««Ելքի» 15.000 դրամի առաջարկն էական ազդեցություն չի ունենա ընտրողների ձայների բաշխվածության վրա». Քաղտեխնոլոգ

11-05-2017
5175 դիտում
««Ելքի» 15.000 դրամի առաջարկն էական ազդեցություն չի ունենա ընտրողների ձայների բաշխվածության վրա». Քաղտեխնոլոգ

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի՝ 15 հազար դրամների մասին առաջարկը ճիշտ առաջարկ չէ, որովհետև երբ ընտրական կոմպանիան ամբողջովին ճիշտ չեն անցկացնում, ապա առանձին վերցված ոչ մի դետալ հաջողություն չի բերի: «Մեդիալաբի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքն օրերս առաջարկել էր, որ այն քաղաքացիները, ովքեր կհրաժարվեն ընտրակաշառքով քվեարկել, «Ելքի» հաղթանակի դեպքում Երևանի բյուջեից 15 հազար դրամ սոցիալական աջակցություն կստանան: Այս առաջարկը բուռն քննարկումների առիթ էր տվել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրում է՝ պարզելու համար այս հարցում Ընտրական օրենսգրքի խախտում կա՞, թե՞ ոչ:

«Եթե նրանք նպատակահարմար են գտել նման խոստում տալ, դա իրենց իրավունքն է: Իրավունքի տեսակետից որևէ խնդիր չկա, բայց զուտ տեխնոլոգիայի տեսակետից դա արդյունավետ չէ և չի աշխատի, որովհետև ընտրական կոմպանիան շատ ավելի բարդ հասկացություն է, և այնտեղ մարդկանց ուրիշ ձև պետք է գրավել, ոչ թե այդ մեթոդով»,- ասում է Արմեն Բադալյանը:

Նա կարծում է, որ «Ելքի» այս առաջարկն էական ազդեցություն չի ունենա ընտրողների ձայների բաշխվածության վրա: Բադալյանը նշում է, որ չի կարծում, թե մարդիկ կլսեն Փաշինյանի հորդորը, կաշառք չեն վերցնի ու ՀՀԿ-ի օգտին չեն քվեարկի:

«Ապրիլի 2-ը ցույց տվեց, որ ընտրակաշառք հատկացնող ուժերն ավելի լայն մասշտաբով են դա իրականացնում, իսկ դա իր դերակատարությունն ունենում է ընտրության արդյունքի վրա: Ընտրակաշառքը գերիշխող նշանակություն է ունենում: Եվ քանի որ գերիշխող նշանակություն է ունենում, բնականաբար, այս տեխնոլոգիան կամ այս գործոնը չի կարող հակադրվել և համարժեք հակագործոն հանդիսանալ տրվող ընտրակաշառքին»,- ասում է Բադալյանը:

Նրա խոսքով՝ միգուցե 50 հոգի հավատան «Ելքի» այս առաջարկին, ձայն տան, բայց եթե քաղաքական ուժին տասնյակ կամ հարյուր հազարավոր ձայն է պետք, այդ 50 ձայնը կարևոր չէ:

Միաժամանակ Արմեն Բադալյանը նկատում է, որ «Ելքի» այս առաջարկը շատ քննադատվեց հատկապես ընտրակաշառքի տեսանկյունից, թե արդյոք դա ընտրակաշա՞ռք է, թե՞ ոչ:

Ըստ նրա՝ չենք կարող դա միանշանակ գնահատել որպես ընտրակաշառք, որովհետև ընտրակաշառքը տալիս են անձնական գրպանից, դա անձնական շահ հետապնդող գործողություն է: Սակայն կոնկրետ այս դեպքում թեկնածուն իր անձնական գրպանից չի տալիս այդ գումարը:

«Կաշառքի գործընթացի մեջ կա երկու անձ՝ կաշառք տվող և կաշառք վերցնող: Այս դեպքում չենք կարող ասել, որ կոնկրետ մարդու է կաշառք տալիս, որովհետև շահ ունի: Նա ասել է՝ եթե ես ընտրվեմ քաղաքապետ, թող մարդիկ գան ու դիմում գրեն, ես Երևանի բյուջիեց գումար կհատկացնեմ: Այսինքն՝ սա միանշանակ չի կարելի գնահատել որպես ընտրակաշառք»,- ասում է նա:

Խնդիրն այն է, որ, ըստ Բադալյանի, սա չի աշխատելու, որովհետև, ինչպես գրում են լրատվամիջոցները, ընտրակաշառքի մասին արդեն բավական տեղեկություններ կան:

«Ապրիլի 2-ի ընտրություններում ընտրակաշառքը բավական գերիշխող նշանակություն է ունեցել ընտրությունների անցկացման և քվեարկության վրա: Եվ ամենայն հավանականությամբ ենթադրում եմ, որ այդ ամենը տեղի է ունենալու նաև մայիսի 14-ին անցկացվելիք Երևանի  ավագանու ընտրություններում: Եվ ըստ այդմ էլ արդեն ընտրությունների արդյունքը որպես այդպիսին կանխորոշված է: Դրա համար այդ տեխնոլոգիան տվյալ դեպքում չի աշխատի»,- ասում է քաղտեխնոլոգը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am