«Ես չեմ կարող իմ տղային ինքնակամ պատերազմ ուղարկել, թող ինքը հետագայում որոշի». «Ալամեզոն» Բլոգ

16-07-2017
1667 դիտում
«Ես չեմ կարող իմ տղային ինքնակամ պատերազմ ուղարկել, թող ինքը հետագայում որոշի». «Ալամեզոն» Բլոգ

Մեր ընտանիքում ոչ ոք չի խուսափել բանակ գնալուց, երևի թե էդ է պատճառը, որ չեմ մտածել, թե այդ ինչքան սարսափելի պիտի լինի այնտեղ, որ արտագաղթողների մի ստվար զանգված հենց բանակի պատճառով երկրից հեռանա, արտագաղթի:

Նախքան մարդկանց դավաճանության մեջ մեղադրելը, փորձեք համացանցում փնտրել այն ՀՀ պաշտոնյաներին, ովքեր երբեք բանակում չեն եղել, բայց արի ու տես, չգիտես որտեղից, բրեժնևյան հին ու բարի ավանդույթի համաձայն` մեդալ է, որ ստանում են:

Հայաստանի ազգային հերոս, Հայրենիքի շքանշան, Արիության մեդալ ու էլ չգիտեմ ինչ պաթետիկ անվանումներով մեդալների առատությունը երևի ամառվա շոգ օրերին նրանց սիրտը հովացնում է:

Իսկ ո՞նց հովանա սահմանում սպանված 18 տարեկան երիտասարդի մոր սիրտը, որ թալանված գումարների պատճառով իր տղան մեն-մենակ մնաց թշնամու դիմաց: Իսկ ո՞նց կմեղադրեք այն մայրերին, ովքեր իրենց մինուճարին առնում ու դուրս են գալիս երկրից` փորձելով խնայել զավակի կյանքը, քաջ գիտակցելով, որ սահմանին լինելու են ոչ Երևանում ու արտասահմանում իրենց վիլլաները թողած օլիգարխների զավակներ, այլ իրենց տղայի պես «մինուճարներ»: Ու թե կփորձեք մեղադրել նրանց էլ վախկոտության մեջ, փորձեք գոնե հասկանալ` ինչ ասել է ծնողի վախ:

Երբ տղաս ծնվեց, ամուսինս ասեց.

- Տղաս կլինի և´ ՀՀ, և´ Ֆրանսիայի քաղաքացի:

Դեռ Ֆրանսիայինը մեխանիկորեն ստացած, երբ ամուսինս իմացավ, որ ՀՀ քաղաքացի լինելը նշանակում է, այդ թվում նաև (թեկուզ թեորիապես)` բանակում ծառայել, սկզբում ընկճվեց, հետո մտքափոխեց.

- Ես չեմ կարող իմ տղային ինքնակամ պատերազմ ուղարկել, թող ինքը հետագայում որոշի: Ինչո՞ւ պիտի 18 տարեկանը բանակ գնա, մեզ մոտ միայն պայմանագրային է, մենք իրանց համար ենք աշխատում, հարկեր վճարում, իրանք էլ մեզ են պաշտպանում…

Մենք էլ ենք մեր բանակի համար հարկեր վճարում, ես անկեղծ հավատում եմ, որ բյուջեից մեծ գումար է գնում բանակին, բայց թե ճանապարհին ո՞վ է ուտում այդ գումարները… Եվ արդյունքում` ունենք բանակ, որ երկու կողմից ռմբակոծում են. ներսից` կաշառակերությամբ, դրսից` ինքնաձիգով:

Ֆրանսիայի ռազմական բյուջեն Հայաստանի հետ չես համեմատի: Բայց թերևս լավ կլիներ ընդօրինակել մի բան, էն, որ սեփական փորձով այդ երկիրը հասկացել է, որ անիմաստ է անփորձ տղային բանակ ուղարկել, և ամբողջությամբ անցել է պայմանագրային ծառայության:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog