«Ճիշտ կլիներ Հայաստանում մայիսի 1-ը սգո օր հայտարարել». Ավետիք Իշխանյան

01-05-2017
21591 դիտում
«Ճիշտ կլիներ Հայաստանում մայիսի 1-ը սգո օր հայտարարել». Ավետիք Իշխանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

-Պարոն Իշխանյան, այսօր մայիսի 1-ն է՝ Աշխատավորի օրը, Հայաստանում մարդկանց աշխատանքային որ իրավունքն է առավել հաճախ խախտվում:

-Չնայած Հայաստանում ընդունվել է Աշխատանքային օրենսգիրք, Հայաստանն իրեն հռչակել է սոցիալական պետություն, բայց իրականում կարող են վստահաբար ասել, որ մեր երկրում աշխատանքային իրավունքների պաշտպանությունը զրոյական, եթե ոչ մինուս մակարդակի վրա է: Ճիշտ կաներին, եթե այսօր Հայաստանում մայիսի 1 ընդհանրապես չնշեին: Նույնիսկ ճիշտ կլիներ Հայաստանում մայիսի 1-ը սգո օր հայտարարել, սա ավելի շատ սգո օր է, քան մնացած օրերը, որովհետև աշխատանքային իրավունքները համատարած խախտվում են: Պատճառը մի կողմից հետևյալն է՝ պետական պաշտոնյաները և պետական հաստատություններում աշխատողները բոլորը խորապես կախված են իշխանության քմահաճույքից՝ իրենց աշխատանքի կպահեն, թե ոչ: Եվ դա է վկայում նաև կրթական համակարգում տիրող իրավիճակը: Դպրոցներում ուսուցիչների հետ կնքում են ընդամենը մեկ տարվա պայմանագիր, և նրանք խոցելի վիճակում են անընդհատ: Դա հակասում է Աշխատանքային օրենսգրքին, բայց ով է բանի տեղ դնում, ամեն ինչ հրահանգավորված է: Վերջին դեպքը, երբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն բացահայտեց դպրոցների տնօրենների կողմից ընտրողներից ցուցակագրումը, դա այն երաշխիքն է, որով տնօրենները պահում են իրենց պաշտոնը, թե չէ աշխատանքից կզրկվեն: Եվ ով պետք է վերականգնի նրանց իրավունքը, դատարաննե՞րը, որոնք նույն համակարգի մասն են կազմում:

Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, եթե Հայաստանում վերցնենք խոշոր գործարարներին, կարո՞ղ ենք ասել, որ որևէ մեկն իշխանության տանիքից դուրս է, ոչ: Բոլորն իշխանության տանիքի տակ են, և փաստորեն իշխանությունը գործատու է նաև մասնավոր հատվածում: Եվ քանի որ ինքը գործատու է մասնավոր հատվածում, ինքն իր նկատմամբ վերահսկողություն չի սահմանի, որովհետև իրեն հետաքրրքում է միայն մեծ շահույթը: Եվ քանի որ այդ նույն հարուստներն իշխանության  հենարանն են, փաստորեն իշխանությունն ինքը նրանց նկատմամբ վերահսկողություն չի իրականացնում, նույնիսկ այն աստիճանի է հասել, որ Աշխատանքի պետական տեսչությունը լուծարվեց: Չնայած, միևնույն է, այդ տեսչությունն իր ֆունկցիաները չէր կատարում: Եվ քանի որ և մասնավոր, և պետական հատվածում իշխանությունն է, մարդկանց աշխատանքային իրավունքները զրոյական վիճակում են:

Այսօր գործում է ԽՍՀՄ-ից ժառանգված Արհմիությունների կոնֆեդերացիա: Նրանք փորձում են ինչ-որ գործ անել, մարդկանց օգնել, բայց իրականում արհմիություններն ստեղծվում են հենց իրենց՝ աշխատավորների կողմից, ազատ ու անկախ արհմիություններ ստեղծում են՝ իրենց շահերը պաշտպանելու համար: Բայց մեզ մոտ այդ նույն մշակույթը չկա: Երբ լսում ենք նույն «ՍԱՍ Գրուպի» ձայնագրությունները և այլն, տեսնում ենք, որ մարդիկ վախենում են արհմիություն ստեղծելուց, որովհետև նրանք մտածում են, որ հենց փորձեն արհմիություն ստեղծել, իրենց աշխատանքից կհեռացնեն, և որևէ մեկը իրենց չի պաշտպանի, դատարաններով էլ չեն կարող պաշտպանել իրենց իրավունքը: Եվ որևէ մեկը չի գնում այդ համարձակությանը՝ մի քանի հոգով արհմիություն ստեղծելու: Մարդիկ չեն համարձակվում այդ մշակույթը ներմուծել, մեր հասարակությունը վախի մթնոլորտում ապրող, հպատակի հոգեբանությամբ հասարակություն  է:

