«ԼԳԲՏ համայնքի խնդիրը իրավունքի կարգավորելիք չէ, մշակութային խնդիր է». Հրանուշ Խառատյան

18-07-2017
6279 դիտում
«ԼԳԲՏ համայնքի խնդիրը իրավունքի կարգավորելիք չէ, մշակութային խնդիր է». Հրանուշ Խառատյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

-Տիկի՛ն Խառատյան, ամփոփվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որի ցանկից հանվեցին ԼԳԲՏ համայնքի մասին պատմող երկու ֆիլմեր, որի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ: Դրա դեմ հանդես եկան Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը, իսկ Հարություն Խաչատրյանն էլ պատճառաբանեց, թե կինեմատոգրաֆիստների միության նոր ղեկավարները հրաժարվել են այն ցուցադրելուց: Ինչի՞ մասին է խոսում այս մոտեցումը:

-Ես, շատերի նման, ֆիլմը չեմ տեսել: Շատ հավանական է, որ այն մեր հասարակությանը կարող էր ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց մասին գիտելիք բերել, ինչը, վստահ եմ, չունենք։ Ցուցադրվելուց հետո կարելի կլիներ խոսել, քննարկել, քննադատել, ընդունել, մերժել, անկախ նրանից, մեզնից յուրաքանչյուրն ի՛նչ անհատական վերաբերմունք ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների նկատմամբ: Տխուր է, իհարկե, որ մենք «գրախոսում» ենք չտեսած-չկարդացած-չլսած բանը: Ի՞նչն ենք գրախոսում, նույնիսկ չենք գրախոսում, մերժում ենք մի «բանի» լինելության իրավունքը, առանց իմանալու, թե «ո՛ր բանի»:

Ինչ մնում է ԼԳԲՏ անձանց իրավունքներին, ապա վստահ չեմ, որ գիտեմ նրանց իրավունքների խոցելիության և/կամ պաշտպանվածության մակարդակը, նույնիսկ չգիտեմ, թե ո՛ր իրավունքների մասին է խոսքը: Այս իմաստով չեմ կարող լավ փորձագետ լինել: Գիտեմ, որ «բարձրաձայն հարթակում» գերակշռում է մի կողմից դատապարտող և մերժող տոնը, մյուս կողմից` նրանց նկատմամբ հարգանքի պահանջը: Բայց ի՞նչն են դատապարտում` սեռական կողմնորոշո՞ւմը, թե՞ այդ կողմնորոշման իրավունքը, այդ կողմնորոշման ցուցադրությո՞ւնը, այդ կողմնորոշման քարոզչությո՞ւնը, թե՞ այդ կողմնորոշումն ունեցող մարդկանց նկատմամբ հանրային վերաբերմունքը կամ դրա դրսևորումները: Ես շատ քիչ բան գիտեմ` այդ մարդկանց մասին դատողություններ անելու համար: Չգիտեմ նույնիսկ` ճի՞շտ է արդյոք այդ մարդկանց «համայնք» անվանել` ԼԳԲՏ համայնք: Արդյոք Հայաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշումով մարդիկ համա՞յնք են կազմում: Եթե այդպես է, ապա, հավանաբար, ինչ-որ տեղեկություններ կան այդ մարդկանց աշխարհագրական բաշխվածության, թվաքանակի, «ներքին հարաբերությունների» մասին:

-Տիկի՛ն Խառատյան, իսկ Ձեր շրջապատում չե՞ն հանդիպել միասեռականներ, և ինչպիսի՞ն է նրանց հանդեպ վերաբերմունքը Ձեր կարծիքով:

-Իմ ծանոթների շրջանում ես շատ քիչ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդ գիտեմ: Գուցե նրանք ավելի շատ են, բայց միայն երկուսն են ինձ հետ խոսել այդ մասին, երկուսն էլ դա արել են դժվարությամբ, իմ տպավորությամբ` զգուշորեն փորձում էին հասկանալ` կփոխվի՞ արդյոք իմ վերաբերմունքն իրենց նկատմամբ, երբ իմանամ իրենց սեռական կողմնորոշումը: Երկուսն էլ` երիտասարդ, երկուսն էլ` տղամարդ, երկուսն էլ համարում էին, որ իրենց կյանքը հանրային մշակույթի ստանդարտից դուրս է, երկուսի դեպքում էլ, իրենց կարծիքով, ընտանիքում ամուսինների` իրենց ծնողների միմյանց և իրենց երեխաների դեմ ագրեսիվությունն է պատճառ դարձել, որ իրենք հանրային մշակույթի ստանդարտից դուրս մնան, ինքնամփոփ, մեկուսացած, խոցելի դառնան: Հայրերը` հարբեցող, կոպիտ, մայրերը` միշտ վիրավորված, դառնացած, չբավարարված, իրենց խաբված զգացող, այդ ամենի հետևանքով` լարված, կոշտ:

Ծնողներից յուրաքանչյուրը փորձել է երեխաներին իր արդարացիությունն ապացուցել, իր կողմը քաշել, պահանջել են մյուսի դեմ հանդես գալ, արդյունքում` մեկի դեպքում ծնողները երկուսն էլ կորցրել են երեխայի համակրանքը, մյուս դեպքում տղան կանգնել է մոր կողքին: Երկուսի դեպքում էլ իրենց սեռական կողմնորոշումը «հայտնաբերել» են դեռահասային, թերևս` սեռական հասունացման տարիքում, իրենց նկատմամբ նախ` քնքշանք, ապա` սեռական ցանկություն ցուցաբերած հասուն տղամարդկանց հետ մերձենալուց հետո: Որքան գիտեմ` կնոջ հետ նրանք երկուսն էլ երբեք սեռական հարաբերությունների փորձ չեն ունեցել, կանանց մասին դատում են ավելի շատ իրենց մայրերի վարքով: Երկուսն էլ դառնացած էին, որ հենց ծանոթներն իմանում են իրենց սեռական նախապատվության մասին, աստիճանաբար սառեցնում են հարաբերությունները իրենց հետ: Եվ իրենք մնում են միայնակ: Իսկապես միայնակ, այսինքն` նաև ԼԳԲՏ համայնքի մաս չեն, եթե այդպիսի համայնք կա: Եվ հենց իրենք են խուսափում այդ միջավայրից, եթե այդպիսի միջավայր կա:

-Առհասարակ այդ համայնքի նկատմամբ հանրությունն անհանդուրժողականություն, ագրեսիա է ցուցաբերում, դա ինչի՞ հետևանք է:

-Առհասարակ կա՞ այդպիսի համայնք: Նրանք միմյանց գիտե՞ն, նրանց պրոբլեմները նո՞ւյնն են, նրանք ուզո՞ւմ են այն իրավունքները, որոնց մասին խոսվում է իբրև ոտնահարված: Որո՞նք են այդ իրավունքները` ա) բացահայտ արտահայտել իրենց սեռական կողմնորոշումը և հարգանք ու վստահությո՞ւն ակնկալել հասարակությունից, բ) ընտանիք կազմել և պահանջել, որ այդ ընտանիքն ընդունված և հարգվա՞ծ լինի հասարակության կողմից, գ) ա՞յլ: Ինձ որևէ հետազոտություն այս հարցերի մասին հայտնի չէ: Առհասարակ որո՞նք են այդ մարդկանց մասին գիտելիքի աղբյուրները: Եթե հետազոտություն չկա, ինչպե՞ս կարող ենք դատողություններ անել: Եթե սրանք առանձին քննարկենք, ապա կարծում եմ` քննարկումը դուրս կգա ԼԳԲՏ խնդիրներից: Հայաստանում հասարակական մշակույթն առհասարակ հավանություն չի տալիս սեռական կողմնորոշման և սեռական ցանկությունների հանրային ցուցադրությանը: Լինի ավանդական թե ոչ ավանդական: Այստեղ իրավունքի խնդիր չկա, կա հասարակական մշակութային կաղապար: Իհարկե, եթե երկսեռ զույգը միմյանց ձեռք բռնած փողոցով գնում է, մարդիկ խեթ չեն նայում: Բայց մարդիկ խեթ չեն նայում նաև, երբ միմյանց ձեռք բռնած գնում է միասեռ զույգը: Իսկ ավանդապահ ընտանիքներն առհասարակ իրենց զավակների միասեռ խմբերի հանդիպումները` տղաները տղաների հետ, աղջիկները` աղջիկների հետ, գերադասում են երկսեռ խմբերի հանդիպումներից: Բայց ցանկացած զույգ, ով հանրայնորեն ցուցադրում է փոխադարձ սեռական քնքշանք, առաջացնում է խուլ, երբեմն էլ` բացահայտ դժգոհություն: Այս խնդիրը իրավունքի կարգավորելիք չէ, սա մշակութային խնդիր է:

-Ինչպե՞ս կարելի է հասնել միասեռականների հանդեպ թեկուզև նվազագույն հանդուրժողականության: Սա զուտ մշակութայի՞ն խնդիր է, թե նաև իրավական կարգավորում է պահանջում:

-Տեսեք` ժամանակակից մարդիկ ընտանիք կազմում են զույգերի համաձայնությամբ, Հայաստանում նաև` նրանց ծնողների որոշմամբ: Իրավունքի նորմը պահանջում է ընտանիք կազմող զույգի որոշում, բայց բոլորիս է հայտնի, որ ընտանիքները միշտ չէ, որ կազմվում են զույգերի որոշումով: Այդ կարգի ընտանիքներում կարող են լինել ամուսնական զույգի` միմյանց սեռապես չհանդուրժելու դեպքեր: Այս կարգի իրավիճակները չեն բարձրաձայնվում, բայց դրանք ծնում են ներընտանեկան լարվածության և բռնության տարատեսակ դրսևորումներ: Արդյոք այս կարգի ընտանիքներ չե՞ն վերը հիշված իմ ծանոթների ծնողների դեպքերը: Արդյոք հենց նրանց ծնողները սեռական անհամատեղելիություն չե՞ն ունեցել` չգիտեմ: Սրա մասին Հայաստանում որևէ քննարկում, որևէ ուսումնասիրություն չկա, կամ գոնե ինձ հայտնի չէ, հանրային ընկալման մեջ նույնիսկ այդ կարգի անառողջ ընտանիքների գոյությունը հասարակական կյանքի պրոբլեմ չեն համարվում:

Իրավական նորմը կարգավորված է, պարտադրվող կողմը կարող է իր կամքին բռնանալու դեպքում դատարան դիմել, բայց հասարակական մշակույթը կարող է տարբեր լինել: Որքան գիտեմ` ծնողների/խնամակալների կամքով ամուսնացողները դատարանի միջոցով չեն փորձում փոխել իրերի կացությունը: Փոխելու դեպքում էլ սովորաբար խոսվում է բնավորությունների անհամատեղելիության կամ ընտանեկան բռնության մասին: Այսինքն` նրանց և առհասարակ ամուսնական զույգերի սեռական նախասիրություններն ու ընտանեկան համաձայնության պրոբլեմները հանրային քննարկման թեմա չեն: Ընդունված չէ: Հնարավոր է, որ նույնիսկ սեքսոպաթոլոգները չգիտեն իրավիճակը Հայաստանում, զույգերը հազիվ թե նրանց դիմում են: Սա կրկին նշանակում է, որ հանրությունը նորմալ չի համարում սեռական նախասիրությունների, համատեղելիության և այլ այս կարգի հարցերի քննարկումը: Հետևաբար, նորմալ չի համարում նաև ոչ ավանդական սեռական կողմնորոշումների մասին բարձրաձայնումը: Եվ իրավունքի նորմը չի կարող պահանջել հասարակությունից դրական կամ բացասական վերաբերվել մի երևույթի, որը հասարակության համար փակ թեմա է:

Ցանկացած հասարակություն և մշակույթ փակ թեմաներ ունի: Ենթադրվում է, որ մարդիկ իրենք պետք է լուծումներ գտնեն իրենց սեռական կյանքը կարգավորելու հարցում` հաշվի նստելով հանրային մշակույթի կաղապարի հետ, եթե ուզում են հանրության մաս լինել, կամ դիմադրել դրան` եթե պատրաստ են լուսանցքային դերերի: Սա է, կարծեմ, իրականությունը: Ոչ մի իրավունքի նորմ չի կարող հանրությանը պարտադրել բարոյականության մասին իր պատկերացումներին հակոտնյա երևույթի նկատմամբ հարգանք:

-Այդ դեպքում ո՞րն է լուծումը:

-Իմ ասածը, իհարկե, չի նշանակում, որ հանրային մշակույթում փոփոխություններ չեն կատարվում: Հարյուր տարի առաջ աղջկա ամուսնության լավագույն տարիքը համարվում էր 13-15 տարեկանը, այսօր ամոթ է համարվում այդ տարիքում ամուսնանալը, և օրենքն էլ թույլ չի տալիս: Բայց խնդիրը միայն օրենքը չի, խնդիրը այն սոցիալ-տնտեսական պայմաններն են, որոնք աստիճանաբար ազդում են մշակութային պատկերացումների վրա և փոխում դրանք: Փորձը ցույց է տալիս, որ սրա համար առնվազն երկու, երբեմն նույնիսկ` երեք սերունդ է փոխվում: Նույնիսկ մեր արագընթաց դարում: Եվրոպական մի շարք երկրների սոցիոլոգիական և մշակութաբանական հետազոտություններ վկայում են, որ աղջկա կուսության պահանջից մշակութային հրաժարման գործընթացը տևել է առնվազն քառասուն, նույնիսկ` հիսուն տարի: Ընդ որում`այն հաջորդել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որը հասարակական մեծ ցնցումների պատճառ էր դարձել, իսկ հասարակական մեծ ցնցումներն արագացնում են օրակարգերում ուրվագծվող հանրային մտածողության և մշակույթի փոփոխությունները:

