Տարոն Մարգարյանն ու քաղաքական բանավեճի մշակույթի բացակայությունը

04-05-2017
7556 դիտում
Տարոն Մարգարյանն ու քաղաքական բանավեճի մշակույթի բացակայությունը

Մայիսի 2-ին գործող քաղաքապետ և Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից որպես քաղաքապետի թեկնածու առաջարդված Տարոն Մարգարյանի հետ լրագրողների զրույցում կրկին բարձրացվեց Հայաստանում մրցակցող քաղաքական ոււժերի միջև բանավեճի բացակայության թեման: Հիշեցնենք, որ ՀՀ-ում գոյություն չունի մրցակցող քաղաքական ուժերի առաջնորդների միջև ուղիղ եթերով հանրային բանավեճեր վարելու մշակույթ:

 

Մարգարյանի նամակագրությունը

-Երբ որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ ինձ հարցնի, ես ուղիղ կպատասխանեմ, - Մարգարյան:

- Ուղիղ որտե՞ղ հարցնի: Գա՞ ձեր հանրահավաքին, պարոն Մարգարյան: Դուք հրաժարվում եք իր հետ բանավիճել ուղիղ եթերում, - նշեց լրագրողը:

- Ընդամենը Նիկոլ Փաշինյանը, նաև չմոռանանք, Ազգային ժողովի պատգամավոր է: Էդ ոնց ա տասը հարց նամակով ինձի դիմում է պատասխանը տալիս եմ, էս հարցը նամակով դիմում է, պատասխանը չեմ տալիս, հա՞: Թող նամակով դիմի, կպատասխանեմ:

Փաստորեն, ՀՀԿ-ի թեկնածուն Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը նվաստացնելուն զուգահեռ համարում է, որ քաղաքական քարոզարշավը պետք է լինի ոչ թե հանրային աչքերի ու ականջների համար, այլ իր անձնական հարմարության ու նամակագրության: Միգուցե, Տարոն Մարգարյանին առավել հարմար է նամակագրությամբ պատասխանել հարցերին, սակայն խոսքը հանրային աչքերի առջև քննարկման մասին է, որովհետև նման հարցերը Փաշինյանի և Մարգարյանի անձնական խնդիրը չեն, այլ նախընտրական քարոզարշավի մաս:

Քաղաքական բանավեճերի կարևորությունը

Հայաստանում բանավեճի մշակույթի ստեղծման անհրաժեշտության մասին վերջերս պարբերաբար բարձրաձայնվում է: Զարգացած ժողովրդավարական երկրներում նախընտրական բանավեճերը առաջատար քաղաքական կուսակցությունների կողմից ընտրական քարոզարշավի անբաժանելի մասն են: Անհնար է պատկերացնել, օրինակ, ընտրություններ Ֆրանսիայում կամ որևէ այլ առաջատար ԵՄ երկրում առանց նախընտրական բանավեճի: Որոշ երկրներում նախընտրական բանավեճերն անգամ ամրագրված են ընտրական օրենսգրքում: Որոշներում էլ կա այսպես կոչված «դատարկ աթոռների» մոտեցումը, երբ ուղիղ եթերով բանավեճի չներկայացած թեկնածուի աթոռը դատարկ են թողնում` ի դատապարտում նրա կողմից բանավեճից խուսափելուն:

Քաղաքական բանավեճերը կարևոր են մի քանի հիմնական պատճառով: Նախ և առաջ, դրանք հնարավորություն են տալիս ընտրողին գնահատել բանավիճողների մտածելու կարողությունը՝ միայնակ, առանց խորհրդականների հուշումների: Բանավեճերը թույլ են տալիս նաև քննարկել ընտրողին ամենաշատ հուզող հարցերը: Քանի որ բանավիճողները նպատակ են հետապնդում հնարավորինս շատ վնասել մրցակցի քարոզարշավին, հաճախ քննարկվում են բանավիճողների ամենաթույլ կետերը, ինչպես, օրինակ, Տարոն Մարգարյանի դեպքում կարող էր լինել նրա ատենախոսությունը:

Բանավեճերի ամենամեծ կարևորությունը, այդուհանդերձ, կայանում է նրանում, որ դրանք հավասարեցնում են քարոզարշավում ընդդիմադիր կողմերի շանսերը: Քանի որ իշխող կուսակցությունները, ինչպես օրինակ, ՀՀԿ-ն միշտ ունեն տեղեկատվական առավելություն: Բոլոր երկրներում նրանք ավելի հաճախ են լուսաբանվում լրատվամիջոցներում՝ ինստիտուցիոնալ գործունեությունը լուսաբանող ռեպորտաժներում, իսկ Հայաստանում դրան գումարվում է նաև հեռուստատեսության անազատ վիճակն ու քաղաքական ուժերի կողմնակալ լուսաբանումը: Մինչդեռ, բանավեճի ժամանակ իշխանություն չունեցող թեկնածուն հնարավորություն է ստանում հավասարեցնել իր շանսերը՝ տալով հավելյալ տեղեկություններ իր մասին: Այլ կերպ ասած, քաղաքական բանավեճը հավասարեցնում է թեկնածուների շանսերը, իսկ նախընտրական քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերի հավասարությունը ժողովրդավարության սյուներից մեկն է:

Ինչու չկա՞ն քաղաքական բանավեճեր   

Հաշվի առնելով բանավեճի կարևորության վերաբերյալ վերոնշյալ կետերը՝ հարց է առաջանում, արդյո՞ք ՀՀ քաղաքական առաջնորդները խուսափում են  բանավեճերից, որովհետև մի շարք հարցերի պատասխաններ չեն կարող տալ, թե՞ չեն ուզում հավասար պայմաններ ստեղծել նաև ընդդիմադիր ուժերի համար: Երկու տարբերակներն էլ չեն խոսում հօգուտ նրանց:

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»