Ապրիլյան պատերազմն ու հերոսական Սերժ Սարգսյանը. Ի՞նչ է պատմում  ավագ դպրոցի Հայոց պատմություն դասագիրքը

14-07-2017
31927 դիտում
Ապրիլյան պատերազմն ու հերոսական Սերժ Սարգսյանը. Ի՞նչ է պատմում  ավագ դպրոցի Հայոց պատմություն դասագիրքը

Պատմության մասնագետներին մտահոգում է ավագ դպրոցի Հայոց պատմություն դասագրքում ներառված 2016 թվականի ապրիլյան պատերազմի դրվագը: Մասնագետներն ահազանգում են, որ դեռևս վաղ էր այդ դրվագը ներառելու պատմության դասագրքում, այն օբյեկտիվ չէ, ուռճացված է անհատի, կոնկրետ այս դեպքում` Սերժ Սարգսյանի դերը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատմության ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանն ասում է, որ տպավորություն է, թե դասագրքի հեղինակները դոնքիշոտությամբ են զբաղված, դեռ 19-րդ դարի մտածելակերպից դուրս չեն եկել:

«Ոչ կոռեկտ, ոչ գիտական ու ոչ տրամաբանական տերմիններ են օգտագործում պատմության դասագրքում: Ապրիլյան պատերազմի դրվագը պատմության դասագրքում ոչ գիտական կառուցվածք ունի: Եթե քո հուզական զգացողությունը դեռ չի զիջել բանականությանը, եթե մարդկանց հիշողությունները դեռ թարմ են, դու ո՞նց ես այդ մասին բան գրում»,- «Մեդիալաբին» ասում է Վահրամ Թոքմաջյանը:

Նա զարմանալի է համարում նաև այն, որ դասագրքում ապրիլյան պատերազմի շուրջ 100 զոհերից միայն մի քանիսի անունն է նշվում:

«Մենք ասում ենք՝ բոլորը հերոսներ են, բայց դասագրքում ինչո՞ւ են նրանցից մի քանիսի անունը նշում միայն: Կամ` Սերժ Սարգսյանի անունը ինչո՞ւ են դասագրքում գրել: Երկու-երեք դրվագում Սերժ Սարգսյանի անունն է հիշատակվում: Կարևոր է նաև այն, որ 800 հա տարածքների կորստի մասին տեղեկությունը հիշատակված չէ դրվագում: Ոչ ոք չի ժխտում, որ տարածքներ ենք կորցրել, բայց պատմության դասագրքում չի հիշատակվում դրա մասին, ընդհակառակը, ներկայացվում է, որ մենք տվեցինք, ջարդեցինք, փշրեցինք: Էլ չենք խոսում մնացած խնդիրների մասին, որ խոսք անգամ չկա բանակի կոռուպցիայի, այն մասին, թե ոնց ստացվեց, որ ադրբեջանցիները մեկ գիշերում այդքան առաջ եկան և այլն»,- ասում է մասնագետը:

Պատմության դասագրքի հեղինակներից է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, իսկ խմբագիրը ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն է: «Մեդիալաբի» հետ զրույցում Աշոտ Մելքոնյանը հակադարձում է այս մեղադրանքներին:

«Ա´յ մարդ, այնտեղ ապրիլյան պատերազմի մասին պոզիտիվ շարադրանք է ընդամենը, ուրիշ ոչինչ չկա: Ուղղակի ներկայացված է, թե ինչ է տեղի ունեցել: Ոչ մեկի չենք գերագնահատել, ոչ մեկը թերագնահատված չէ: Հանրապետության նախագահի մասին ուռճացված մեկնաբանություններ կան այս օրերին, բայց դասագրքում ընդամենը գրված է, որ նա խոսք ասաց զոհված սպա Սասուն Մկրտչյանի գերեզմանին և հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Դա պոզիտիվ շարադրանք է, այնտեղ ո´չ գնահատական է տրված, ո´չ այլ մեկնաբանություն: Ամեն ինչի մեջ վատ բան են փնտրում»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Մելքոնյանը:

Հարցին, թե 800 հա հողեր կորցնելու մասին ինչո՞ւ նշված չէ դասագրքում, Աշոտ Մելքոնյանը պատասխանում է.