-Ո՞ւմ կարող են այսօր մարդիկ դիմել, եթե խախտվել է իրենց աշխատանքային իրավունքը:

-Կամ դատարան կարող են դիմել, կամ արհմիություններ: Կան փորձեր, կան լավ փաստաբաններ, բայց արդյունքը չնչին է: Նույնիսկ լավագույն  դեպքում,  եթե դատարանը որոշում է, որ խախտվել է մարդու աշխատանքային իրավունքը, միևնույն  է, արդեն այնպիսի հարաբերություններ են, որ մարդը չի վերադառնում իր աշխատանքի վայր:
Հայաստանի ոչ մի կուսակցություն՝ թե իշխանական, թե ընդդիմադիր, խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում չէր խոսում աշխատանքային իրավունքների մասին: Իսկ ինչո՞ւ չէին խոսում, արդյոք անտեսում էին դա, կամ որևէ մեկը նրանց գլխի չէր գցում: Այդ թվում՝ խոսքն իրեն սոցիալիստական հռչակած Հայ հեղափոխական դաշնակցության մասին է: Չէին խոսում, որովհետև շատ պարզ է՝ Հայաստանում կուսկացությունները ֆինանսավորվում են այդ նույն գործարարներից, որոնց մոտ չեն պահպանվում աշխատանքային իրավունքները:
Եվ նրանք երբեք չեն խոսի իրենց ֆինանսավորողի դեմ, որովհետև ֆինանսավորումը կկտրվի: Եվ փաստորեն մենք Հայաստանում՝ չունենալով արհիմիություններ, չունենք նաև ձախակողմյան կուսակցություններ, քանի որ արհմիությունները ձախակողմյան կուսակցությունների հենարանն են: Իսկ ձախակողմյան սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները Եվրոպայում այն կուսակցություններն են, որոնք կապիտալիզմի պայմաններում բալանս են ստեղծում սոցիալական իրավունքների համար: Մեզ մոտ դրանք ըստ էության չկան, անունների մասին չէ խոսքը:

-Հայաստանում նաև տարածված է ստվերում գործելը, շատ գործատուներ իրենց աշխատակիցների աշխատավարձերը չեն գրանցում կամ իրական թվից ցածր թվով են գրանցում: Այս երևույթի դեմ ինչպե՞ս է հնարավոր պայքարել:

-Ես ավելի մանրամասն կարող եմ ասել՝ մարդկանց հետ պայմանագրեր չեն կնքվում կամ ոչ պատշաճ են կնքվում, հիմնականում բանավոր պայմանավորվածության վրա է լինում աշխատավարձ տալը, չեն գրանցում աշխատողներին, որեպեսզի հարկեր չվճարեն, մի փոքր ուշանալու դեպքում կարող են պահել աշխատավարձը: Խոցելի վիճակի մեջ են աշխատողները Հայաստանում: Էլ չեմ խոսում հանգստի մասին: Ամեն ինչ պայմանավորվածության վրա է, թե որ ժամին կարող է աշխատողը հանգստանալ, որ օրերին, արձակուրդ կարող է գնալ: Այդ իրավունքները բացարձակ չեն պահպանվում: Եվ մարդ ոչ մի տեղ չի կարող բողոքել, նա չի էլ դիմում, որ բողոքի, որովհետև վախենում է, որ գործատուն կիմանա դրա մասին, իրեն կհեռացնի աշխատանքից: Ոլորտում տիրող այս իրավիճակն  ինձ ուղղակի հիշեցնում է 19-րդ դարում Եվրոպայում տիրող իրավիճակը, երբ կապիտալիզմը սկսել էր ծաղկել: Այդ ժամանակ կապիտալիստական երկրներում բանվորներն ու աշխատավորենրեը որևէ իրավունք չունեին: Քաղաքակիրթ այս աշխարհում, երբ Հայաստանն իրեն հռչակել է սոցիալական պետություն, իրականում շահագործում ու գռփում են աշխատավորներին: Դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ հենց մայիսի 1-ը շատ մարդկանց համար աշխատանքային օր է Հայաստանում:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am