«Իշխանություններն ինչքան էլ շատ ունենան, էլի ասում են՝ ещё, ещё, ещё». գյուղացիները՝ կոռուպցիայի մասին (Տեսանյութ)

01-05-2017
22512 դիտում
«Իշխանություններն ինչքան էլ շատ ունենան, էլի ասում են՝ ещё, ещё, ещё». գյուղացիները՝ կոռուպցիայի մասին (Տեսանյութ)

«Կոռոպցիան շատ վատ բան ա»,- կարճ այսպես է նկարագրում այս երևույթը Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ Գագիկ Առաքելյանը: Նրա խոսքով՝այնպես չէ, որ Հայաստանում մարդիկ ամենաանազնիվն են, երևի նաև աշխատավարձերի չափն է պաշտոնյաներին դրդել, որ գողանան բյուջեի փողերը:

«Միանգամից հնարավոր չի վերացնել դա, քիչ-քիչ հնարավոր ա: Եթե մարդիկ մի քիչ ինքնաբավ ապրեն, իմանան, որ պաշտոնը, դիրքն ու պատիվը կկորցնեն մի երկու կոպեկի խաթր, չեն անի նման բան»,- ասաց նա:

Թե ինչու են պաշտոնյաներն այդքան անարգել յուրացնում պետական միջոցները, Գագիկ Առաքելյանն ասում է, որ դա ամենաթողության հետևանք է դա:

«Հսկողությունն է թույլ: Թե չէ ո՞նց կարամ ես փողերը դուրս գրեմ ու մարսեմ, գործը չանեմ: Մեկը ես մի մարդ վարձեմ, փողը տամ, բայց նա գործը չանի, կմարսի՞, չի մարսի»,- ասում է Գուգարքի բնակիչը:

Մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ Մանուշ Չատինյանն էլ կոռուպցիա է համարում նաև այն, որ պաշտոնյաները իրենց լծակներն օգտագործելով՝ աշխատանքի են ընդունում կամ լավ աչքով են նայում միայն իրենց ծանոթ-բարեկամներին: Դա գալիս է վերևներից ու տարածվում նաև մանր ու միջին օղակների վրա: Նրա խոսքով՝ Մարգահովիտում աշխատում են միայն գյուղապետի, դպրոցի տնօրենի և այլ պաշտոնյաների հարազատները: Իսկ հասարակ ժողովուրդը մի կերպ է յոլա գնում:

«Ով հարազատ չունի, նա տեղ չունի»,- ասում է Մանուշ Չատինյանը: Ըստ տիկին Մանուշի՝ պաշտոնյաներն իրենց աթոռները պինդ բռնել են ու միայն  իրենց բարեկամներին են լավ նայում: Իսկ ընտրություններին կեղծիքով են իրենց հաղթանակն ապահովում:

«Եթե իրենք չընտրվեն, իրանց հարազատներն էլ աշխատանքից դուրս կմնան, դրա համար պինդ կպած են էդ աթոռներին: Ընտրություններին լցնում են, մենք ում էլ ընտրել ենք, մեր ձայնը չի անցել: Համատարած կեղծումներ են»,- ասում է նա:
Մարգահովիտի բնակիչ տիկին Սուսաննան ասում է, որ «սրանք աչքը չի կշտանա, ագահ են»: Նրա խոսքով՝ գոնե իշխանություններն այնպես թալանեն, որ ժողովրդին մի բան թողնեն: «Մարդկանց լրիվ ունեզրկեցին, դարձրին բոմժ: Բայց որ նայում ես, իսկական բոմժն իրանք են: Ուղղակի մարդիկ շատ խելոք են, թողել են, որ էս վիճակը ըլնի»,- ասում է տարեց կինը:
Գյուղացիներից մեկն էլ նկատում է՝ չպետք է հույս ունենալ, որ իշխանությունը մարդկանց մասին է մտածելու, եղունգ ունես, գլուխդ քորիր:

«Իշխանություններն ինչքան էլ շատ ունենան, էլի ասում են՝ ещё, ещё, ещё»,- Հայաստանում տիրող կոռուպցիոն իրավիճակն այսպես է նկարագում Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ Արմինե Մարգարյանը: Նա ասում է, որ կոռուպցիան արմատախիլ անելու համար պետք է վերևից սկսել: «Եթե ձուկը գլխից հոտած ա, աստիճանաբար իջնում ա»,- «Մեդիալաբին» ասում է Արմինե Մարգարյանը:

Տիկին Արմինեի խոսքով՝ միանգամից հնրավոր չէ այսօր կոռուպցիան Հայաստանում վերացնել, միգուցե տարիների ընթացքում կարողանան մի հարց լուծել: Իսկ դրա համար իշխանությունները պետք է ազնվություն ունենան, հետո նոր՝ կամքի ուժ: Փող, նրա խոսքով, բոլորին է պետք, բայց դա չի նշանակում, որ պետք է պետական միջոցները թալանել:

Ռոզա Հովհաննիսյան

Մանրամասները տեսանյութում