«Պաշտոնատար անձանց ախպերության մեջ, հատկապես եթե ՀՀԿ-ական են, զապադլո է, որ իրենց երեխան գնա ծառայի». Ժաննա Ալեքսանյան

03-07-2017
14002 դիտում
«Պաշտոնատար անձանց ախպերության մեջ, հատկապես եթե ՀՀԿ-ական են, զապադլո է, որ իրենց երեխան գնա ծառայի». Ժաննա Ալեքսանյան

Պաշտոնյաների որդիները բանակում չեն ծառայում, քանի որ նրանք բանակն անվտանգ վայր չեն համարում իրենց զավակների համար: Բացի սահմանային լարված իրավիճակից, նաև բանակի ներսում էլ ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով դժբախտ դեպքեր են լինում, և պաշտոնյաներն իրենց զավակներին ամեն կերպ զերծ են պահում այս ամենից: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Բացի անվտանգության խնդրից, նրա խոսքով, կա նաև հովանավորչության գործոնը:

«Նրանք համարում են, թե ինչո´ւ պետք է իրենց որդին ծառայի, նման մոտեցում կա: Պաշտոնատար անձանց ախպերության մեջ, հատկապես եթե նրանք ՀՀԿ-ական են, զապադլո է, որ իրենց երեխան գնա ծառայի: Հենց այդ մթնոլորտն է տիրում: Իսկ բանակի ղեկավարությունը ջանքեր չի գործադրում, որ բոլորը գնան ու հավասար ծառայեն»,- «Մեդիալաբին» ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Նշենք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օրերս լրագրողների հարցին ի պատասխան ասաց, թե շատ բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց երեխաներ այսօր ծառայում են բանակում: Ավելին, նախարարը նույնիսկ հայտարարեց, թե նրանցից առնվազն երկուսն ունեն զորացրման պարտադիր ցուցում՝ առողջական խնդիրների պատճառով:

«Բայց նրանց զորացրումը մենք չենք իրականացնում մի պարզ պատճառով. որովհետև հենց զորացրումն իրականացնենք, դառնալու է, որ նա պաշտոնյայի զավակ է, դրա համար է զորացրվելու: Դուք պատկերացրեք այդ ընտանիքի վիճակը, որը չի միջամտել զորակոչի ժամանակ, մի տարի անցել է զորակոչից, երեխան ծառայում է, ունի առողջական լուրջ խնդիր, պիտի զորացրվի, և հայրն ինձ ասում է՝ կարա՞նք չզորացրենք»,- ասել էր նախարարը:

Վիգեն Սարգսյանի այս հայտարարությունից հետո Factor.am կայքը հրապարակեց պաշտպանության նախարարություն ուղարկած իրենց հարցման պատասխանը, թե ո´ր պաշտոնաների որդիները չեն ծառայել բանակում: Չծառայած որդիների ցուցակը բավական պատկառելի է, նրանց թվում են` վարչապետ Կարեն Կարապետյանի, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի, Գյումրու նախկին քաղաքապետ, ներկայումս պատգամավոր Վարդան Ղուկասյանի, Շիրակի նախկին մարզպետ, ներկայումս պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի, ԱԺ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանի և այլոց որդիները: Մի շարք պաշտոնյաների որդիներ էլ, պարզվում է, տարկետման իրավունք են ստացել:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով` սա պաշտոնյաների՝ բանակում չծառայած որդիների ամբողջական ցուցակը չէ: Նրա խոսքով՝ իրականում բազմաթիվ պաշտոնյաների որդիներ չեն ծառայել բանակում, նույնիսկ միջին օղակի պաշտոնատար անձանց զավակները չեն զորակոչվում բանակ: Եվ այս ֆոնին, ըստ նրա, զարմանալի է պաշտպանության նախարար Վիգեն Սագսյանի պատասխանը:

«Նա մի ծայրահեղ օրինակ բերեց, թե պաշտոնատար անձի հիվանդ որդի կա, և նրան չեն ազատում բանակից: Սա անընդունելի և ծայրահեղ օրինակ է, և կարծում եմ, որ զորակոչին պետք է հավասարության սկզբունքով մոտենալ: Եթե պաշտոնատար անձի երեխան հիվանդ է, թող չծառայի, և այն պատճառաբանությունը, թե ամոթից չեն ուզում ազատել, ուղղակի զավեշտալի է, սա ուղղակի ցուցադրական համար էր»,- «Մեդիալաբին» ասում է Ժաննա Ալեքսանյանը: Իրավապաշտպանը պաշտպանության նախարարին կոչ արեց հրապարակել պաշտոնյանի անունը, ում որդին իբր ծառայում է բանակում և հիվանդ է. «Թող հրապարակեր անունը, որ մոմ վառեինք այդ պաշտոնատար անձի համար»:

Ժաննա Ալեքսանյանի դիտարկմամբ՝ եթե անգամ կան օրինակներ, որ պաշտոնյաների որդիները ծառայում են, ապա նրանք սոսկ ձևական են ծառայում, դրա համար էլ նախարարն անուններ չի հրապարակում: Համենայնդեպս, ըստ իրավապաշտպանի, որևէ պաշտոնատար անձի զավակ չի զոհվել սահմանին, չի եղել առաջնագծում: «Լավ կլիներ, որ զորակոչվեին բոլորը, հավասարություն լիներ, բայց նման խոստում ես կարծես չլսեցի նախարարից: Հենց պաշտոնատար անձանց զավակները պետք է օրինակ ծառայեն, քաղաքակիրթ երկրներում մենք տեսնում ենք, թե ինչպես է արքայազնի որդին գնում բանակում ծառայելու»,- ասում է նա:

Իրավապաշտպանի խոսքով՝ նման քաղաքականությունն ուղղված է սոցիալապես անապահով խավի որդիների դեմ, այսկերպ այս խավի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում: Ժաննա Ալեքսանյանը նկատում է, որ բանակում ընդհանրապես խիստ ընդգծված է սոցիալական շերտավորումը, և չի զգացվում, որ պաշտպանության նոր նախարարը փորձում  է հավասար պայմաններ ստեղծել:
Հաշվի առնելով վարվող քաղաքականությունը, ըստ նրա, ոչինչ չի փոխվելու, պաշտոնատար անձանց զավակները հետագայում էլ չեն ծառայելու:

«Ա´յ եթե պաշտոնատար անձանց զավակները ծառայեն բանակում, այդ ժամանակ արդեն պաշտոնատար անձինք յուրաքանչյուր զինվորի կյանքի համար կդողան, կմտածեն և պատասխանատու կլինեն: Բայց քանի դեռ իրենց որդիները չեն ծառայում, այդ խեղճ ընտանիքների զավակները, ովքեր իրական հերոսներ են, պետք է զոհվեն, ինչին մենք ականատես ենք լինում»,- հավելում է իրավապաշտպանը:

Ժաննա Ալեքսանյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ ազգ-բանակ հայեցակարգով գումարներ են առաջարկվում ծառայության դիմաց:

«Փոխանակ հավասար պայմաններ ստեղծեն, որ բոլորը ծառայեն, հատուկ շեշտադրում են արել անապահով ընտանիքների զավակի վրա, ով հանուն փողի կգնա ծառայելու ու զոհվելու»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am