«Շատ կասկածում եմ, որ 2018-ին Սերժ Սարգսյանը կհեռանա, երկիրն այսքան թալանելուց հետո քաղցր պատառից հրաժարվելը շատ դժվար է». Արմեն Մովսիսյան

07-07-2017
6997 դիտում
«Շատ կասկածում եմ, որ 2018-ին Սերժ Սարգսյանը կհեռանա, երկիրն այսքան թալանելուց հետո քաղցր պատառից հրաժարվելը շատ դժվար է». Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ–երգահան Արմեն Մովսիսյանը, ով վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում:

- Պարոն Մովսիսյա´ն, Հայաստանից արտագաղթը մեծ տեմպերով շարունակվում է նաև Միացյալ Նահանգներ: Տեսակետ կա, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ավելի շատ են արտագաղթում բանակում ծառայությունից խուսափելու համար: Արդյոք այդ միտումը նկատվո՞ւմ է Միացյալ Նահանգներում:

- Եթե անկեղծ ասեմ, ես համայնքի հետ շատ չեմ շփվում, մանավանդ այն տեսակի հետ, որ անընդհատ կգա և կպատմի, թե ինչ ճանապարհով է հասել ԱՄՆ: Որոշ ժամանակ առաջ մի պատմություն իմացա, որ Վազգեն Սարգսյանին խփելուց հետո մոտ 10 հազար մարդ ԱՄՆ է տեղափոխվել «քեյսեր» բացելով, թե իբր Վազգենի թիկնապահներ են եղել, թե իրենց կյանքը վտանգի տակ է: Մի մասն էլ միասեռականների ճնշման անվան տակ է եկել, մի մասն էլ այն պատճառաբանությամբ, որ իրենց հավատքն է ճնշվել և նման բաներ: Այս տեսակի հայերի հետ շփվելն արդեն դժվար է, երբ ցեխ են շպրտում երկրիդ վրա միայն ապրելու հարմարություն գտնելու համար: Սա նույնն է, որ ծնողներիդ հայհոյես, ինչ է թե քեզ մի կտոր հաց տան ուտելու:

- Ավանդական հին և նոր սփյուռքն ինչո՞վ է միմյանցից տարբերվում:

- Մի մաս կա, որ եկել է Մերձավոր Արևելքից: Այդ մարդիկ պաշտպանական մեխանիզմ ունեն, որ իրենց մոտ աշխատում է: Մեծ եղեռնից հետո երկար ժամանակ փորձել են հայ մնալ, հայ` խոսքով, պարով, հայերի հետ շփվելով: Մեր` հայաստանցիների մոտ, պաշտպանական մեխանիզմն ընդհանրապես բացակայում է: Հայաստանցիները մի մեծ պրոբլեմ ունեն. ապրել են մի երկրում, որտեղ ամեն ինչ եղել է հայերեն, ամեն ինչ արվել է մայրենի լեզվով, և մենք չենք զգացել այն վտանգը, որ այդ ամենը կարող ենք կորցնել: Հետևաբար, դրան ավելի թեթև ենք վերաբերվել: Օրինակ` իրար հետ ծանր են շփվում այդ համայնքները: Հին սփյուռքը պետք է հաշվի առնի հայաստանցիներին: Եթե նախկինում հայաստանցիները քիչ էին, հիմա հսկայական է հայաստանցիների մասսան: Եվ եթե հին սփյուռքից եկել են մարդիկ, թեկուզ Մերձավոր Արևելքից, Իրանից, հաճախ գումարներով, հայաստանցիները հաճախ եկել են բավական ծանր վիճակում: Եվ հին սփյուռքը իրենց չի օգնել, մերժել է, և այդ ջրբաժանը շատ երկար մնացել է: Հիմա արդեն դա չկա, քանի որ հայաստանյան սփյուռքը շատ բազմահոծ է, տարբեր կարգի մարդիկ են հավաքվում այստեղ, և գիտեմ նաև, որ ունևոր մասսան էլ է գալիս: Իրենք արդեն, հայաստանյան սփյուռքը գերակշռում է: Բացի այդ, տարբերությունները սկսում են ձուլվել, նույնիսկ արևելահայերենի և արևմտահայերենի խնդիրն է հեշտացել: Բայց պետք է ասեմ, որ սփյուռքն ալիքի փրփուր է, որը վերանալու է, կարճ կենդանություն է ունենալու:

- Կարծում եք` սփյուռքը ժամանակի՞ խնդիր է և վերանալո՞ւ է:

- Իհարկե, ժամանակի խնդիր է: Հիմա ասում են` Ամերիկայի հզոր սփյուռքը, բայց սա ժամանակավոր է, երկրորդ և երրորդ սերունդը կդադարի լեզվով խոսելուց, կդադարի իր պատկանելությունը հիշելուց: Ամերիկան մեծ խառնարան է, որտեղ աշխարհի չորս կողմից եկած մարդիկ են, որ դառնում են Ամերիկայի քաղաքացիներ: Այնպես որ, մենք` հայերս, այստեղ շատ փոքր փոքրամասնություն ենք: Պետք է ձուլվենք, ցավոտ բան է, բայց երկրից դուրս հայ մարդը չի գոյատևի: Քըրք Քըրքորյանի, Վաչե Մանուկյանի նման դեմքեր, մի քանի մեծահարուստ հայեր Ռուսաստանում կան, ովքեր առաջին սերնդի հայեր են, նման դեմքերը փոքրամասնություն են: Եվ այսպես փշրանքների նման սուզվելու ենք գնանք: Երկրից դուրս հայը տեղ չունի` դա´ է իրականությունը:

Արտագաղթ այստեղ 90-ականներին է սկսվել, և ես հիմա չգիտեմ` տեմպերը իրականության մեջ ավելացե՞լ են, թե՞ ոչ: Ամերիկան միշտ համեղ պատառ է թվացել շատերի համար: Շատերը ԱՄՆ հասնելու համար դիմել են շատուշատ միջոցների: Եվրոպայի նկատմամբ էլ այսօր կա այդ համեղ պատառի զգացողությունը, պատմում են, թե ինչպես են այնտեղ քաղաքական ապաստան ստանում և կամ մնում փախստականի կարգավիճակով: Երկրի վրա ցեխ շպրտելով հասնել ինչ-որ մի տեղ` ինձ համար անընդունելի է, բայց շատերն արել են: Իրականում մենք մեր երկիրը քիչ ենք սիրում: Ինձ համար չափանիշ է այն, որ մենք ընդամենը 20 հազար դոլար հավաքեցինք զինվորների համար: Ես ուղղակի մուրում եմ, պատրաստ եմ ծնկաչոք խնդրել, որ ինչ արել-չեք արել, գոնե ձեր մեղքերի քավության համար 20 դոլար տվեք զինվորների համար: Ինչ անում ենք, ազնիվ և թափանցիկ ենք անում, տվեք, որ զինվորին օգնենք: Բայց անհաղորդ են:

-Վերջերս Հայաստանում էիք: Ինչ-որ բան փոխվե՞լ էր Հայաստանում: Արդյոք նոր կառավարությունը հուսադրո՞ղ է: Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդ են ձևավորում: Կարծո՞ւմ եք` այս քայլերը իմիտացիոն են, թե՞ կա ցանկություն Հայաստանում փոփոխությունների հասնելու:

- Իհարկե իմիտացիոն են: Ապրիլյան պատերազմից հետո պարզվեց, որ բանակին հասանելիք ռազմամթերքի կամ գույքի մի մասը գողացվել է, խնդիրներ են եղել ՊՆ-ում այս հարցի հետ կապված: Պաշտոնից հեռացնելը պատիժ չէ, այլ պարզապես լափամանից կողքի կանգնեցնել, իսկ նոր վարչապետը` ժիլետով, հոլիվուդյան աստղի նման, ի՞նչ արեց այս ուղղությամբ: Մեր իշխանությունն իսկապես իրականությունից կտրված է: Նստում են Բաղրամյան պողոտայում և կարծում, որ կոմպյուտերային խաղերով կարող են երկիր կառուցել: Իսկ մեր երկիրը վիրտուալ երկիր չէ, միս ու արյունից կազմված երկիր է, իրական է: Եվ ես որևէ փոփոխություն այս անգամ էլ չնկատեցի:

- Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում մի քանի դատավորներ ձերբակալվեցին, բայց մեծ հաշվով խոշոր «ձկներին» այդպես էլ չեն մոտենում: Ըստ Ձեզ` ինչո՞ւ:

- Մեծ ձկները ուրիշ մակարդակի վրա ուրիշ դեմքեր են կերակրում, նրանց ինչպե՞ս կարող են ձեռք տալ: Մեր համակարգը փտած է: Մենք անընդհատ փակ շրջանի մեջ ենք, և մեր իշխանությունների ապիկարությունը ապիկար է դարձնում մեր ժողովրդին: Մենք օրինակ ենք վերցնում նրանց ապիկարությունից, և դա մեր ազգի որակական հատկանիշների վրա դրական ազդեցություն չի ունենում: Այն, ինչ կատարվում է վերևներում, դրա վատագույնն ընդօրինակվում է ժողովրդի կողմից: Եվ մենք փակ շրջանում ենք, և մեծամասնությունը սկսում է նմանվել երկրի ղեկավարի որակին: Սա իսկապես վտանգավոր է, այս չարորակ ուռուցքը մեր օրգանիզմը փչացնում է, մեր բարոյական տեսակն է փչացնում: Եվ այս պարագայում սա է ամենամտահոգիչը:

- Պարո´ն Մովսիսյան, մի քանի ամիս առաջ Կարեն Կարապետյանը դիմեց սփյուռքահայերին, որ գան և ներդրում անեն: Որևէ մեկը չի գալիս, ինչո՞ւ:

- Ախր սա իր նկարած հոլիվուդյան կինոն չէ, այս ազգի մեջ բոլորը հիմարներ չեն: ԱՄՆ առաջարկել է 8 միլիարդի էներգետիկ անկախության ծրագրի նշաձող: Հայաստանի իշխանություններին և Հայաստանի կառավարությանը հստակ ցույց են տվել էներգետիկ անկախության ծրագրի նշանագիծ: Ո՞վ կթողնի նման կառավարությանը, նման իշխանությանը, որ էներգետիկ անկախություն իրականացնեն: Այսօրվա իշխանությունները ոչնչով չեն տարբերվում այսօր ԱՄՆ-ում հազար պատճառներով փախստականի կարգավիճակ ստացողներից, նույնիսկ ավելի վատն են, քանի որ այս մարդիկ գոնե փախել են իրենց հացը վաստակեն, իսկ իշխանությունը հա´մ կերել է, հա´մ էլ երկիրը վարի է տալիս: Եվ ես շատ կասկածում եմ, որ 2018-ին Սերժ Սարգսյանը կհեռանա: Երկիրն այսքան թալանելուց հետո քաղցր պատառից հրաժարվելը շատ դժվար է: Սա թվում է` անելանելի ճահիճ է, որից պետք է դուրս գալ, մնացած ճանապարհները չգիտեմ: Նոր վարչապետը` իր ժիլետով, կարողացավ ինչ-որ բան անել, այդ ընտրություններն ավարտվեցին, հարյուր օրն անցավ, մեկ տարին կլրանա շուտով, ի՞նչ է նա արել երկիրը փոխելու համար, ի՞նչն է ավելի օրինական դարձրել, ի՞նչն է սկսել աշխատել, ի՞նչ կարողացավ անել, ինչի՞ վրա հենվեց: Ինչ է, արտագաղթի տեմպե՞րն են թուլացել... համատարած տխուր մթնոլորտ է, մեզ դարձնում են Ռուսաստանի երևանյան գուբերնիա:

Մանե Հարությունյան

MediaLab.am