Զիտան ու կտրված մանկությունը. «Ալամեզոն» Բլոգ

09-06-2017
2814 դիտում
Զիտան ու կտրված մանկությունը. «Ալամեզոն» Բլոգ

1992 ին, հազիվ 6 տարեկան էի, պապիս ձեռքը բռնած գնացի դպրոց։ Հենց մենակ նրա համար, որ պոեմներ էի անգիր անում (շատ ժամանակ իմաստը չհասկանալով ) պապս, մեծ տատիս գլխավորությամբ որոշել էին, որ ես «հրաշամանուկ» եմ, ու ուսուցիչները մեծ բան կկորցնեն, որ ես չգնամ դպրոց։ Դե բայց Էջմիածնում էդ կարծիքին չէին, ու կոլոտ, ճլեզ էրեխուն ասեցին, որ մյուս տարի գա։

Էդ որոշման հետ կատեգորիկ համաձայն չէր պապս.
- Դե կգնա գյուղի դպրոցը, հո տարի բաց չի՞ թողելու էրեխեն։

Տենց էլ գնացի Արաքս, սենց թե նենց տարվա մեծ մասը իրանց տանն էի մնում։ Ինձ տարան ու նստեցրեցին Զիտայի կողքը։

Զիտան եզդի աղջիկ էր, 8 տարեկան էր, ծնողները հա Ռուսաստան էին գնում գալիս, երևի դրա համար էլ ուշ էր գալիս առաջին դասարան։

Հաջորդ տարին ինձ կռվով-դավով տեղափոխեցին Էջմիածին, արդեն 2րդ դասարան, բայց Զիտայի և գյուղի երեխեքի հետ էի անցկացնում ամբողջ ամառային արձակուրդներս։ Ու տենց մինչև 12 տարեկան էի։ Ամառը եկավ, ինչպես միշտ փախա գյուղ։ Մինչև տանեցիներին բարևեցի, ու դուրս թռա փողոց, տատին ասեցի, գնամ Զիտային կանչեմ, տատս հետևից կանչեց.

- Զիտան գյուղում չի, պսակվելա, գնացելա Ռուսաստան

Քար կտրած կանգնեցի փողոցի մեջտեղը, ընկճվեցի, հետ եկա, մտա սենյակս, ու օրվա կեսը անցկացրեցի սենյակումս։ Երեկոյան լացակումած դուրս եկա։ Լույս ինչպես միշտ չկար, տատս լամպը կողքը դրած գիրք էր կարդում, հուզված հարցրեցի.

-Ինչի ես որ 14 տարեկան դառնամ, ի՞նձ էլ եք պսակելու ուղարկեք Ռուսաստան։

Տատս ծիծաղաց։

-Այ բալա, Զիտան եզդի է, իրանց մոտ տենցա, աղջիկներին շուտ են մարդի տալիս։

Մի մեծ բեռ ընկավ ուսերիցս, էնքան մեծ, որ մինչև հիմա էդ զգացողությունը հիշում եմ. ուրախ իմ համար, որ ինձ զոռով չեն պսակելու ու տխուր՝ Զիտայի համար, որ 14 տարեկան արդեն ամուսնացել էր, էլ մեր հետ չէր խաղալու։

Հետագայում իհարկե քիչ թե շատ սկսեցի հասկանալ ազգային առանձնահատկությունները, հասկանալը հասկանում էի, բայց չէի ընդունում ու շատ էի զայրանում, որ գյուղի տան մեր այգուն կպած հարևան եզդիների 15 տարեկան հարսը, որ արդեն 2 երեխա ուներ, մարդն էլ բանակում էր, բանկեքը ձեռը գալիս էր մեր կողմերը թե բա. 

-Ռոզիկ, այ Ռոզիկ, հլա մի հատ տես էս բանկեքի վրա կիսուրս ինչա գրել
Դպրոց չէր գնացել... տառերը չգիտեր... Մանկություն էլ էր գնացել...

Նկարում՝՝ ես։

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog