«Մարդիկ պայքարելու ցանկություն գուցե չունեն, հերիք չէ ունեզրկված են, նրանց նաև ստորացնում են». Ժաննա Ալեքսանյան

19-04-2017
17255 դիտում
«Մարդիկ պայքարելու ցանկություն գուցե չունեն, հերիք չէ ունեզրկված են, նրանց նաև ստորացնում են». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

-Տիկին Ալեքսանյան, ընտրական գործընթացներում վաչական ռեսուրսի չարաշահման կոնկրետ դեպքերի ականտես եղանք, օրերս էլ հրապարակվեց ՍԱՍ գրուպի ժողովի ձայնագրությունը, ինչը ևս դրա վառ օրինակն է: Ի՞նչ է տեղի ունենում:

-Ընտրություններ են, որտեղ ՀՀԿ-ն ամեն գնով ուզում է մնալ իշխանության, վերարտադրվել: Այդ միջոցներից մեկը ՍԱՍ գրուպի դեպքն է, ինչն, իհարկե, արտառոց դեպք է: Մենք թեև ունենք տեղեկություններ, որ այդ սուպերմարկետներում աշխատողներն ամբողջովին ստրկության մեջ են, բայց որ նրանց շահագործում են, պարտադրում են, որ նաև ընտրական գործընթացին մասնակցեն, սա բացահայտվեց այս ձայնագրութամբ:

Սա ևս մեկ անգամ բացահայտում է ՀՀԿ-ի դեմքը, որ իշխանության մնալու համար մարդու վրայով պետք է քայլել: Արտառոց են այդ սպառնալիքները, ձայներ բերելու այդ պահանջները, մարդկանց ծաղրելը: Ինչպես ուզում են, մարդկանց հետ վարվում են, և որևէ խոչընդոտ չկա: Ինչպես տեսնում ենք, այս դեպքով անգամ քրեական գործ չի հարուցում:

Ես այստեղ արձանագրում եմ հետևյալը՝ քաղաքացին ՀՀ-ում բացարձակապես անպաշտպան է: Այն աղջիկը, որը զրո ձայն էր բերել ՍԱՍ-ի Արտակի համար, նա ո՞ւմ պետք է դիմի՝ իր իրավունքները վերակագնելու համար: Երբ նրան աշխատանքից ազատում են, ո՞նց պետք է ապրի, ո՞ւմ դիմի, որ իրեն պաշտպանեն: Այսինքն իշխող կուսակցությունը մարդկանց ստրկացնելու այս մեթոդներին է անցել:

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ սա այլևս համատարած երևույթ է:

-Իհարկե, դա համատարած է, և ՀՀԿ կողմից մշակված մեխանիզմն ու մեթոդը սա է: Սա համատարած է, և հենց այդ միջոցներով են նրանք կարողացել ձայներ հավաքել: Եթե մենք օրինակ վերցնենք նաև Ջրառատի արտառոց դեպքը, որը կարծես կոծկում են, այնտեղ ՀՀԿ-ն միևնույն է, հավաքել է ամենաշատ ձայները: Այդ վախի մթնոլորտը, անպաշտպան լինելը բերում են այս իրավիճակին:

-Այսինքն՝ ունենք մի իրավիճակ, որ հասարակությունը համակերպվո՞ւմ է վախի մթնոլորտի ու այս իրավիճակի հետ, ինչո՞ւ:

-Մարդիկ տարիներ շարունակ չեն կարողանում ընտրությանը մասնակից դառնալ: Եվ նրանք տարիների ընթացքում ընտրական գործընթացքների ձախողվելու արդյունքում արդեն հարմավում են: Մենք արդեն մի իրավիճակում ենք հայտնվել, երբ մարդը չգիտի, թե ում դիմի պաշտպանվելու համար: Նա ուզում է ինքն իր համար մի փոքր տարածք ստեղծել, այդ տարածքում գոյատևել, որևէ մեկին չընդդիմանալ, պահանջներ չներկայացնել, ուղղակի մի երկու կոպեկ փող աշխատել: Բայց փաստորեն դա էլ մարդ չի կարողանում անել, այդ փոքր տեղում էլ են նրան ճզմում:

Ի՞նչ պետք է անի մարդը, որ չհարմարվի: Ոստիկանությունն աշխատում է ռեժիմի համար, ամբողջ իրավապահ համակարգն աշխատում է ՀՀԿ-ի համար: Քաղաքացին որևէ կերպ պաշտպանված չէ: Մենք տեսնում ենք, թե ինչպես է այլասերվել քննությունը, ինչպես է հաստատվում անպատժլիության մթնոլորտը: Եվ ՍԱՍ-ի Արտակի նմանները պետք է օգտվեն այդ իրավիճակից, որովհետև նրանք թույլտվություն ունեն այդ ամենն անելու համար:

-Այսինքն՝ այս և այլ դեպքերով պատիժ չսպասե՞նք:

-Ես բացառում եմ, որ պատիժ կլինի: Թեև իրավաբաններն ասում են՝ անհնար է, որ քրեական գործ չհարուցեն, բայց ես բացառում եմ, որ անգամ կհարուցվի քրեական գործ: Էլ չեմ խոսում այն մասին, որ ինչ-որ մարդիկ պատիժներ կկրեն: Այնպիսի տպավորություն է, որ հետընտրական գործընթաց չկա, բայց մենք տեսանք, թե այս փուլում ինչեր բացահայտվեցին:

Մարդիկ պայքարելու ցանկություն գուցե չունեն, չի ստացվում, կոտրված են: Հերիք չէ մարդիկ ունեզրկված են, նաև նրանց ստորացնում են: Ընտրական գործընթացը հենց դրա վրա  է հիմնված, ձայներ են բերում թեկնածուների համար: Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին արդեն տեղեկություն կա, որ քաղաքապետարանի աշխատողները պարտավոր են ձայներ բերել:

Այսօր տեղեկություն կա, որ ձայներ հավաքագրելու պարտականություն է դրված նաև մանկապարտեզների աշխատողների վրա: Դաստիարակը պետք է 5 ձայն բերի, քաղաքապետարանի աշխատակիցների վրա ավելի բարձր թվեր են դրված:  Տարոն Մարգարյանը ինչպե՞ս պետք է անցնի, եթե ոչ այդ մեթոդներով: Մարդիկ ինչո՞ւ  պետք է ընտրեն Տարոն Մարգարյանին, ով պարզ չէ, թե այդ ինչ միլիոններ է կուտակել: Մամուլը հեղհեղված է այդ միլիոնների մասին հրապարակումներով, բայց որևէ հերքում կամ բացատրություն մենք չենք լսում:

Նույն իրավիճակը լինելու է Երևանի ավագանու ընտրություններում: Սա ընտրական մեխանիզմն է: Այլասերել են ամբողջ ընտրական գործընթացը, և դժվար է անգամ սա ընտրական գործընթաց համարել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am