«Հողերի հանձնումը չի բերելու խաղաղության, այլ բերելու է պատերազմի». ըստ Արա Պապյանի՝  ՀԱԿ-ը ՀՀԿ-ին ասում է՝ աջակցեք գամ, ձեր փոխարեն հայհոյանքը ստանամ

29-03-2017
20703 դիտում
«Հողերի հանձնումը չի բերելու խաղաղության, այլ բերելու է պատերազմի». ըստ Արա Պապյանի՝  ՀԱԿ-ը ՀՀԿ-ին ասում է՝ աջակցեք գամ, ձեր փոխարեն հայհոյանքը ստանամ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

-Պարոն Պապյան, վերջին շրջանում դարձյալ բուռն քննարկման առարկա է դարձել հողերի վերադարձի հարցը: Նախընտրական փուլում հարցազրույցներով հանդես եկավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ առաջ մղելով հողեր հանձնելու հարցը: Ի՞նչ է նշանակում սա այս փուլում:

-Նրա ակտիվացումը, կարծում եմ, պայմանավորված է ՀԱԿ-ի համար հնարավորինս շատ ձայն կորզելու ցանկությամբ: Ներկայացվում է այդ ամբողջն իբր խաղաղության ծրագիր, բայց այդպես չէ: Ասում եմ իբր, որովհետև հողերի հանձնումը չի բերելու խաղաղության, այլ բերելու է պատերազմի: Բայց քանի որ մարդիկ հուզական մոտեցում ունեն, ինչ-որ մարդիկ կարող են խաբվել ու ձայն տալ: Մյուս կողմից էլ դա մեսիջ է դրսի ուժերին, որ՝ տեսեք, ես ինչքան լավն եմ, պատրաստ եմ զիջումների գնալ, ինձ աջակցեք գամ իշխանության: Եթե իշխանության չգամ, գոնե ինչ-որ տեղ զբաղեցնեմ: Իսկ երրորդ տարբերակն այն է, որ դա ՀՀԿ-ին ուղղված ուղերձ է, որովհետև ՀՀԿ-ն ևս հողատվության թեզի վրա է գործում: Սրանով ՀԱԿ-ը ՀՀԿ-ին ասում է՝ ինձ աջակցեք գամ, որպեսզի ձեր փոխարեն հարվածներն ու հայհոյանքը ես ստանամ:

-Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը նույն քաղաքականությունն են վարում այդ հարցում:

-Այո: Ի վերջո ՀՀԿ-ն չի հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից: Պարզապես ՀՀԿ-ն այդ մասին չի խոսում, փորձում է կոծկել այդ ամենը, իսկ ՀԱԿ-ը հակառակն է անում, որովհետև ուզում է միջագային հանրությունից աջակցություն ստանալ, ժողովրդի մի մասից՝ ձայն:

-Լևոն Տեր-Պետրոսյանը հող տալու հարցում հղում է անում միջազգային կառույցներին՝ նշելով, որ վաղ, թե ուշ այդ տարածքների հանձնման հարցը ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն բարձրացնելու են, եթե կամավոր դա չանենք, ապա մի օր ուղղակի սանկցիաներով են հողերը մեզանից տանելու: Հիմնավո՞ր է այս բացատրությունը:

-Եթե միջազգային հանրությունն ինչ-որ բան պարտադրող լիներ, նախ արդեն պարտադրած կլիներ: Երկրորդ, եթե կարողանար պարտադրել, ինքը կպարտադրեր իր որոշումների ի կատար ածումը, որը չի կարող անել: Նախորդ տարվա Սանկտ-Պետերբուրգի և Վիեննայի համաձայնությունները ևս միջազգային պարտադրված պարտավորություններ էին: Իրենք չեն կարողանում Ադրբեջանին պարտադրել անգամ, որպեսզի հետաքննության մեխանիզմներ տեղակայվեն սահմանին, ո՞նց պետք է կարողանան ավելի լուրջ բան պարտադրել: Ես միջազգային հանրության մեջ  չեմ տեսնում այն կոնսենսուսը, որը կստիպի պարտադրանքի գործողությունների գնալ:

-Առաջ է քաշվում նաև այն թեզը, որ եթե հողերը չենք տալիս, ապա երկրի զարգացումը կանգնելու է, չքավորություն, պանդխտություն է լինելու, այս երկիրը վերջանալու է: Այս մոտեցումը որքանո՞վ է հիմնավոր:

