«Չի կարելի պատրանքներ ունենալ, թե ընտրությունների միջոցով կարելի է իշխանափոխություն անել». Իրավապաշտպանը՝ վերջին զարգացումների մասին

12-05-2017
18830 դիտում
«Չի կարելի պատրանքներ ունենալ, թե ընտրությունների միջոցով կարելի է իշխանափոխություն անել». Իրավապաշտպանը՝ վերջին զարգացումների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

-Պարոն Իշխանյան, Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին դարձյալ ընտրակաշառքի դեպքերի մասին ահազանգ ենք ստանում: Ընտրակաշառքի բաժանման մասին հաղորդում ներկայացրած «Ելք» դաշինքը ընտրություններում ՀՀԿ գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի հանձնաժողովն այդ հարցով դիմի Վարչական դատարան: Մենք գիտենք, որ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածը տալիս է նման հնարավորություն, բայց մեզ մոտ օրենքները որպես կանոն չեն գործում: Եթե իրավական որևէ երկրում նման դեպքեր լինեին, ի՞նչ տեղի կունենար:

-Նախ, նորմալ երկրում որևէ մեկի մտքով չէր անցնի նման բան անել: Եթե նույնիսկ ինչ-որ մեկի մտքով դա անցներ անել, կիմանար, որ պատիժն ու խայտառակությունն անխուսափելի էր լինելու: Քաղաքակիրթ երկրներում լրագրողներն ամեն ինչ բացահայտում են, նրանք ավելի շատ կվախենային բացահայտումից, քան իրավական հետևանքներից, որովհետև ցանկացած այդպիսի բացահայտում նրանց քաղաքական և ոչ քաղաքական կարիերայի վրա միանգամից խաչ կքաշեր: Իսկ Հայաստանում սա նորություն չէ:

Դեռևս 1995 թվականի առաջին խորհրդարանական ընտրություններից հետո ես հիշում եմ, թե ոնց հայտնաբերվեցին ընդդիմության բազմաթիվ քվեաթերթիկներ, որոնց մեջ նույնիսկ բլիթներ էին փաթաթում: Այսինքն՝ ընդդիմության քվեաթերթիկները հանել թափել էին, տեղը դրել էին ուրիշ քվեաթերթիկներ: Էլ չեմ ասում հետագայում բացահայտված բազմաթիվ դեպքերի մասին՝ կաշառքի, ծեծի և այլն:

Իմ աչքի առաջ հենց դեպքեր են եղել, թե ինչպես էր 1990-ական, 2000-ական թվականներին ընդդիմության վստահված անձը փորձել լցոնումները կանխել, ոստիկանությունը նրա թևերից բռնել էր, և իշխանության ներկայացուցիչ վստահված անձը այդ մարդուն սկսել էր ծեծել: Այստեղ հարցը հետևյալն է՝ երբ որ իշխանությունը պահողը, կեղծարարը, նույն պատժողը և ընտրություններին մասնակցողը պետությունն է, ոչ թե քաղաքական ուժը, չի կարելի պատրանքներ ունենալ, թե ընտրությունների միջոցով կարելի է իշխանափոխություն անել: Սա միամտություն է, որովհետև ընտրությունների միջոցով դու կարող ես լավագույն դեպքում գրավել ընդդիմության տեղը, ինչը շատ կարևոր է Հայաստանի իշխանությունների համար միջազգային հանրության մոտ ցույց տալու Հայաստանի ժողովրդավարական պատկերը:

-Կարծես այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ հնարավոր էլ չէ ապացուցել ընտրակաշառքի և այլ խախտումների դեպքերը: Օրինակ՝ «Ելք» դաշինքի բացահայտումների կապակցությամբ ԿԸՀ-ն ու ՀՀԿ-ն տարբեր պատճառաբանություններ են բերում՝ արդարացնելով ընտրակաշառք բաժանողներին: Ինչո՞ւ է ստեղծվել այս իրավիճակը:

-Այո, վերջացավ, դրանով հարցը փակվեց: Այս իրավիճակն է, որովհետև որոշում կայացնողներն իրենք են: Այդ որոշում կայացնողները գործում են վերևից եկած ցուցումով: Եվ այդ ցուցումն իրենց մեջ է դրված, իրենց հոգում է: Իրենք այդ ցուցումին համապատասխան են նշանակվել այդ պաշտոններին, իրենք գիտեն, թե ցանկացած նման դեպքում ինչ պատասխան պետք է տան: Նույնիսկ առանց վերևից եկող հրահանգի նրանք կարող են նման պատասխան տալ: Նրանք կարողանում են շատ լավ ձևակերպել այդ պատասխանները՝ լուրջ դեմքով, առանց անհարմար զգալու, այն դեպքում, երբ նրանցից շատերը ինձանից և ձեզանից ավելի լավ մասնագետներ են: Բայց այստեղ մասնագիտության հարցը չէ, այստեղ ներքին ձողն է, որը նրանց դարձրել է հպատակ ու խաբեբա:

-Ընդդիմությունն ու հասարակությունն ի՞նչ մեղքի բաժին ունի ստեղծված իրավիճակում:

-1990–ական թվականներին տարբեր մակարդակների կեղծարարների, այդ գործերը քննող դատախազների ու դատավորների նկատմամբ մեծ հաշվով չկա հասարակական պարսավանք: Ինչո՞ւ եմ ասում, որովհետև երբ ինչ-ինչ համգամանքների բերումով այդ մարդկանցից ոմանք դառնում են, այսպես կոչված, ընդդիմություն, այդ ամենը մոռացվում է, և նրանք հասարակության կողմից հարգված մարդիկ են առնում, սկսում են խոսել իրավական պետությունից, տարբեր բաներից:

Դա այն դեպքում, երբ իրենք եղել են այդ ամենի հիմնադիրները: 1990-ական թվականներին նման ընտրություններ անցկացնելու հիմնական դիրիժորը Գագիկ Ջհանգիրյանն էր:

Խնդիրն այստեղ շատ բազմաշերտ է: Մի կողմից այդ ամբողջ հեղինակներին այն ժամանակվա ընդդիմությունը քննադատում էր, հետո երբ ինչ-ինչ հանգամանքների բերումով այդ նույն կեղծարարն անցնում է ընդդիմության կողմը, նա դառնում է հերոս, անարդարության համար պայքարող: Նախկին ընդդիմությունը մոռանում է նրա՝ իր նկատմամբ արած քաջագործությունների մասին: Սա մեր հասարակության խնդիրներից մեկն է: Այսօր ում վրա որ զայրանում է ընդդիմությունը, եթե վաղը նրանցից մեկը հեռանա իշխանությունից, այս ընդդիմությունը նրան գրկաբաց կընդունի:

Չմոռանանք, որ ապագա ազգային հերոս պաշտոնյայի առջև, ով ժամանակին ասել էր՝ «100 տոկոսով էլ հաղթեք, մեկ է իշխանությունը չենք տա», խոնարհվում են և իշխանությունը, և ընդդիմությունը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am