«ՊՊԾ գնդի գրավումից հետո բանակցությունների հռետորաբանությունը փոխվեց, հողեր հանձնող սազանդարները լռեցին». Եղիշե Պետրոսյան

17-07-2017
8029 դիտում
«ՊՊԾ գնդի գրավումից հետո բանակցությունների հռետորաբանությունը փոխվեց, հողեր հանձնող սազանդարները լռեցին». Եղիշե Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանումէ երաժիշտ-երգահան Եղիշե Պետրոսյանը։

-Պարո՛ն Պետրոսյան, «Հաց բերողի» մահվանից 4 ամիս անց գլխավոր դատախազը հայտարարում է, թե Արթուր Սարգսյանը կարող էր նոր հանցագործություն կատարել։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և ի՞նչ է ակնարկում գլխավոր դատախազը։

-Մի այսպիսի հայտնի խոսք կա՝ գողը գոռում է՝ գողին բռնե՛ք։ Իսկ ես էլ ասում եմ`պետք է մեկուսացնել գլխավոր դատախազին, որովհետև նա կարող է մի օր հանկարծ շատ մեծ կոռուպցիոն պատմության մեջ ներքաշվել: Կարելի՞ է իրեն ձերբակալել։ Բա անմեղության կանխավարկածն ի՞նչ է։ Երբ կաներ, այն ժամանակ կձերբակալեիք։ Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ կատարվում է պատվերով, և դատախազի ասածը չի կարող ոչ ինձ, ոչ էլ այլոց համար համոզիչ լինել, քանի որ դա ընտրովի գործ հարուցող մարմնի գլխավոր ներկայացուցիչն է։ Մեկը մարդ է սպանում, ազատ պտտվում է, կյանքը վայելում, բայց մեկ ուրիշը նստած է բանտում ընդամենը ոտքով ոստիկանի վահանին խփելու համար, քանի որ ոստիկանը իրեն հայհոյել է, իսկ մեկ ուրիշն էլ` զուտ իր ճշմարտախոսության համար:

-Առհասարակ ի՞նչ կարող էր անել Արթուր Սարգսյանը` այդքան առողջական խնդիրներ ունենալով։Դուք նրա հետ շատ մտերիմ էիք, ի՞նչ է Ձեզ հայտնի։

-Ոչ մի նոր բան։ Ընդամենը պետք է պնդեր, որ իշխանությունները պետք է հեռանան, որովհետև իրենց սպառել են։ Նա ավել բան չէր կարող անել։ Նրանք վրեժխնդիր եղան, որովհետև նա երկու անգամ միայնակ հաղթեց այս անպարտելի և անսասան թվացող իշխանություններին: Առաջին անգամ ճեղքեց անանցանելի ներկայացվող ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրեց «Սասնա ծռերին», իսկ երկրորդ անգամ՝ նրան չկարողացան կոտրել և հացադուլից դուրս բերել,ստիպված ազատեցին։ Նա կարևոր պատգամ թողեց հայ ժողովրդին`«Իսկ ով, եթե ոչ ես» և գնաց։

-Պատգամը որքանո՞վ է տեղ հասնում, որքանո՞վ է օգտվում այդ պատգամից հանրությունը։

-Օգտվողը կօգտվի, նման բաները ամեն մեկի խելքին հասու չեն։ Ում խելքին հասու է, նա, իհարկե, կօգտվի։ Նա բռնկվեց բենգալյան կրակի պես, շանթահարեց, վառվեց, հիացրեց, մտածել տվեց ու հանգավ,և, իհարկե, ոչ առանց արդարադատության, դատախազության և իշխանությունների հանցավոր օգնության: Նրա մահը իրենց խղճին է։

Նա ցույց տվեց, որ մեզնից յուրաքանչյուրն ի զորու է ինչ-որ բան փոխել, ամեն մեկ անհատից է կախված մեր երկրի ապագան։ Ինչո՞ւ սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորից կախված է մեր հավաքական անվտանգությունը, իսկ այստեղ հարյուր հազարավոր մարդկանցից ոչինչ կախված չէ՞։

-Հաց բերողի առողջական խնդիրների մասին բազմիցս Դուք բարձրաձայնում էիք։ Հնարավո՞ր է՝ այսպիսով իշխանությունը փորձում է սրբագրել իր՝ Արթուր Սարգսյանի բռնելը։