-Այսինքն՝ ինքն ի՞նչ է կարծում, եթե 7 շրջանը տանք, չքավորություն ու պանդխտություն չի՞ լինելու: Իմ կարծիքով այդ ամենն ավելի կշատանա, որովհետև մեր վրա լրացուցիչ ծախսեր կլինեն: Լավ, թե վատ, մենք հիմա ունենք պաշտպանական գիծ, որի վրա հարյուրավոր միլիոններ ենք ծախսել, ստիպված ենք լինելու նոր գծի վրա ևս հարյուրավոր միլիոններ ծախսել: Երկրորդ, այդ պաշտպանական գիծը մի քանի անգամ երկարելու է: Եվ ուզենք, թե ոչ, մենք էլի պետք է դա պաշտպանենք, որովհետև ոչ մի միջազգային ներկայություն կամ խաղաղապահ այդտեղ հարց չի լուծելու: Մենք դա տեսել ենք 1988, 1989, 1990, 1991 թվականներին, երբ դեռ Սովետական միություն կար, որն ըստ էության  խաղաղապահ պետք է լիներ, բայց չկարողացավ դա անել: Այսինքն՝ թշվառությունը կշատանա, արտագաղթը կահագնանա, դա լրիվ հակառակ արդյունք կունենա, քան իրենց ցանկություններն են:

-Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում առաջիկայում ի՞նչ զարգացումներ եք տեսնում:

-Ղարաբաղի հարցում ես չեմ տեսնում որևէ առաջընթացի հնարավորություն: Որպեսզի այդ առաջընթացը լինի, պետք է լինի կողմերի ցանկությունը: Եթե մինչև իսկ ընդունենք, որ մենք բոլորս գանք կոնսենսուսի և պատրաստ լինենք զիջումների, մենք դրա դիմաց չենք տեսնում Ադրբեջանի հադիպակած քայլը, նրա պատրաստակամությունը՝ խաղաղություն հաստատելու հարցով: Հետևաբար, ես ցավում եմ, որ 1994 թվականին, երբ որ մենք հնարավորություն ունեինք հարցը լուծելու, չլուծեցինք, այլ ոմանց սխալ պատկերացումների հետևանքով հիմնախնդիրը ձգում ենք այսքան տարի: Չգիտես ինչու, մարդիկ կարծում էին, որ եթե զինադադարի պայմանագիր կնքեն, հետո հնարավոր կլիներ գալ խաղաղության, բայց մենք տեսնաք, որ դա հնարավոր չէ: Գործընթացն այսպես գնալու է, մինչև որ կողմերից մեկը պարտվի:

-Բայց եթե փակուղի է, դա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է խոսի միակողմանի զիջումների մասին, այդպես չէ՞:

-Իհարկե, չէ, որովհետև, էլի եմ կրկնում, եթե դու զիջում ես  և դրանով ավելի ես վատթարացնում քո վիճակը, այդ զիջելդ իմաստ չունի, ավելի վատ է: Եթե դու մի բան զիջես, պետք է դիմացը ինչ-որ մի բան ստանաս: Երբ Տեր-Պետրոսյանը Սինա թերակզու օրինակն էր բերում, որը Իսրայելի կողմից հանձնվեց Եգիպտոսին, պետք է նշենք, որ ինքը հանձնելով՝ իր ռազմական պաշտպանունակությունը բարձրացրեց: Իսկ մեր մոտ, հակառակը, պաշտպանունակության մակարդակն իջնելու է: Այսինքն՝ այնտեղ ռազմաճակատային գիծը կրճատվեց, մեզ մոտ շատանալու է, այնտեղ մատակարարման ուղիները կարճացան, մեզ մոտ երկարելու են: Այնտեղի թիկունքն ինքն ազատեց արաբների առկայությունից, մեր թիկունքում, հակառակը, ադրբեջանցիներ են հայտնվելու: Այսինքն՝ ցանկացած որոշում կոնկրետ է և պետք է հաշվարկ կատարես, որ եթե անում ես, ինչ արդյունքներ են լինելու: Հինգ կամ յոթ շրջանի տալը բացի բացասական հետևանքներից որևէ դրական բան մեզ չի բերելու: Եվ միջազգային հանրությունն ի  վիճակի չէ և ի վիճակի չի էլ լինելու որևէ բան պարտադրել: Առավել ևս Ադրբեջանն անգամ բանավոր կերպով ցանկություն չի արտահայտել, որ պատրաստ է հարցի լուծման ճանապարհով գնալ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am