված կեղծարարներին». Ավետիք Իշխանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

-Պարոն Իշխանյան, Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած նյութի հիման վրա կատարվել է ուսումնասիրություն և պարզվել, որ 114 ուսումնական հաստատությունների տնօրենների ձայնագրություններից միայն մեկն է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ, իսկ մնացած 113-ը՝ ոչ: Սպասելի՞ էր դատախազության այս պատասխանը:

-Ինձ համար բացարձակապես զարմանալի չէր, որ Գլխավոր դատախազությունը նման պատասխան կտար: Այդ մեկ դեպքն էլ առանձնացրել են ձևի համար, որը ևս հետևանք չի ունենա: Բազմիցս ասել եմ՝ այն ձեռքը, որը մարդկանց ուղղորդում է կեղծիքների, այդ նույն ձեռքը չի կարող պատժել իր կողմից ուղղորդված կեղծարարներին: Ջրառատի ծեծն ու կրակոցներն ակնհա՞յտ չէին, որ օրը ցերեկով հարձակվել էին մարդկանց վրա ու կրակել: Այսինքն՝ յուրայիններին թույլատրվում է ամեն ինչ, իսկ օրենքները հակառակորդների համար են: Հիմա ոչ թե օրենքները կարող են գործել հակառակորդների համար, այլ շինծու մեղադրանքները: Սա մեր իրականությունն է, և ովքեր դեռևս հույս ունեն, որ իրավապահ մարմինները վերջապես կաշխատեն, ես նույնիսկ երբեմն ուրախանում եմ, որ Հայաստանում դեռևս այդքան միամիտ մարդիկ կան, որովհետև միամտությունը դա լավ հատկություն է:

-Ինչո՞ւ են սրվել բռնություններն ու վարչական ռեսուրսի գործադրումն այս ընտրությունների նախաշեմին:

-Ամեն անգամ նրանք, ովքեր ասում են, թե այս մակարդակի բռնություն ու խախտում չի եղել, նրանք ուղղակի կարճ հիշողություն ունեն: Սկսած 1990-ական թվականներից Հայաստանում իշխանությունների կողմից հանցագոծություններն ու ընտրախախտումները միշտ էլ եղել են աննախադեպ: Եվ եղել են տարբեր հանցագործություններ՝ ծեծ, սպանություններ, և որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրել, որովհետև այդ ամենը գտնվում է մեկ կաթսայում:

-Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ նոր դեպքերի ականատես չենք լինում:

-Ինձ համար, իհարկե, ցավալի է այն, ինչ կատարվում է, բայց որևէ նորություն ես այս ամենի մեջ չեմ տեսնում:

-Նախքան ընտրություններն իշխանությունները հայտարարում էին, որ այս ընտրությունները նոր որակով են անցկացվելու: Ստացվում է, որ խաբե՞լ են հանրությանը:

-Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ 1995 թվականից սկսած իշխանությունները միշտ ասել են, որ նոր որակի ընտրություններ են ացնկացվելու, որևէ խախտում չի լինելու: Երբեք իշխանությունները չեն ասել, որ իրենք պետք է խախտումներ անեն: Միշտ խոստումներ են եղել: Եվ ամեն անգամ հասարակությունը կարծես հավատում է այն իշխանությանը, որն ամեն անգամ կեղծել է ու իր կարծիքը բռնաբարել: Հերթական անգամ մարդիկ հավատում են, հավատացեք, բայց ես չեմ հավատում:

-Այսինքն՝ Գլխավոր դատախազության այս քայլը հերթական անգամ ցույց է տալիս, որ չպե՞տք է արդարադատություն ակնկալել, փակվո՞ւմ է արդարադատության ճանապարհը:

-Արդարադատության ճանապարհը ե՞րբ է բաց եղել, որ հիմա փակվում է: Այս համակարգով դեպի արդարադատություն ճանապարհ չկա:

-Ինչո՞ւ է հասարակությունը շարունակում հանդուրժել այս վիճակը, ինչո՞ւ ընդվզում չկա: Մենք նկատում ենք, որ այս փուլում մարդիկ ընտրակաշառքի սպասումով են և կարծես հաշտվել են առկա իրավիճակի հետ: Ո՞րն է պատճառը:

-Որևէ հասարակություն, որն իրեն հպատակ է զգում և հույսեր ունի, որ իշխանությունը վերջապես իր մասին կմտածի, այդ հասարակությունը դատապարտվելու է: Չեն ընդվզում, որովհետև արդեն սովոր են այս վիճակին: Ամենավտանգավորն ու ամենաահավորն այն է, երբ հասարակությունն իր դաժան ու հպատակ կյանքին արդեն սովորում է և նույնիսկ փոփոխություններից է վախենում: Ժամանակն է, որ մենք հիշենք Հովհաննես Թումանյանի խոսքերը, որը նա ասում էր այն ժամանակվա մեր հպատակ ժողովրդի մասին: Ասում էր՝ ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք: Այսինքն՝ զուտ կենացային մակարդակով են լավը ուզում,բայց իրենք ոչ մի ջանք չեն ուզում գործադրել այդ լավին հասնելոը համար:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am