-Իհարկե։ Մանվելն էր, չէ,ասում՝ չաքուչն էլ ա ձեռդ, մեխն էլ ա ձեռդ, էլ չասեմ`մամուլն էլ, հեռուստատեսությունն էլ, Ազգային ժողովն էլ, թուղթն էլ, գրիչն էլ: Մի քիչ շատ չէ՞ ընդամենը մեկ մարդու համար։ Իմ կարծիքով` սա շատ ռիսկային է: Ես սրանդեմ եմ: Ո՞վ է ասել, որ այս իշխանությունները վերին արտի ցորենն են, իսկ մնացած բոլորս պարտավոր ենք հանդուրժել այս ակնբախ և աղաղակող ապօրինությունները։ Մենք արժանի ենք մարդասեր և արդար, ի վերջո, օրինակելի երկրի։

-Ուղիղ մեկ տարի է անցել ՊՊԾ գնդի գրավումից։ Ի՞նչ փոփոխություններ եք նկատում,արդյոք իշխանությունը դասեր քաղե՞լ է։

-Իհարկե ինչ-որ բան փոխվել է և էլի կփոխվի, պարզապես չի կարողայսպես երկար շարունակվել։ ՊՊԾ գնդի գրավումից հետո բանակցությունների հռետորաբանությունը փոխվեց, հողեր հանձնող սազանդարները լռեցին, խաղաղության հրեշտակները հայտնվեցին լուսանցքում։ Դե թող առաջվա նման անընդհատ խոսեն տարածքներ հանձնելուց, տեսնենք`ժողովուրդն ի՛նչ կասի։ Տեղի ունեցածը ոչ միայն զգաստացրեց, նաև վախեցրեց իշխանությանը, վախեցրեց նաև ռուսներին, մտածել տվեց ամերիկացիներին, գերմանացիներին, ֆրանսիացիներին, որոնք պատրաստակամություն են հայտնում Հայաստանում տնտեսական նոր ներդրումներ անել, որպեսզի Ռուսաստանից կախվածությունը նվազի, որը, անշուշտ, կապահովի որոշակի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ինքնուրույնություն։ Իրականում շատ բան է փոխվել, թեկուզև ձևացնում են, թե որևիցե ազդեցություն չի ունեցել։

-Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումների, էներգետիկ անկախացման մասին են խոսում ԱՄՆ դեսպանը, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, սակայն այդպես էլ որևէ արձագանք չկա։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ։

-Կգա պահը` կսկսեն վախենալ արդեն Ամերիկայից էլ: Այնպես չէ, որ այստեղ միայն ռուսներն են թուր ճոճում։ Չինաստան կա, Իրան կա...Բայց անգամ այս իրավիճակում, երբ իր նկատմամբ քայքայիչ որոգայթներ են հյուսվում, Իրանը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցում երրորդ կողմի միջամտություն թույլ չի տա։ Մենք ի՞նչ ենք ասում: Ի՞նչ են մտածում մեր անվտանգության երաշխավորները: Ի վերջո,ամեն ինչ շատ պարզ է. կա՛մ մատաղացու գառան պես սպասում ենք, որ մեզ հոշոտեն և տիրանան մեր եղած-չեղածին, կա՛մ, վերջապես, գիտակցում ենք, որ սա կենաց-մահու կռիվ է, որից պետք է միայն հաղթանակած ու պատվով դուրս գալ:

-«Սասնա ծռերի» դատավարությունն է ընթանում, կոչեր են հնչում զենք վերցնելու և ապստամբելու։ Ինչպե՞ս եք գնահատում այդ կոչերը։

-Նրանք այդ հայտարարություններն անելու իրավունքը ձեռք են բերել, և ամբողջ աշխարհնէ ընդունել մարդու այդ իրավունքը: Եթե ձեզ կեղեքում են, դուք իրավունք ունեք ապստամբելու, անգամ զենք վերցնելու ձեզ կեղեքողների դեմ։ Մերոնք պարզապես թքած ունեն ՀՀ Սահմանադրության վրա և գրպանի թաշկինակի պես անընդհատ սահմանադրություն են փոխում։ Ես շատ-շատ հեքիաթներեմ կարդացել, և ինձ միշտ դուր է եկել հեքիաթների վերջը, քանի որ միշտ բարին է հաղթել: Եվ ես համոզված եմ, որ չարի վերջը գալու է, և Բարին անպայման հաղթելու է:

Մանե Հարությունյան

MediaLab.am