Տարոն Մարգարյանի չիրականացված խոստումներից. պուրակ Ծարավ Աղբյուրի փողոցում

18-04-2017
19750 դիտում
Տարոն Մարգարյանի չիրականացված խոստումներից. պուրակ Ծարավ Աղբյուրի փողոցում

2014 թվականին երևանյան Ծարավ Աղբյուր փողոցում նոր բազմաբնակարանային համալիրի կառուցման աշխատանքներին ծանոթանալիս՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարեց տարածքում մանկապարտեզի և պուրակի կառուցման աշխատանքներ իրականացնել:

Ըստ այդմ, պուրակի կառուցումը նախատեսվում էր ավարտել 2014 թվականին, իսկ մանկապարտեզը շահագործման հանձնել 2015թ. սեպտեմբերին:

Տարոն Մարգարյանի խոսքով՝  շուրջ 230 երեխաներ պետք է հնարավորություն ունենային հաճախելու այդ մանկապարտեզ: «Ընդ որում, նոր մանկապարտեզից և այգուց կօգտվեն ոչ միայն այս բազմաբնակարան շենքերի, այլև հարակից տարածքների բնակիչները», – ընդգծել էր քաղաքապետը:

2015 թվականին, սակայն, ոչ պուրակը և ոչ էլ մանկապարտեզը չկառուցվեցին, իսկ դրանց համար նախատեսված տարածքը վաճառվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ ուսումնական-սպորտային համալիր կառուցելու համար:

Ուշագրավ է, որ 31,841 քմ ընդհանուր մակերեսով այդ տարածքը վաճառվել է տարօրինակ ցածր գնով՝ քառակուսի մետրը 20 ԱՄՆ դոլարով:

Բնակիչների դժգոհություններին և բողոքի ակցիաներին ի պատասխան քաղաքապետը շտապեց հայտարարել, որ այգին կառուցվելու է՝ պարզապես ժամկետներն են հետաձգվել:

Տարոն Մարգարյանի այդ վերջին խոստումից անցել է ուղիղ 2 տարի, մինչ օրս որևէ քայլ իրականացված չէ։ Ավելին, դժվար է պատկերացնել, թե որտեղ է լինելու պուրակը, քանզի դրա ենթադրյալ ամբողջ տարածքը այժմ շինարարական հրապարակ է:

Աղբյուրը՝ sut.am