«Ի՞նչ հողեր, այնտեղ հիշատակված չէ՞, նման բան ես չեմ հիշում հիմա»:

Պատմության մասնագետ Վահրամ Թոքմաջյանը հարցադրում է անում՝ ի՞նչ է նշանակում պատմության դասագրքում պոզիտիվ շարադրանք անել:

«Ես չեմ հասկանում` տեքստի դրականը ո՞րն է, եթե պատմություն է, պետք է լինի օբյեկտիվ, դրա պոզիտիվը ո՞րն է: Հիմա մեր երազանքնե՞րը սկսենք գրել, որ դառնա պոզիտիվ: Կա օբյեկտիվ իրականություն, որին մենք բոլորս ականատես ենք եղել: Դա 150 տարի առաջ տեղի ունեցած դեպք չէ, որ ասենք՝ այս պատմաբանն այս է հաղորդում, այն մեկը՝ այլ բան: Ժամանակակից պատմությունը իրենք սիրով կեղծում են, ինչպես արել են 2008 թվականի մարտի մեկի դեպքում: Դա՞ էլ էր պոզիտիվ շարադրանք»,- նկատում է նա:

Ըստ մասնագետի՝ նաև հարց է ծագում, թե ի՞նչ իրավունք ունեն դասագիրք գրելու անձինք, կոնկրետ այս դեպքում` Էդիկ Մինասյանն ու Աշոտ Մելքոնյանը, ովքեր պաշտոններ են զբաղեցնում և փաստացի կախվածություն ունեն իշխող վարչախմբից:

«Այդ մոնոպոլիան վերցրել են իրենց ձեռքը, այն, ինչ այսօր անում են այդ մարդիկ կրթության ու դասագրքի հետ, անհանդուրժելի է»,- ասում է Թոքմաջյանը:

Պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանը կարծում է, որ ապրիլյան պատերազմի իրադարձություններն ընդհանրապես իրավունք չունեն այս փուլում ներառելու դպրոցական դասագրքում, որովհետև այդ իրադարձությունները դեռ պատմություն չեն:

«Դեպքերն ընդամենը մեկ տարի առաջ են տեղի ունեցել: Դասագիրք դառնալու համար նախ պետք է այդ իրադարձությունների վերաբերյալ մասնագիտական հետազոտություններ արվեն, օգտագործվեն բոլոր հնարավոր աղբյուրները: Պատմություն գրել` նշանակում է օգտվել բոլոր հնարավոր աղբյուրներից, միջազգային աղբյուրներից, մամուլի արձագանքներից, ինչու չէ, նաև ադրբեջանական աղբյուրներից: Աղբյուրները երբեմն հակասական են լինում: Պատմագետի աշխատանքն այն է, որ այդ հակասական աղբյուրները բերի հավասարակշռության դաշտ և կառուցի իրականության օբյեկտիվ խճանկարը: Իսկ այստեղ միայն հայկական կողմի տեսակետն է միակողմանի ներկայացված, դրել ու շարադրել են, դա արդեն պատմություն սովորել չէ, դա ուրիշ ժանրից է և հակամանկավարժական դրսևորում»,- «Մեդիալաբին» ասում է Կարպիս Փաշոյանը:

Նա ուսումնասիրելով դրվագը՝ ասում է, որ միտում է տեսնում, որ փորձում են Սերժ Սարգսյանին ներկայացնել հերոսի կերպարով:

«Բնական է, որ այդպիսի միտում պետք է լիներ: Ընդհանրապես դպրոցական դասագրքերում անհատի դերը չափազանց բարձրացված է: Եվ ես կարծում եմ, որ դա ունի քարոզչական նպատակ և կապված է Հայաստանում ձևավորված կառավարման համակարգի հետ, որտեղ գլխավոր դերում անհատն է, և պետության ընթացքը կախված է մեկ անհատից: Անհատի պաշտամունքի դրսևորում կա այստեղ` թե ինչ-որ մեկը կգա, մեզ կփրկի, Սերժ Սարգսյանն անվտանգության երաշխավորն է և այլն»,- ասում է նա: Մասնագետի խոսքով՝ նույնը կատարվել էր մարտի մեկի դրվագի պարագայում, որը նույնպես ներառվել էր պատմության դասագրքում:

«Ապրիլյան պատերազմի դրվագը մոտավորապես հետևյալ կերպ է ներկայացված դասագրքում. հայոց քաջերը գնացին, արյան ոգին կանչեց, նրանք չնահանջեցին, Սերժ Սարգսյանը սովորեց սառնասրտություն և այլն: Իսկ հողերի կորստյան մասին ակնարկ իսկ չկա»,- ասում է Փաշոյանը:

Դասագրքի խմբագիր Աշոտ Մելքոնյանը, սակայն, չի կարծում, որ դեռևս վաղ է ապրիլյան պատերազմի մասին Հայոց պատմության դասագրքում հիշատակելը:
«Եթե գնահատական լիներ` ուրիշ հարց, իսկ եթե ուղղակի պարզ, պոզիտիվ շարադրանք է, թե ինչ է տեղի ունեցել, այդտեղ ես որևէ խնդիր չեմ տեսնում: Հետագայում դա կլրացվի: Ո՞վ է ասում, որ այդ գրածը վերջնական է և փոփոխության ենթակա չէ»,- ասում է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am