-Որքանո՞վ է առհասարակ այդ համայնքի իրավունքները մեզանում պաշտպանված:

-Ինչ վերաբերում է միասեռ զույգերին, ապա նրանք ներկայումս չեն կարող ակնկալել, որ օրենքի իմաստով իրավունքը կկարգավորի իրենց նկատմամբ հասարակության նույն մշակութային վերաբերմունքը, ինչ ակնկալում է ստանալ ավանդական երկսեռ ամուսինների ընտանիքը: Սա նույնպես իրավունքի կարգավորելիք հարց չէ: Իրավական նորմը չի կարող երիտասարդների ծնողներին, հարազատներին, ծանոթներին, հասարակությանը հարկադրել հարգանք ցուցաբերել միասեռ զույգի նկատմամբ, եթե ծնողները, հարազատները, ծանոթները հավանություն չեն տալիս այդ միությանը: Իրավական նորմը կարող է միայն դատապարտել նրանց նկատմամբ բռնությունը: Իսկ բռնությունն անձի նկատմամբ արդեն իսկ իրավական նորմով կարգավորված է: Կրկին հանգում ենք նրան, որ միասեռականների իրավունքների ոտնահարման հարցը չքննարկված, չդասակարգված, բայց նախևառաջ մշակութային հարց է:

-Այս անհանդուրժողականությունը որևէ կերպ հնարավո՞ր է փոխել։ Առհասարակ, «Ոսկե ծիրանի» պարագայում արդյոք սա գրաքննություն չէ՞ կինեմատոգրաֆի նկատմամբ:

-Հասարակությունը չի հանդուրժում ոչ թե նրանց գոյությունը, այլ սեռական կողմնորոշման ցուցադրությունը: Բայց, կրկնում եմ, հասարակությունը չի հանդուրժում որևէ սեռական կողմնորոշման հանրային ցուցադրություն: Մենք պետք է քննարկենք այլ հարց` նորմա՞լ է սեռական կողմնորոշման հանրային ցուցադրությունը: Որքան հասկանում եմ կամ ծանոթ եմ նյութերին` սեռական հակումների և սեռական ցանկության ցուցադրությունը անպարկեշտ է համարվում համարյա բոլոր քաղաքակիրթ մշակույթներում: Ցանկասիրության ցուցադրությունները անպարկեշտ չեն դիտվում միայն հասարակության զարգացման ցածր մակարդակի խմբերում:

Միասեռ զույգի իրավունքն այստեղ դեմ է առնում ընտանիքի պաշտոնական գրանցմանը: Ընտանիքի պաշտոնական գրանցումն իր հերթին, որքան ես գիտեմ, իրավական հարթություն է տեղափոխում ընտանիքի անդամների իրավական փոխհարաբերությունների հարցը` միմյանց հանդեպ պարտավորությունները, ընտանիքի համատեղ կամ առանձին սեփականության նկատմամբ իրավունքները, երեխաների նկատմամբ պարտավորություններն ու իրավունքները և այլն: Այսինքն` իրավական նորմը կարգավորում է ներընտանեկան իրավունքների և պարտավորությունների հարցերը: Սա՞ է, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողները պահանջում են: Այսինքն` նրանք պատրաստ են հանդուրժել իրենց ընտանիքի հանրային մերժումը` ընտանիքի իրավական ճանաչման դիմա՞ց: Ինձ ծանոթ հայաստանյան մշակութային իրականությունում սա բերելու է կրկնակի մերժման իրավիճակ: Այսինքն` եթե ընկերները, հարազատները, հարևանները, ազգականները պատրաստ են աչք փակել մարդկանց սեռական ոչ ստանդարտ հակումների առաջ և նրանց, օրինակ, հյուր հրավիրել կամ այցելել և այլն, ապա իրավական ընտանիք կազմելուց հետո դա կարող է նաև դադարել: Մարդիկ խուսափում են շփվել նաև «սիրեկանի» հետ այցելողներից, դա անպարկեշտ է համարվում:

Այսպես թե այնպես, ես պատրաստ չեմ մասնակցել մի քննարկման, որի նյութը հստակ չէ, որն ուսումնասիրված չէ:

Մանե Հարությունյան

MediaLab.am