«Դա անհեթեթություն է, բայց Սերժ Սարգսյանը հիմա գլխավորում է ինչպես Հայաստանի իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը». Տիգրան Խզմալյան

07-04-2017
18698 դիտում
«Դա անհեթեթություն է, բայց Սերժ Սարգսյանը հիմա գլխավորում է ինչպես Հայաստանի իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը». Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

-Պարոն Խզմալյան, խորհրդարանական ընտրությունների այս արդյունքները սպասելի՞ էին, և ի՞նչ ընտրական գործընթացի ականատես եղանք:

-Իրականում մենք պետք է հասկանանք ինչ է կատարվել և ինչի համար էին այս ընտրությունները: Ամբողջ խնդիրն այն է, որ հասարակությունն իրեն հարց չի տալիս՝ իսկ ինչո՞ւ հանկարծ նախագահական կառավարման պայմաններում 2.5 տասնամյակ ապրող պետությունը հանկարծ որոշեց անցնել խորհրդարանական համակարգին:

Իմ խորին համոզմամբ՝ դա Ռուսաստանի նախագահի՝ Պուտինի վերջնագիրն էր, որը հնչեց միաժամանակ Եվրաասոցացման գործընթացի ընդհատման պահանջի հետ: Ապացուցել դա կարելի է նրանով, որ 2013 թվականի սեպտեմբերին վերադառնալով Մոսկվայից, Սերժ Սարգսյանը հայտարարեց երկու բան՝ առաջինը, որ Հայաստանը միանում է ԵՏՄ-ին, երկրորդը, որ Հայաստանը պատրաստվում է սահմանադրական հանրաքվեի միջոցով անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին:

Մենք հիշում ենք, որ Պուտինի կողմից այդ վերջնագիրը ներկայացվել էր ինչպես Հայաստանին, այնպես էլ Ուկրաինային, երբ երկու երկրները պատրաստվում էին ստորագրել Եվրաասոցացման համաձայնագիրը: Ուկրաինայում գործը հասավ Եվրամայդանին, հեղափոխությանը և Ուկրաինայի արևելյան և հարավային մասի զավթմանը Ռուսաստանի կողմից:

Ըստ երևույթին նույն սպառնալիքը հնչել էր Հայաստանի վերաբերյալ, բնականաբար, Արցախի հարցով: Եվ ըստ երևույթին Սերժ Սարգսյանն այդ ճնշմանը չդիմանալով՝ գնաց այդ քայլին: Իսկ Պուտինին այդ իրավիճակը պետք էր, որովհետև ըստ երևույթին նա որոշել էր, որ վերականգնվող Խորհրդային միություն-2 տարբերակում պետք է լինի մեկ նախագահ՝ ՌԴ նախագահը: Մնացած տարածքը նա ցանկանում է դարձնել անդեմ, անատամ, անողնաշար մի զանգված, և դրա ապացույցն այն է, որ Հայաստանից բացի, նույն գործընթացի մեջ հիմա ներգրավված է նաև Ղրղզստանը: Այսինքն՝ այն երկրները, որոնց վրա Ռուսաստանի ուժը պատում է, պետք է հրաժարվեն նախագահական համակարգից: Ռուսաստանը մեկ տարուց ավելի Հայաստանում ստեղծում էր  ռուսամետ տարբեր դաշինքներ, շատ պարզ երևում է, թե որ դաշինքի հետևից է երևում Ռոբերտ Քոչարյանի ստվերը, իսկ Քոչարյանի հետևում կանգնած է Վլադիմիր Պուտինը:

Փաստորեն պայքարը գնում էր, կոպիտ ասած, հայկական գող-գողականների և Ռուսաստանի հովանավորությամբ եկած գող-գողականների միջև: Եվ մենք այստեղ տեսնում ենք ստորգետնյա պայքարը ռուսական հովանավորություն ունեցող մաֆիայի և տեղական մաֆիայի միջև: Ժողովուրդը շատ բաներ չի հասկանում, բայց բնազդով զգում է: Ահռելի գումարներ և մեծ ջանքեր թափեցին, որպեսզի Հայաստանում ոչինչ չփոխվի: Այսինքն՝ ընտրություններից հետո կարելի է արձանագրել հետևյալը՝ առաջինը, Հայաստանում գրեթե ոչինչ չփոխվեց: Եվ դա մեծ հաշվով լավ է, որովհետև փոփոխությունը կարող էր այս պահին լինել միայն ի վնաս մեզ:

Քանի որ Ռուսաստանն Արևմուտքի թուլացման ու պառակտման պայմաններում ուժեղացել է, փորձում էր փոխել Հայաստանի ներկայիս կոռումպացված, թույլ և ատելի իշխանությունը՝ իրեն ավելի հարմար, ավելի հնազանդ խորհրդարանական մոդել ներդնելով: Այսինքն՝ եթե Սերժ Սարգսյանը դեռ կարողանում է երբեմն ասել՝ ոչ, ապա պատկերացրեք, թե ինչ պետք է խոսի Պուտինի հետ խորհրդարանը, որի անդամներն են… այստեղ կարող եք մականունավոր մաֆիոզների երկար ցուցակ թվել:

-Կանխատեսված պատկե՞ր ունեցավ խորհրդարանը, թե՞ անակնկալ զարգացումներ եղան:

-Կարելի է արձանագրել մի քանի կարևոր արդյունք: Նախ, խորհրդարանում այլևս չկա ընդդիմություն, որովհետև անգամ «Ելքը» համակարգային կուսակցություն է և համակարգի հետ է համագործակցելու: Դա այս իրավիճակում վատ չէ, որովհետև հիմնական խնդիրն էր դիմակայել պետականության ոչնչացման փորձին, որը նախաձեռնեց Պուտինը: Դա հաջողվեց, իհարկե, շատ ծանր գնով, բայց կարող ենք արձանագրել, որ ռուսամետ ուժերն ու դաշինքները պարտվեցին:

Այն, որ ԲՀԿ-ն մտավ խորհրդարան, դա քիչ է, այդ ուժը չհաղթեց: Ռուսները բավական ուժեղ են, որպեսզի խորհրդարան անցկացնեին գոնե ԲՀԿ-ն, բայց այդ ուժը շատ փխրուն է, շատ թույլ, և Սերժ Սարգսյանը նրանց հարցը կլուծի, ինչպես լուծել էր Գագիկ Ծառուկյանի հարցը: ՕՐՕ դաշինք նույնպես, հանձինս Օսկանյանի, կապված է Քոչարյանի հետ: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը, ինչպես ապրիլյան պատերազմի օրերին կարողացավ խուսափել Ռուսաստանի կլանումից ու սպառնալիքից, նույնը արեց հիմա: Դա անհեթեթություն է, բայց Սերժ Սարգսյանը հիմա գլխավորում է ինչպես Հայաստանի իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը:

-Մենք միաժամանակ ականտես եղանք, որ հասարակությունը կարծես փոփոխություններ անելու նպատակ չունի: Այս ընտրություններում շատ մեծ էր ընտրակաշառքի գործոնը: Ինչո՞ւ են մարդիկ նման վարքագիծ դրսևորում:

-Սա բարդ հարց է: Նախ, Հայաստանի երեք նախագահները կիսում են այդ մեղքի մեծ բաժինը: Հասարակությանը հասցրել են այնպիսի աղքատության և ստորաքարշության մակարդակի, որ մարդկանց հետ կարելի է անել գրեթե ամեն ինչ: Բայց հանրության պասիվությունն ուներ ավելի կարևոր պատճառ, ինչի մասին քիչ է խոսվում: Հիմնական պատճառն այն էր, որ չկար իրական այլընտրանք: Իրական այլընտրանքը Հայաստանի պայմաններում միայն մեկն է՝ մերձեցումը Եվրոպայի հետ: Միայն մեկ կուսակցություն՝ «Ազատ դեմոկրատներն» առաջին անգամ պաշտոնապես դա հայտարարեցին քաղաքական նպատակ:

Չունենալով ոչ արևմտյան, ոչ ներքին լուրջ աջակցություն՝ այդ կուսակցությունը հավաքեց ընդամենը մեկ տոկոս: Դա ողբերգական արդյունք է: Դա չի նշանակում, որ Հայաստանում ընդամենը մեկ տոկոս մարդ է ցանկանում ապրել եվրոպական արժեքներով: Դա նշանակում է, որ հանրությունը չվստահեց այդ միավորին, դրա հետևը ուժ չտեսավ:

Եվ կարող եմ պնդել, որ այնուամենայնիվ հենց այդ գաղափարը անխուսափելիորեն լինելու է Հայաստանի հաջորդ օրակարգը: Այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն ինքն է ցանկանում իրականացնել դա, իմ տպավորությամբ, հեռացնում է այդ հեռանկարը, որովհետև Սերժ Սարգսյանի պես թույլ, կոռումպացված ու վարկաբեկված գործիչը, որը սովոր է իր նպատակներին հասնել խարդախ միջոցներով, չի կարողանա անել դա: Պետք է գնահատել այն հանգամանքը, որ նա գոնե գիտակցում է այդ մարտահրավերը:

Չպետք է անտեսել պարզ երկու փաստ՝ ընտրություններից մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի հետ ստորագրեց շատ կարևոր փաստաթուղթ, իսկ դրանից մեկ-երկու օր առաջ Մալթայում հայատարարեց, որ Հայաստանի նպատակն է ժողովրդավարական եվրոպական պետություն կառուցելը: Այս անգամ դա չեղավ, որովհետև Ռուսաստանը շատ հզոր է, և Սերժ Սարգսյանը շարունակում է իր խաղը Պուտինի հետ:

Այդ  խաղը նրանում է կայանում, որ նա փորձում է, շախմատային լեզվով ասած, պահպանել տարածությունը՝ զոհաբերելով ժամանակը: Ցավոք սրտի, դա մեր կյանքի ժամանակն է, մեր երկրի զարգացման պատմական ժամանակն է, մենք չենք զարգանում 17 տարի շարունակ: Ժամանակը ցույց կտա՝ կարելի էր գործել այլ կերպ, թե՞ ոչ: Հիմա մենք ունենք այն, ինչ ունենք: Սերժ Սարգսյանը փորձում է պահպանել Արցախը և պահպանել գոնե անկախության նշույլներ, որպեսզի առանց կորուստների հասնի այն նպատակին, որին հասան Ուկրաինան ու Վրաստանը: Մեր նպատակը Եվրամիությունն է, ուրիշ հեռանկար Հայաստանը չունի:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am