«Անկախ մեր կամքից հայկական հարցի ակտիվացման փուլ ենք մտնում».Արա Պապյանը՝ Թուրքիայում ընտրությունների արդյունքների մասին

17-04-2017
19764 դիտում
«Անկախ մեր կամքից հայկական հարցի ակտիվացման փուլ ենք մտնում».Արա Պապյանը՝ Թուրքիայում ընտրությունների արդյունքների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

-Պարոն Պապյան, Թուրքիայում սահմանադրական հանրաքվեով ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել և ինչպե՞ս դա կազդի Հայաստանի վրա:

-Այս հանրաքվեով Թուրքիայում շատ կարևոր բան է կատարվել՝ արժեքային համակարգի փոփոխություն է տեղի ունեցել: Այսինքն՝ այն արժեքները, որոնք որդեգրել էր Քեմալը, աշխարհիկ պետության արժեքները, վերջին շրջանում մենք տեսանք, որ Էդրողանն աստիճանաբար դրանցից հրաժարվում էր, և սա դրա ձևակերպումն էր:

Մասնավորապես, մենք տեսանք կրոնի և պետության մերձեցում, սա մեկ: Մյուսն այն էր, որ քեմալիզմի գաղափարներից մեկը դա զինվորականությանը հատկացված մեծ տեղն էր և զինվորականության դերը՝ որպես աշխարհիկ կարգերի երաշխավորը պետության ներսում: Սրանից էլ աստիճանաբար հրաժարում տեղի ունեցավ՝ տարբեր օրենսդրական փոփոխություններով և այլն:

Այսինքն՝ մենք ունենք ըստ էության անվանումով Թուրքիայի հանրապետություն, բայց էության մեջ սա արդեն միապետությանը հավասարեցված երկիր է, որը հակադրվում է առաջին հերթին Արևմուտքին ու արևմտյան արժեքներին: Պատահական չէ, որ Էրդողանը պարբերաբար վիրավորում է եվրոպացիներին:

Սա առաջին հերթին կլարի Թուրքիայի հարաբերություններն Արևմուտքի, մասնավորապես, ԱՄՆ, իսկ ավելի շատ՝ Եվրոպայի հետ:

Երկրորդ, Թուրքիան կսկսի ավելի շատ խաղեր տալ Ռուսաստանի հետ: Եթե Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների լարումը մեզ համար դրական պահ ունի, ապա Ռուսաստանի հետ հարաբերությունների մերձեցումը մեզ համար վատ միտում է, որովհետև միշտ տեսել ենք, որ երբ ռուսներն ու թուրքերը մերձենում են, դա մեր համար վատ հետևանքներ է ունենում:

Երրորդ հետևանքն այն է, որ Արևմուտքը կսկսի ավելի շատ օգտագործել ու շահարկել հայկական հարցը, լինի դա Ցեղասպանության հարցը, թե տարածքների ու այլ հատուցումների հարցը: Հիմա արդեն իսկ եվրոպական մի քանի հեռուստաալիքներով մի քանի հաղորդում գնաց իսլամացած հայերի վերաբերյալ՝ 1915 թվականի հիշատակումով: Այսինքն՝ այս ամենը գալու է մեջտեղ, անկախ մեր կամքից հայկական հարցի ակտիվացման փուլ ենք մտնում:

Եվ չորրորդ հետևանքը քրդերի ու իշխանության հարաբերությունների լարումն է: Երբ նայում ենք հանրաքվեի արդյունքներն ըստ աշխարհագրական տարածաշրջանների, Էրդողանին դեմ քվեարկեցին քրդաբնակ՝ հարավ և հարավ-արևելյան շրջանները և արևմտյան շրջանները, որտեղ ավելի զարգացած հասարակություն է ապրում: Եվ երբ նայում ենք դեմ ու կողմ ձայների տոկոսները, հասարակությունը գրեթե երկփեղկված է հավասարապես, ինչը ևս հասարակության համար շատ խոցելի վիճակ է ստեղծում:

-Այս իրավիճակում ի՞նչ  պետք է անի հայկական կողմը: Նման հարևան ունենալը կարո՞ղ ենք մարտահրավեր համարել:

-Ես այդպես չէի ասի: Ցանկացած փոփոխություն իր մեջ պարունակում է շատ մեծ հնարավորություններ և շատ մեծ վտանգներ: Մեզանից է ամեն ինչ կախված: Սա մեծ հնարավորություն է մեզ համար: Եթե մենք 20 տարի առաջ աշխատանք սկսած լինեինք՝ Արևմուտքին ներկայացնելու այն իրավական հիմքերը, որոնք մեր իրավունքն են, գուցե այսօր այդ իրավունքները նույն Արևմուտքը կխաղարկեր Թուրքիայի դեմ, և մենք կկարողանայինք ինչ-որ բանից օգտվել:

Մենք այդ մասով մեր աշխատանքը չենք արել: Իսկ ինչ վերաբերում է այդ ամենին դիմագրավելուն, ես չեմ կարծում, որ եթե Ռուսաստանն ու Թուրքիան սկսեն մերձենալ, մենք որևէ ձևով կկարողանանք դրան դիմագրավել, հատկապես ներկա իշխանությունները: Կարող էինք դիմագրավել, եթե Ռուսաստանի առաջ պայման դնեինք՝ կամ մենք, կամ Թուրքիան, բայց հաստատ մերոնք նման բան ասողը չեն, հետևաբար այդ հարցով մեզանից շատ բան կախված չէ:

-Երբ ասում եք, որ վաղուց պետք է Արևմուտքին ներկայացնեինք մեր իրավունքների հարցը, ի՞նչ նկատի ունեք:

-Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցի մասին է խոսքը:

-Հնարավոր է հիմա այդ հարցը բարձրացնել:

-Չինացուն հարցնում են՝ երբ է ծառ տնկելու ժամանակը, ասում է՝ դա 20 տարի առաջ էր: Իհարկե, միշտ էլ կարելի է դա անել, բայց դու պետք է 20 տարի առաջ ծառը տնկեիր, որ այսօր պտուղը տեսնեիր: Հիմա կարելի է սկսել, թեև ես վստահ չեմ, որ կսկսենք: Հնարավորության պատուհանը երբ  բացվում է, որպես կանոն, դա շատ կարճաժամկետ է լինում: Վաղուց ասում էինք՝ ստեղծվելու են վիճակներ, որ անկախ մեր կամքից, նման հարցերը մեջտեղ են գալու, և մենք պետք է պատրաստ լինենք դրան: Հիմա կարծես էլի պատրաստ չենք:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am