«Բնակչության փաստացի կեսը քվեարկեց իր անմիջական ղեկավարների, պետերի, գործատուների կամ նպաստատուների օգտին». Ռուբեն Մեհրաբյան

04-04-2017
18907 դիտում
«Բնակչության փաստացի կեսը քվեարկեց իր անմիջական ղեկավարների, պետերի, գործատուների կամ նպաստատուների օգտին». Ռուբեն Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը


-Պարոն Մեհրաբյան, ասպասելի՞ էին խորհրդարանական ընտրությունների այս արդյունքները և ի՞նչ ընտրությունների ականատես եղանք:

-Այո, այս արդյունքները սպասելի էին: Ինչո՞ւ էին սպասելի, որովհետև այդ արդյունքները մեծ հաշվով արտացոլեցին Հայաստանի բնակչության ընդհանուր փոխկապակցվածությունն ու կառուցվածքը: Ինչո՞ւմ է դա կայանում: Բնակչության փաստացի կեսը քվեարկեց իր անմիջական ղեկավարների, պետերի, գործատուների կամ նպաստատուների օգտին: Սա պետք է փաստենք: Ովքե՞ր են նրանք: Նախ և առաջ նրանք պետական, կրթական հաստատությունների, ոստիկանության աշխատակիցներն  են, բանակը, թոշակառուների ու նպաստառուների զգալի մասը:

-Վարչական լծակ օգտագործվեց, վախ տարածվեց, թե՞ այդ մարդիկ իրենց կամքով քվերակեցին իշխող ուժի օգտին:

-Մարդիկ իրենք ընտրեցին այս ճանապարհը: Իհարկե, վախը այն էր, որ եթե դու կատարել ես այդ ընտրությունը, չպետք է շեղվես կամ խաբես: Այդտեղ արդեն վախ կար: Բայց մարդիկ կամավոր են ընտրել մեծամասամբ:

-Բայց մենք գիտենք, որ ընտրակաշառքի գործոնն է մեծ եղել, նաև մարդկանց վախեցրել են՝ ասելով, թե տեսախցիկներով հսկում են իրենց քվեարկությունը և այլն:

-Ես չեմ բացառում, որ դա էլ է աշխատել: Ի վերջո, Հայաստանում պետք է արձանագրենք հետևյալը՝ ընտրություններում իշխանության կուսակցության վերարատադրությունն ապահովող այդ արատավոր ու պիղծ մեքենան, այո, չի կազմաքանդվել: Ավելին, այն կատարելագործվել է, ծածկվել շպարով ու օծանելիքով:

-Ինչո՞ւ մարդիկ ընտրության միջոցով չեն գնում փոփոխության, որովհետև շանս չկա, թե՞ այլընտրանք:

-Ի՞նչ է նշանակում փոփոխություն: Մարդիկ ուզում են ավելի լավ ապրել, քան ապրում են այսօր: Այդքանով, այո, փոփոխություն են ուզում: Մյուս կողմից էլ նրանք ուզում են հասկանալ՝ իսկ ո՞վ է այդ ամենն ապահովելու: Ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցավ ոչ այնքան ընտրակաշառքը, որքան այդ կախվածությունն իրենց գործատուներից կամ իրենց նպաստատուներից: Այո, արանքում էլ ընտրակաշառքն աշխատեց այնքանով, որ սայլը յուղեցին, որ շատ չճռռա:

-Նախքան ընտրություները իշխանությունների կողմից խոստումներ կային, որ ընտրական համակարգը բարելավվում է: Դրական փոփոխություն նկատվե՞ց:

-Ամեն դեպքում մենք այս անգամ չտեսանք լցոնումներ: Այսինքն՝ ինչպես սիրում են ասել իշխանության ներկայացուցիչները՝ թղթի վրա ամեն ինչ նորմալ էր: Ամենավերջին բանը, որը կարելի է անել, դա կամ ժողովրդին մեղադրելն է, կամ արդարացնելը: Ուղղակի հասկանալ է պետք, թե ինչու մարդիկ այսպես քվեարկեցին: Ես կարծում եմ, որ այս իմաստով ներկայիս և ապագա ընդդիմությունները պետք է պարզապես սա ուսումնասիրեն անաչառ ձևով: Իսկ ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե ժողովուրդը ծախված է, անինքնասեր է, ես ժողովրդին մեղադրողներին ուղղակի կասեի՝ բերաններդ փակեք և վեր ընկեք ձեր տեղը:

-Որոշ ուժերի կողմից նախընտրական շրջանում խոսք էր գնում հետընտրական զարգացումների մասին: Տեսնելով այսօրվա իրավիճակը՝ պե՞տք է ակնկալել հետընտրական զարգացումներ:

-Ես գոնե այս պահին դրա նախադրյալները չեմ տեսել: Մենք առաջին անգամ ենք տեսնում խորհրդարան, որտեղ անցած ուժերը բոլորն ընդունում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am