«Իշխանություններն համարում են, որ դիմադրության բոլոր կետերը ջարդված են, իսկ ովքեր իրենց դիմադրել են, նրանց պետք է դաժանաբար պատժել». Իրավապաշտպան

29-06-2017
6048 դիտում
«Իշխանություններն համարում են, որ դիմադրության բոլոր կետերը ջարդված են, իսկ ովքեր իրենց դիմադրել են, նրանց պետք է դաժանաբար պատժել». Իրավապաշտպան

ՊՊԾ գունդը գրավելու համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին դատարանի շենքում ծեծի ենթարկելն աննախադեպ է, Հայաստանի պատմության մեջ նման դեպք չի գրանցվել: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Նման դեպք ես Հայաստանի պատմության մեջ չեմ հիշում, որ դատարանի շենքում ոստիկանները հաշվեհարդար տեսնեն ամբաստանյալների հետ: Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում չունենք իշխանություն, չունենք դատարաններ, առանձին քննչական մարմիններ»,- «Մեդիալաբին» ասում է Իշխանյանը:

Նրա խոսքով՝ գործում է Սահմանադրության հայտնի հոդվածը՝ Հանրապետության նախագահը պետության գլուխն է և նա հետևում է գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների բնականոն գործընթացին:

«Այսինքն՝ ստացվել է, որ և ոստիկանությանը, և դատարանները, և Ազգային ժողովը ղեկավարում է մեկ անձ»,- հավելում է իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի հինգ անդամների՝ Արայիկ Խանդոյանին, Գագիկ Եղիազարյանին, Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին և Մխիթար Ավետիսյանին ոստիկանները ծեծի էին ենթարկել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում:

Ամբաստանյալների պաշտպանները հայտարարել են, որ ծեծի օպերացիան ղեկավարել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ղազարյանը:

Փաստաբաները պնդել են, որ մոտ 15 ոստիկաններ ծեծի են ենթարկել «Սասնա ծռերի» հինգ անդամներին:

Ծեծի ենթարկվածներից Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն:

Ըստ փաստաբանի՝ Արայիկ Խանդոյանին խոշտանգել են, մոտ 15 ոստիկաններ հերթով ծեծել են նրան: Ծեծի պատճառը եղել է այն, որ ոստիկաները ծեծել են խմբի անդաներից Արեգ Կյուրեղյանին, միջամտել են մյուսները և նույնպես ծեծվել:

Հունիսի 28-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանկ Կյուրեղյանը փորձել էր գրություն փոխանցել փաստաբանին, ոստիկանները թույլ չէին տվել, ինչից հետո էլ տեղի էր ունեցել ծեծը: Փաստաբաններ Արայիկ Պապիկյանն ու Տիգրան Եգորյանը հայտարարել են, որ ծեծի ենթարկված իրենց պաշտպանյաներին պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել: Ըստ օմբուդսմենի՝ առանձնազրույցների ընթացքում խմբի անդամները տեղեկացրել են, որ ֆիզիկական ուժի կիրառման հետքերը Ոստիկանության ծառայողների կողմից գործադրված բռնությունների հետևանք են: Պաշտպանի կողմից ձեռք բերված տվյալներն ուղարկվել են Գլխավոր դատախազություն:

«Նշված բոլոր տեղեկությունները պարունակում են հանցագործության առերևույթ հատկանիշներ, որոնց հիման վրա պետք է անհապաղ նախաձեռնվի քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ»- ասվում է ՄԻՊ հայտարարությունում:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն վերլուծում է, թե ինչի հետևանք է սա: Նա այս դեպքերը դիտարկում է ապրիլի 2-ի խորհրդարանական, այնուհետև դրան հաջորդած Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում: Այդ ընտրություններով, նրա խոսքով, իշխանությունն ամրապնդեց իր դիրքերը, ցույց տվեց, որ Հայաստանում քաղաքական ուժերը բոլորը վերահսկողության տակ են, որևէ քաղաքական դիմադրություն իշխանությունը չունի:

«Իշխանություններին թվում է, որ ընտրությունների արդյունքներով, անկախ նրանից, թե ինչպես են դրանք ապահովվել, իրենք կարողացել են հասարակությանը հնազանդեցնել»,-նշում է իրավապաշտպանը:

Նա նշում է, որ ընտրություններից հետո մի շարք դեպքերի ականատես եղանք: Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ նոր մեղադրանք առաջադրվեց, այն դեպքում, երբ նա արդեն դատապարտված էր: Սասնա ծռերի անդամների նկատմամբ առաջադրված մեղադրանքները բոլորը խստացան: Շարունակությունը եղավ Արարատ Խանդոյանի նկատմամբ դատավճիռը, նրա 3.5 տարով ազատազրկման դատապարտեցին զրո տեղից: Մյուս կողմից Շանթ Հարությունյանի տղայի նկատմամբ հետապնդումներ սկսվեցին: Փաստաբանների նկատմամբ վերաբերմունքն ու Սասնա ծռերի անդամներին ծեծի ենթարկելու դեպքերն էլ, ըստ իրավապաշտպանի, գումարվում են այս ամենին:

«Եվ սա ցույց է տալիս, որ այս իշխանություններն իրենց արդեն սանձարձակ են զգում, որովհետև համարում են, որ դիմադրության բոլոր կետերը ջարդված են, իսկ ովքեր իրենց դիմադրել են, նրանց պետք է դաժանաբար պատժել»,- ասում է Իշխանյանը:

Ըստ նրա՝ իշխանություններն սպասում էին, որպեսզի ընտրություններից հետո նման գործելաոճ  որդեգրեին, քանի որ նախքան ընտրություններն իրենց վստահ չէին զգում:

«Իրենք շատ լավ զգում էին հասարակության վերաբերմունքը, սարսափած էին նախորդ տարի տեղի ունեցած դեպքերով, ոչ այնքան «Սասնա ծռերի» քայլերով, որքան «Սասնա ծռերի» նկատմամբ հասարակության մեծ աջակցությամբ: Եվ երկար ժամանակ իշխանություններն անորոշության մեջ էին պահում հասարակությանը, որովհետև ամեն դեպքում զգուշանում էին հնարավոր ընդվզումներից: Բայց ընտրությունների արդյունքներով իրենք համոզվեցին, որ կարողացել են խեղդել ընդվզումը, նկատի ունենալով նաև քաղաքական ուժերին»,- հավելում է իրավապաշտպանը:

Իշխանյանի խոսքով՝ այս միտումները հաշվի առնելով՝ հիմք ենք ունենում պնդելու, որ առաջիկա տարիներին բռնությունները կշարունակվեն:

«Ոստիկանները հենց այնպես չէին ծեծի նրանց, եթե  հրահանգ ստացած չլինեին: Սա ինչ-որ իմաստով ցուցադրական ելույթներ էին, թե՝ գիտեք սյսպես կծեծենք և  միևնույն է, անպատիժ կմնանք: Եվ սա շատ վտանգավոր է, սա նշանակում է, որ  իշխանություններն ուզում են զգուշացնել՝ ցանկացած ընդվզում հասարակության մեջ այսպիսի պատասխան կստանա: Եվ այստեղ պետք է շատ լուրջ մտածել հակաքայլերի մասին»,- ասում է Իշխանյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am