«Եթե ինձ ընտրում եք, մեկ սրիկա քիչ է լինելու Ազգային ժողովում». ՄիՔո

31-03-2017
19650 դիտում
«Եթե ինձ ընտրում եք, մեկ սրիկա քիչ է լինելու Ազգային ժողովում». ՄիՔո

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է երգահան-կատարող ՄիՔոն՝ Միքայել Մարգարյանը, ով առաջադրվել է որպես պատգամավորության թեկնածու:

-Միքայել, դուք մի շարք աղմկահարույց երգերի հեղինակ եք, նախընտարական շրջանում ձեր երգերից մի քանիսը մեծ տարածում գտան, ինչպիսիք օրինակ «Իմ քեռին չի», «Քո լավը» եւ այլն: Ինչո՞ւ որոշեցիր երգից անցում կատարել քաղաքականությանը:

-Իմ երգերն ստեղծվել էին ավելի վաղ՝ 2015 թվականին: Իմ հիմնական մասնագիտությունը երաժշտական պրոդյուսեր է, ես՝ որպես պրոդյուսեր, այդ երգերն ստեղծել էի և փնտրում էի որևէ կատարող, ով կկատարի դրանք: Ցավոք սրտի, տարբեր պատճառներով չգտա: Երբ եկավ այն պահը, որ ես հասկացա, որ այդ երգերը շատ անհրաժեշտ է հրապարակել, ես սկսեցի երգել: Կինս ինձ ոգևորեց, ընկերներս միացան, ասացին՝ լավ ես երգում: Ստիպված ես երգեցի:  Առաջին երգը երգելուց հետո եկավ այն միտքը, որ պետք է մտնել Ազգային ժողով:

-Ինչո՞ւ որոշեցիք մտնել Ազգային ժողով:

-Ես երկար ժամանակ է՝ մասնակցում եմ տարբեր բողոքի ակցիաների, պայքարում եմ, փորձում եմ իմ ուժերի չափով ինչ-որ բան բացատրել թե ժողովրդին, թե իշխանությանը, որպեսզի համաձայնության գանք, երկիրը փոխենք դեպի լավը: Վերջին իրադարձությունները՝ կապված «Սասնա ծռերի» հետ, ապացուցեցին, որ փողոցային պայքարը փակուղի է: Ժողովուրդը միասնական չի սատարում Սասնա ծռերին, «Հաց բերող» Արթուր Սարգսյանին, և ես հասկացա, որ մարդկանց մեջ այսօր բարոյական անկում կա: Նրանք թե հավատն են կորցրել, թե կորցնում են ադեկվատ ընկալելու բոլոր մարդկային հարաբերությունները: Եվ դրա համար հասկացա, որ փողոցային հարթակն արդեն բավական թույլ է, խիզախություն ունեցա հանդիպել պատգամավոր, պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանի հետ: Ես նրան դիտարկում եմ մարդ, ով այսօր հասկանում է երկրի փրկության ճանապարհը, ես դիմեցի նրան՝ խնդրելով, որպեսզի ինձ աջակցի պատգամավորի թեկնածու առաջադրվել: Եթե անկեղծ ասեմ, բոլոր քաղաքական գործիչներից ու կուսակցություննրից ես ընտրեցի Հրանտ Բագրատյանին, ոչ թե «Ազատ դեմոկրատներին», որոնց կողմից էլ պատգամավորի թեկնածում եմ առաջադրված: Ես վստահում էի նրա  ընտրությանը, գիտեի, որ Հրանտ Բագրատյանը չի կարող լինել այն ուժերի հետ, ովքեր կհակասեն իր գաղափարներին: Եվ ծանոթանալով Հրանտ Բագրատյանի հետ, և ես, և կինս ընդգրկվեցինք «Ազատ դեմոկրատների» ցուցակում:

-Դուք ասում եք, որ փողոցային պայքարը բավարար չէ, որոշել եք քաղաքական դաշտում պայքարելով՝ ինչ-որ բան փոխել: Տեսնելով նախորդ տարիների փորձը՝ ի՞նչ եք կարծում, ի՞նչ է հնարավոր փոխել երկրում: Ընդհանրապես փոփոխության ուղին ո՞րն է:

