«Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունք կա, պարզապես տեմպերը չեն բավարարում». Էդուարդ Շարմազանով

30-06-2017
5494 դիտում
«Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունք կա, պարզապես տեմպերը չեն բավարարում». Էդուարդ Շարմազանով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը:

-Պարոն Շարմազանով, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծերի փաթեթը։ Ինչո՞վ է տարբերվելու  այս նորը նախորդից: Ի վերջո անցած 10 տարիներին բազմաթիվ նման կառույցներ են ստեղծվել, որոնց գոյությունից կոռուպցիայի վիճակը Հայաստանում չի փոխվել։

-Ես այն կարծիքին չեմ, որ 10 տարիների ընթացքում դրական տեղաշարժ չկա, պարզապես կարիք կա ավելի արմատական քայլեր ձեռնարկելու։ Կոռուպցիան ախտ ու մարտահրավեր է, և մենք դա գիտակցում ենք։ Այդ խնդրի մասին միանշանակ քննարկվել է ԱԺ նիստի ժամանակ։

-Ի՞նչ նոր մեթոդներով եք պատրաստվում այս անգամ պայքարել կոռուպցիայի դեմ։ Ինչո՞վ է սա տարբերվում նախորդներից: Ի վերջո բյուջեի միջոցներո՞վ, թե միջազգային դոնորների հաշվին այն կգործի, ինչպիսիք էին ԵՄ և ԱՄՆ կառույցները։

-ԱԺ նիստի ժամանակ հիմնական զեկուցողը խոսել է դրա մասին։/Ըստ  կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀօրենքի հոդվածի՝ Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը կառավարության կողմից ընդունվելու դեպքում՝ անփոփոխ, իսկ առարկությունների դեպքում՝ փոփոխված, ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Կառավարությունը Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացնում է Ազգային ժողով/:

-Կոռուպցիայի մակարդակը, ըստ միջազգային «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության, տարեցտարի ոչ մի բարելավում չի գրանցել։ Փոխարենը միլիոններ են ծախսվել կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Ի՞նչ է կոռուպցիան իշխանության համար, գուցե այլ բանի դեմ եք պայքարում, որ արդյունք չկա։

- Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունք կա, պարզապես տեմպերը չեն բավարարում,և դա է պատճառը, որ այդ մարմինը ստեղծվում է, ուր նաև ընդդիմությունը ֆիքսված տեղ ունի։ Օրենսդրական բարեփոխումները պետք է շարունակական լինեն և քաղաքական կամքի վճռականությունը պետք է անխախտ լինի։

-ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, անդրադառնալով իրենց ոլորտի ձերբակալություններին, ասաց, որ դրանք կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում են։ Պարոն Շարմազանով, ինչո՞ւ խոշոր ձկներին չեն բռնում, բռնում են մանրերին։

-Ի՞նչ է նշանակում խոշոր ձկներին։ Եթե կա փաստը, մանր ու խոշորը ո՞րն է, բոլորի համար օրենքը պետք է գործի հավասար։

-Բայց չէ՞ որ մեզանում միշտ եղել են արտոնյալներ, անգամ սկանդալային բացահայտումներից հետո հայտնվել են ԱԺ-ում և այլն։

-Օրենքի առջև չպետք է արտոնյալներ լինել։

-Մարդիկ, որոնք տասնամյակներ պետական պաշտոններ են զբաղեցրել, այսօր միլիոնատերեր են, ինչը գործնականում անհնար է, քանի որ պետական պաշտոնյայի աշխատավարձը ցածր է։ Օրինակ՝ Տարոն Մարգարյանը վերջին ընտրությունների ժամանակ լրագրողների այս հարցին այդպես էլ չկարողացավ պատասխանել, թե ինչպես է այդքան հարստացել։ Սա հիմք չէ՞։

-Սկանդալային բացահայտումը դեռ դատավճիռ չէ։ Առանց դատարանի որոշման որևէ մարդու չի կարելի հանցագործ կարգել։ Հարգենք անմեղության կանխավարկածը և մեզ վրա դատավորի գործառույց չվերցնենք։ Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին, ո՛չ, հիմք չկա։ Տարոն Մարգարյանը 10 տարուց ավելի հայտարարագիր է լրացրել, բացեք նայեք։ Ես էլ եմ 9 տարի տուն կառուցում, մի 2 տարուց կավարտեմ, Աստծո կամոք։ Թող մեկը կանգնի ու ասի, որ կոռուպցիայի մեջ կամ։

-Մեզանում հաճախ նաև պաշտոնանկություններն են դիտարկվում որպես պատիժ, բայց չէ՞ որ պետք է լինի պատասխանատվություն, գումարները հետ բերելու պատիժ։

-Ես կխնդրեմ օդում մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն, եթե փաստ ունեք, հրապարակեք, եթե ոչ, ստվեր չգցնեք մարդկանց վրա։ Դրա համար ազդարարի ինստիտուտ ենք դնում: Ես կոնկրետ բաց եմ, թող ինչքան ուզում են ինձ ստուգեն, ազդարարեն, վերահսկեն։

-Պարոն Շարմազանով, ասում եք փաստեր հրապարակեք, փաստերը մե՞նք, թե իրավապահները պետք է ներկայացնեն, իսկ իշխանությունն էլ կամք դրսևորի դրա դեմ պայքարելու համար։

-Իշխանությունը եթե կամք չդրսևորեն, այդ մարմինը չէր ստեղծի, օրենսդրական բարեփոխում էլ չէր անի։ Առավելևս ընդդիմությանը չէր ներգրավի, եթե այդքանն արել է, հետևաբար կամք ունի, և դուք դեռ առիթներ կունենաք համոզվելու։

-Սվիտալսկու հայտարարությանը ամենակոշտ արձագանքողներից մեկն էլ դուք էիք։ Արդյոք ճի՞շտ է միլիոնավոր եվրոներ վերցնել և հակառակ կողմից մի նկատառմանը նման կերպ արձագանքել։

-Սվիտալսկու մասով ավելացնելու բան չունեմ։ Հուսով եմ՝ մենք արդյունավետ կհամագործակցենք նաև ԵՄ-ի հետ։

Մանե Հարությունյան

MediaLab.am