-Ես հասկացել եմ մի բան՝ ոչ թե հնարավորություն կա, այլ պարտադիր է ինչ-որ մի բան փոխել: Եթե դա պարտադիր է, ուրեմն դրա համար պետք է աշխատել: Հնարավոր է, թե չէ, ցույց կտա ժամանակը: Իհարկե, համոզված եմ, որ հնարավոր է: Ես վերլուծում եմ իմ ընկերների, հարազատների մարդ լինելը և հասկանում եմ, որ այսօր այն մարդիկ չեն, ում ես ամբողջ կյանքս ճանաչել եմ: Ես հասկանում եմ, որ դա անվերադարձ չի կարող լինել: Եթե պրոցես է գնացել դեպի վատը, կարելի է նույն պրոցեսը շուռ  տալ և բերել նորից հետ: Այդ հույսով եմ: Եվ այսօրվա միակ փրկությունը դա մարդկանց գիտակցության վերափոխումն է: Մարդիկ պետք է հասկանան, որ սա երկիր է, որը մեզ համար է, սա երկիր է, որը մենք իրավունք չունենք կորցնելու, սա երկիրր է, որը մենք իրավունք չունենք վաճառելու: Դա պետք է հասկանա և հասարակ բանվորը, և գիտնականը, պետք է հասկանա նաև կառավարությունը: Ես չեմ ուզում, որ կառավարությունը լինի որպես դավաճան, ես չեմ ուզում, որ ժողովուրդը զենք բարձրացնի այս կառավարության վրա, և պատմության մեջ մենք արյունոտ գիծ ունենանք: Ես ուզում եմ, որ կառավարությունն ի վերջո հասկանա, որ չի կարելի ապրել սեփական շահի համար, այլ պետք է ապրել հօգուտ ժողովրդի ու երկրի:

-Ինչպե՞ս եք գնահատում այս նախընտրական քարոզարշավը: Իշխանություններն ավելի վաղ խոստանում էին, որ այս ընտրական գործընթացներն էապես կտարբերվեն նախորդներից: Բայց մենք այս նախընտրական փուլում էլ ակատես եղանք բռնությունների, ընտրակաշառքի մասին խոստումների և այլ բացասական երևույթների:

-Քանի որ ընտրական պրոցեսը կազմակերպում է իշխանությունը, իսկ իշխանության տգիտությունն ու խուժանությունն արդեն բոլոր սահմաններն անցել են, ուստի ընտրությունները նույնպես գնում են «խուժանություն» կարգախոսով: Եվ դրան միանում են որոշ ուժեր, որոնք կամա թե ակամա սատարում են իշխանություններին: Զուգահեռաբար նաև խորամանկ խաղեր եմ նկատում, ինչի փաստերը մենք կտեսնենք երկուշաբթի օրը:

-Ո՞ւմ կողմից, իշխանությունների՞:

-Բնականաբար, իշխանությունների կողմից խորամանկ խաղեր են տարվում:

-Իշխանությունների այդ խորամանությունները և ընդհանրապես բոլոր խախտումները արդյոք փաստո՞ւմ են, որ իշխանությունները վախեցած են, որ արդար ընտրությունների դեպքում չեն հաղթի:

-Իշխանությունը հասկանում է, որ իր վարկանիշն ընկել է զրոյից ցածր: Դրսից ուժեր են ներգրավվել, որպեսզի վարկանիշ բարձրացնեն: Ներսից էլ ուժեր են ներգրավում, որպեսզի հակակշիռ ուժեր ստեղծեն, որոնք իբր թե ընդդիմադիր են, իբր թե ավելի լավն են, քան իշխող ուժը: Բայց մենք դրա մեջ տեսնում ենք ակնհայտ խորամանկություն: Ի վերջո, անգամ եթե երեք-չորս ուժ է անցնելու Ազգային ժողով, մենք խորհրդարանում տեսնելու ենք նույն ՀՀԿ-ի դեմքերը:
Ինձ շատ են հարցնում՝ ի՞նչ ես կարողանալու փոխել: Ես ուզում եմ բոլորին ասել՝ բնականաբար, ոչ մի անհատ միայնակ երկրում ոչինչ փոխել չի կարող: Մենք կարող ենք փոխել հատուկ մարդկանց գիտակցությունը և միասին հավաքվել այդ հատուկ մարդկանցով: Ես վստահ ասում եմ՝ եթե ինձ ընտրում եք, մեկ սրիկա քիչ է լինելու Ազգային ժողովում: Գոնե Ազգային ժողովում սրիկաների թիվը պակասելու է մեկով, դա իմ այսօրվա առաքելությունն է: Հետագայում ես, իհարկե, կփորձեմ, որ սրիկաների քանակը լինի շատ ավելի քիչ, ես կփորձեմ, որ ԱԺ լավ մարդկանցով համախմբվենք, այնտեղ ստեղծենք կոալիցիա և դաշինք: Հենց ԱԺ-ում պետք է ստեղծվի նոր կոալցիա կամ դաշինք, որը ներսից կսկսի լուրջ պայքար:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am